• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

7 տարի է արդեն` գործում ԼՂՀ ԿԳՆ և ՊԲ համատեղ կազմակերպված ճամբարը

- Ինչպե՞ս ծնվեց  միտքը այսպիսի նախագիծ իրագործելու։

- 7 տարի է արդեն` գործում ԼՂՀ ԿԳՆ և ՊԲ  համատեղ կազմակերպված ճամբարը: Արցախում երեխաները չունեին հանգստի հարմարավետ պայամաններ, և որոշվեց իրագործել նմանատիպ գաղափար: Մենք սա անվանում ենք ամառային հանգիստ, քանի որ ճամբարը ռազմամարզական լինելով հանդերձ՝տարբերվում է բանակի հագեցած գրաֆիկից: Առաջին տարին ճամբարը գործում էր զորամասի ենթակայության տակ, այժմ այն գործում է զորամասի մեջ, բայց ԿԳՆ ենթակայության տակ է: Ճամբարը պարտադիր է 10-րդ դասարանն ավարտած արցախցի բոլոր պատանիների համար: Այն ներառում է երեք հերթափոխ:
Արդեն չորրորդ տարին է` ճամբարին մասնակցում են Ձեր կրթահամալիրը և լիբանանահայերի մի խումբ` յուրաքանչյուր տարի:

- Ճամբարն ի սկզբանե ունեցե՞լ է ռազմամարզական ուղղվածություն, թե՞ ընթացքում է որոշվել տալ միայն այդպիսի ուղղվածություն։

- Ճամբարը հիմնադրման օրվանից ունեցել է նման ուղղվածություն և ստեղծվել է այդ նպատակի համար, այս յոթ տարիների ընթացքում շատ քիչ բան է փոխվել:

- Դուք ինքներդ «Ասպետ» ճամբարի ազդեցությունն զգացե՞լ եք ճամբարի մասնակիցների վրա։

- Իհարկե, ես ինքս գործող զինղեկ եմ և տեսնում եմ, թե այս ճամբարին մասնակցելուց հետո սովորողների մոտ կարգապահական ինչպիսի աճ է գրանցվում։ Բացի կարգապահությունից, նրանք յուրացնում են նաև խմբային աշխատանքի մի շարք սկզբունքներ:

- Հետագայում նախատեսո՞ւմ եք փոփոխություններ ճամբարի կառուցվածքում կամ բովանդակության մեջ։

- Առանձնակի փոփոխությունների կարիք մենք չենք տեսնում, և չեմ կարծում, թե էական փոփոխություններ կլինեն: Իհարկե, յուրաքանչյուր ճամբարի ավարտին ունենում ենք քննարկումներ այն մասին, թե ո՛ր բաղադրիչն աշխատեց, որը ոչ, և ինչպես անել, որ ճամբարն ավելի կազմակերպված դառնա:

- Հե՞շտ է 10 օրվա ընթացքում աշակերտներին պատրաստել ապագա ծառայության։

- 10 օրվա ընթացքում՝ իհարկե ոչ, մինչ պատանին հարմարվում է, սկսում են միմյանց ճանաչել, կազմում են խմբեր, սովորում են որոշ վարժություններ, մասնակցում են շարային պարապմունքներին, քիչ ժամանակ է մնում մնացյալ բաղադրիչների համար: Լավ կլիներ, որ ճամբարը լիներ մի փոքր ավելի երկար: Բայց այստեղ կան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ նաև ֆինանսավորման խնդիրը:

- Սովորողների հետ հարաբերվելիս ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպում, կամ ի՞նչ խնդիրներ ունի ճամբարն ընդհանրապես։

- Խնդիրներ, իհարկե, կան: Նախ և առաջ՝ կառանձնացնեմ կարգապահության խնդիրը, որը մենք շատ արագ փորձում ենք կարգավորել: Ճամբարի գլխավոր նպատակներից է նաև եռամիասնության գաղափարի հաստատումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Ունենալով մասնակիցներ երեք կողմից էլ՝ մենք փորձում ենք բարձր մակարդակի վրա դնել միջանձնային հարաբերությունները: Զուտ ճամբարի խնդիրների առումով՝ կուզենայինք, որ վոլեյբոլի դաշտն ավելի լավը լիներ, ու ունենայինք մեր սեփական լողավազանը, որպեսզի կարիք չլիներ հարակից լողավազաններից օգտվել:

Հարցազրույցը վարեց Վահե Պապոյանը: