Նկարագրություն:
Այս բերդի մասին գերմանացի Ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ մի շինվածք է՝ այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու»:
Սա բուն հին Դարույնք բերդն է, որը մի ժամանակ Բագրատունի իշխանների ոստանն էր: Հնագույն ժամանակներից մինչև Vդ. Դարույնքը մտել է արքունի կալվածքների մեջ, եղել է զորանոց և գանձանոց: Հայտնի է նաև Դարոյնք, Դարօնք, Դարունից բերդ անուններով:
Գտնվում է Մասիսից հր-արմ, Ծաղկանց (Ալադաղ) լեռների մի ճյուղի՝ Թոնդուրեկ լեռան հս լանջերին, մոտ 1900 մ բարձր վրա: Բերդը կառուցվել է քաղաքի հյուսիսային կողմում, Կոնատիկ գետակի ափին, Անտոնի դար կոչվող սեպաձև լեռան կատարին, ամրացվել հզոր պարսիսպներով, աշտարակներով ու մարտկոցներով: Բերդի հնության մասին են վկայում պարսպին պահպանված քրմապետի, արքայի և առասպելական կենդանու բարձրաքանդակ պատկերները (մ.թ.ա. VIII-VIIդդ.):
Արշակունիների անկումից (428թ.) հետո Դարույնքը անցել է Բագրատունիների նախարարությանը, դարձել նրանց իշխանանիստ և եպիսկոպոսանիստ կենտրոնը, ինչպես նաև՝ տոհմական դամբարանը («բնիկ հանգստարան»): Աշոտ Ա Պատրիկը 685թ. ճանաչվել է Հայոց իշխանապետ, Դարույնքում հիմնել է Ս.Ամենափրկիչ եկեղեցին:
Այնուհետև Դարույնքը անցել է Բագրատունիների կրտսեր անդամներին` պայազատներին: Այդ պատճառով հետագայում Դարույնքը հաճախ անվանվել է Պայազատյաց բերդաքաղաք կամ Պայազատ, որից և առաջացել է Բայազետ բարբառային անվանումը:
Աղբյուր` Հայկական սովետական հանրագիտարան, Հատոր 3
Հ.Գ. Բերդի դռան մոտ կա նաև մզկիթ, քիչ ներքևում հոյակապ պալատ, որը կառուցվել է 18-րդ դ վերջին, հայ ճարտարապետի ձեռքով: Իսահակ փաշայի պալատը ժամանակին համարվել է Թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը: