Օր1
Վաղ առավոտյան (6:00) Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Ախալցխայում կարճատև հանգստից և մի դպրոց այցելելուց հետո կմեկնենք վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կանցնենք Արսեան կոչվող գեղեցիկ լեռների և անտառների միջով մոտ 160 կմ և կհասնենք Կարս` Հայոց 10-րդ մայրաքաղաք (928թ.): Կարսում շրջայց կկատարենք, կտեսնենք Վարդանի միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի հայրական տան ավերակը, Սբ. Առաքելոց եկեղեցին (928-953թթ), Կարսի բերդը, որը ժամանակին հայոց մայրաքաղաքի միջնաբերդն էր` Բագրատունիների թագավորանիստը:
Գիշերակացը`Սարիղամիշի հյուրանոցում:
Օր2
Առավոտյան (7:30) կուղևորվենք դեպիՎան: Իգդիրից Դողուբայազիթ (Բայազեդ) քաղաք տանող ճանապարհին կտեսնենք Արարատ լեռը հակառակ (հարավային) կողմից: Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռնաշղթա)` մենք կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Վանում կայցելենք ուրարտական Տուշպա-Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Հասնելով լիճ` կնավարկենք դեպի Աղթամար, ուր գտնվում է Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Կհամտեսենք հայտնի Վանա տառեխ ձուկը, որը լճում ապրող միակ ձուկն է: Կվերադառնանք քաղաք, որը Աղթամարից 45 կմ հեռավորության վրա է, կշրջենք Վանում, կտեսնենք նշանավոր Այգեստանը:
Գիշերակացը` Վանի Semira հյուրանոցում:
Օր3
Առավոտյան Վան քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա Ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Վանից հետո կուղևորվենք դեպի Բայազետ: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի (Մուրադիյե) ջրվեժի մոտ: Ժամանելով հին Բայազետ` կտեսնենք Արշակունյաց Դարոյինք անառիկ ամրոցը (1-5-ր դդդ.), կայցելենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-18-րդ դդ.). մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Այստեղից կմեկնենք առասպելական Անի, (9-11-րդ դդ.)` հազար ու մի եկեղեցիների քաղաք: Շրջելով Անիում` կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, շքեղ տաճարներ`(Մայր Տաճար (989-1001թթ.) , Սբ. Ամենափրկիչ (1035թ.), Տիգրան Հոնենց, Գագիկաշեն (1001-1020.), Սբ. Առաքելոց, Աբուղամրենց Սուրբ Գրիգոր և պալատներ, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել:
Գիշերակացը` Կարսի Sim Er հյուրանոցում:
Օր4
Մինչ վերադառնալը կլինենք Արդահանում, որը գնվում է Քուռ գետի վերին հոսանքում` պատմական Գուգարք աշխարհի համանուն գավառում: Այստեղի հինավուրց բերդը եղել է հայ, ապա վրաց Բագրատունիների տիրույթ, 16-րդ դարից անցել է օսմանցիների ձեռքը, իսկ 19-րդ դարում այն գրավել են ռուսները: Արդահանից դուրս գալով` կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ախալցխայով և Ախալքալաքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կանցնենք Գյումրիով և երեկոյան կժամանենք Երևան(20:00-22:00):