Շոթա Ռուսթավելու ֆոնդի էլեկտրոնային բազայում Վրաստանի հանրային եւ մասնավոր ուսումնական հաստատությունների կողմից գրանցված 299 նախագծից հանձնաժողովը, ցուցադրման համար, ընտրել էր 36-ը, որին ավելացավ Հայաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի աշակերտների կողմից ստեղծված 8 նախագիծ: Աշխատանքները վերաբերում էին ֆիզիկայի, քոիմիայի, կենսաբանության, աստղագիտության առարկայական ուղղություններին, նաեւ՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ինժեներական բնագավառներին:
Բոլոր նորարարական աշխատանքները զետեղված էին «Էքսպո Ջորջիա» ցուցասրահի տաղավարներում: Գնահատելով հորինված գործերը՝ հանձնախումբը մրցութային տեղերը բաժանեց հետեւյալ կերպ՝ «Գրանպրի» անվանակարգում հաղթողին տրվեց արտասահմանյան ուղեգիր՝ ուսումնա-ստեղծագործական շրջագայությամբ, առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար՝ 5 հազար լարի եւ նոութբուք, երկու երկրորդ տեղերը զբաղեցնողներին՝ 3000-ական լարի, նոութբուք, երկու երրորդ հորիզոնականները նվաճածներին՝ 2000-ական լարի, նոութբուք, տարբեր անվանակարգերի համար՝ «Բիլայն» ընկերությունը պարգեւատրեց բջջային հեռախոսներով:
Ցուցադրված աշխատանքներն այնքան ուշագրավ էին, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Խատիա Դեկանոիձեն դրանց մասին իր ելույթում հիացմունքով ու գոհունակությամբ արտահայտվեց եւ շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, մաղթեց նորանոր ձեռքբերումներ:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատվիրակության կազմում էին Կոմիտաս Օդաբաշյանը, Դավիթ Աբգարյանը, Վահե Ղարիբյանը, Արարատ Միդոյանը՝ Լեւոն Արամյանի եւ Սերգեյ Բրուտյանի ղեկավարությամբ: Վահե Ղարիբյանի եւ Արարատ Միդոյանի ուժերով պատրաստված արեգակնային ֆիլտրի եւ սիրողական աստղադիտակի միջոցով կարելի է չափել արեգակի ակտիվությունը, որը օգնում է մարդկանց զերծ մնալու արեգակնային ակտիվության հետեւանքով առաջացող հնարավոր խնդիրներից: Հենց այս աշխատանքն էլ գրավեց մրցանակային 2-րդ տեղը:
Մեզ մնում է շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը՝ ի դեմս նախարար պարոն Արմեն Աշոտյանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, համալիրի մանկավարժներին, մեր շնորհալի, բանիմաց ու խելացի սաներին եւ նրանց ծողներին, միջոցառմանը արձագանքելու եւ փայլուն մասնակցություն ցուցաբերելու համար:
Թող այս գեղեցիկ, մտերմիկ ու բարեկամական կապն ու համագործակցությունը, որ ստեղծվել է մեր երկու նախարարությունների միջեւ եւ, որը հատկապես վերջին տարիների ընթացքում նոր լիցք ու թափ է առել, է՚լ ավելի խորանա ու մերձենա՝ ի շահ մեր երկու երկրների եւ ժողովուրդների:
Աղբյուրը` http://www.vrastan.ge