Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 2010թ. ապրիլի 27-ի նիստում
Ուսումնական պլանների ընդհանուր պարզաբանումներ
1. Ուսումնական պլանը «Ավագ դպրոց» ուսուցողական ծրագրի հավելվածն է:
2. Խորացված ուսուցման դասարանները գործում են կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանում, գեղարվեստի ավագ դպրոցում, արհեստագործական ավագ դպրոցում:
3. Ուսումնական տարին սկսվում է 2010թ. օգոստոսի 27-ին, ավարտվում է 2011թ. հունիսի 30-ին: Ուսումնական տարվա ընթացքում տրվում են արձակուրդներ ԿԳ նախարարության սահմանած ժամանակացույցի համաձայն:
4. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:
5. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը, որպես կանոն, հատկացվում են ուսումնական ճամփորդություններ, ակումբային գործունեություն, ուսումնական հասարակական նախագծեր, ուսումնական ստուգատեսներ, խորհրդատվություններ, սովորողների գիտելիքների ստուգումներ, լրացուցիչ կրթություն կազմակերպելուն:
6. Ուսումնական օրը սկսվում է ուսուցողական ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված ծեսերի և տոների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
7. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ:
8. Ավագ դպրոց ընդունվում են ընդհանուր հիմնական կրթություն ունեցողները, ովքեր ծնողների հետ ընտրում են կրթահամալիրում իրականցվող մանկավարժությունը, որևէ խորացված ուսուցում, և ծնողները սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին:
9. Ավագ դպրոցում դասարանի միջին խտությունը 20-25 սովորող է: Ծրագրի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենը կարող է թույլատրել պակաս խտություն ունեցող դասարանների գործունեությունը` ծրագրի ոչ բյուջետային միջոցների ներգրավմամբ:
10. Գնահատումը կատարվում է կիսամյակներով և տարեկան: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, օլիմպիադաներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Առանձին դասընթացների համար դրանց ծրագրերով նախատեսված կարգով գործում են գնահատման այլ ձևեր: Առանձին առարկաներից և դասընթացներից սովորողի ուսումնառության արդյունքները սահմանված կարգի համաձայն ստուգվում և գնահատվում են կրթահամալիրի քննական կենտրոնի կողմից` դրանց ծրագրերով նախատեսված բովանդակությամբ:
11. Ավագ դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն, վրացերեն:
12. Կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված ծեսերի և տոների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
13. Ավագ դպրոցի սովորողն ուսումնառության ընթացքում օգտագործում է օտար լեզուները, անհատական համակարգիչը և ինտերնետը, ինտերակտիվ գրատախտակը, թվային այլ միջոցներ: Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է: Ուսումնական առաջադրանքները և պատասխանները կարող են ներկայացվել էլեկտրոնային տեսքով:
14. «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» դասընթացների կամ ինտեգրված դասընթացի տեսքով:
15. «Էկոլոգիա» առարկայի դասընթացը կազմված է առանձին բովանդակային մոդուլներից, որոնք ներառում են «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների առանձին բաժինների ուսուցում. կազմակերպվում է լաբորատոր պայմաններում` գործնական աշխատանքով, ՏՀՏ օգտագործմամբ:
16. «Հասարակագիտություն» առարկան կազմված է գեղագիտության, բարոյագիտության, հոգեբանության, տնտեսագիտության, իրավագիտության, քաղաքագիտության, փիլիսոփայության դասընթացներից:
17. ՆԶՊ առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացներից, կազմակերպվում է սահմանված կարգով:
18. «Ֆիզկուլտուրա» առարկան սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին շաբաթական երկու անգամ` 60 րոպեով:
19. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների բաղկացուցիչն են:
20. Դեկտեմբերին և հունիսին սովորողների ուսումնական գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է ստեղծագործական-հետազոտական ճամբարների ձևով: Սովորողները մասնակցում են ձմեռային և ամառային օլիմպիադաներին: Ուսումնական տարվա ընթացքում, ըստ սահմանված կարգի և ժամանակացույցի, սովորողը մասնակցում է ստուգատեսների:
21. Սովորողը ուսումնական տարվա ընթացքում մեկ շաբաթ սահմանված կարգով մասնակցում է մասնագիտական փորձառության:
22. Ուսումնական գործընթացի արդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը տեղադրվում են կրթահամալիրի կայքում, հեռարձակվում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին: Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, հաշվետու հավաքներում:
23. Սովորողները սահմանված կարգով ներգավվում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը:
24. Ուսումնական պլանի և դասընթացների կատարողականը սահմանված կարգով արտացոլվում է դասավանդողների և սովորողների ամսական, ուսուցողական ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային հաշվետվություններում:
25. Ուսումնական տարվա ընթացքում խորհրդատվությունների, հեռավար (անընդհատ) ուսուցման ստացումը սովորողի ուսումնական ծանրաբեռնվածության մեջ չի մտնում: Այդ ժամանակը հաշվառվում է դասավանդողի աշխատանքային ռեժիմում:
26. Սովորողները և դասավանդողները պարտադիր ինքնասպասարկման աշխատանքներին` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք, մասնակցում են սահմանված կարգով: Այդ աշխատանքները ուսումնական բեռնվածության մաս չեն կազմում:
27. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերում փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: