• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի տիեզերագիտական ճամբար մեկնած խումբն արդեն Հայաստանում է

 

Իզմիրի տիեզերագիտական ճամբար մեկնած խումբն արդեն Հայաստանում է:

Իզմիր-Գյումուլդուր-Սեբաստիա-Էրզրում-Սարիղամիշ-Կարս-Անի-Ախլցխա-Նինոցմինդա-Բավրա-Գյումրի- Երևան երթուղով ավարտվեցին 12ճամբարային օրերը:

Խումբը կազմված էր 10 սովորողից: Երեխաները վեց օր անցկացրեցին Իզմիրի տիեզերագիտական ճամբարում: Նրանց ճամբարային առօրյան շատ լավ էր կազմակերպված, բոլոր օրերը շատ հագեցած էին՝ անընդհատ դասեր, հետաքրքիր խաղեր,փորձեր, հրթիռների բացթողում և այլն:Նրանք այնքան զբաղված էին լինում ողջ օրվա ընթացքում, որ միայն երեկոյան էին ազատ ժամանակ ունենում:
Այս նախագիծը սովորողների համար շատ լավ հնարավորություն է զարգացնելու անգլերենը, սովորելու մասնակից երկրների լեզուները, ներկայացնելու Հայստանն ու Կրթահամալիրը, ծանոթանալու այլ երկրների մշակույթին:
Ցուցադրությունների օրը մենք հանդես եկանաք ազգագրական պարով, որը ոգևորեց բոլորին, ներկայացրեցինք մեր Կրթահամալիրի մասին պատմող տեսահոլովակ, ինչը զարմացրեց մասնակիցներին, որ Հայաստանում կա նաման ուսումնական հաստատություն:
Կրթահամալիրի սովորողները  բոլոր դասերի ժամանակ իրենց շատ լավ են դրսևորել, ակտիվորեն մասնակցել են և պատվոգրերի հանձնման ժամանակ լրացուցիչ անվանակարգեր ստացան:
Իզմիրյան վեց օրերին հաջորդեց ճամփորդությունը դեպի Գյումուլդուր ծովափ: Այստեղ անցկացրեցինք մեկ օր. սովորողները լողացին ու խաղացին, մի լավ լիցքաթափվեցին:
Առջևում երկար ճանապարհն էր դեպի Սեբաստիա: Մի ամբողջ գիշեր ճանապարհին էինք: Անցնում էինք տարբեր քաղաքներով՝ լուսավոր ու հարթ ճանապարհներով: Ահա Սեբաստիայում ենք: Մեզ դիմավորեց Երվանդը: Նա հայ էր, բայց ծնվել  և մեծացել էր Թուքիայում: Երվանդը ուղեկցեց մեզ Սեբաստիայի տեսարժան վայրեր՝ մզկիթներ, հին հայկական, բայց վերափոխված փողոց, ապա հայկական գերեզմանատուն, որտեղ նաև նրա նախնիներն էին թաղված:
 Սեբաստացիները Սեբաստիայում էին: Դա շատ ոգևորիչ էր մեզ համար, պարտավորեցնող…
Դե ինչ, ցտեսություն Սեբաստիա, Սարիղամիշ դիմավորիր մեզ: Գնալով ճանապարհը դժվարանում էր՝ դաշտավայրը փոխվեց սարահարթի, ապա լեռների: Որքան բարձրանում էինք կլիմայական պայմանները փոխվում էին: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք. ահա մեզ ուղեկցում է անձրևը, որը մեղմում է տապը: Սարիղամիշում մեզ մնալ չհաջողվեց և ստիպված էինք արագ փոփոխություն կատարել ծրագրում . տեղավորվեցինք  Կարսի հյուրանոցում:
«Կարծես Գյումրին լինի չէ՞»,- բացականչեց սովորողներից մեկը: Այո՛,  նույն ճարտարապետական ոճը, նույն կլիման, բայց այն բնակեցված է քրդերով ու Ադրբեջանցիներով: Այստեղ նույնիսկ «Ղարաբաղ» հյուրանոց կար, որը պատկանում էր Ադրբեջանցիներին:
Մեր հաջորդ կանգառը Անին էր: Նույնպես շատ սպասված: Շրջեցինք, ծանոթացանք, փոքր ինչ տխրեցինք, որ այդքան մոտ է Հայստանը, իսկ մենք ստիպված ենք անցնել Վրաստանի միջով:Այնքան ոգևորիչ էր, որ մի իտալացի զբոսաշրջիկ գիտեր հայոց պատմությունը, և ասաց, որ սա էլ է Հայստանի մի մասը եղել, և հիացած էր Անիով, ու նա էլ մեզ պես ստիպված էր Հայաստան գալ անցնելով Վրաստանով:
Դե կեսգիշերին արդեն Երևանում էին:
Այս ճանապարհորդությունը իր տեսակի մեջ յուրօրինակ է: Սա մի հսկայական շրջագայություն էր՝ Մալաթիա, Մուշ, Արածանի գետ և Սուլուխի կամուրջ, Իզմիր, Գյումուլդուր լողափ, Էրզրում, Սեբաստիա, Սարիղամիշ, Կարս, Անի:
Սովորողները միաժամանակ եղան Թուրքիայի Ասիական և Եվրոպական հատվածներում, տեսան Ասիան Եվրոպայից բաժանող ծովերից մեկը՝ Էգեյան ծովը: Կարողացան տեսնել եվրոպական  ու ասիական հատվածների մշակութային ու էթնիկական տարբերությունները:
Մասնակցեցին միջազգային ճամբարին, ձեռք բերեցին նոր ընկերներ, ներկայացրեցին Հայաստանը:
Ճամփորդությունը նախապես մանրամասն պլանավորված էր, և ամբողջ ընթացքում փորձել ենք չշեղվել ծրագրից: Ճամբարային օրերը անցել են առանց տհաճ միջադեպերի ու անակնկալների: Սովորողները հիացած էին իրենց անցկացրած օրերով:
Կարծում եմ՝ դեռ շատ երկար կհիշեն ու կպատմեն այս ճամբարի մասին: