• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Չարենցը շատ լավ էր ասում` «Թաղել է պետք բոլոր մեռելներին»»

Լուսինե Ստեփանյանի հարցազրույցը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ

168 ժամ

 

Վերջերս հոգեբանները, ինչպես նաև` որոշ մտավորականներ, շատ են խոսում համացանցի, մասնավորապես` սոցիալական ցանցերի վտանգավորության մասին: Հատկապես ասում են, որ մարդը ենթագիտակցորեն երկատվել և ապրում է երկու իրականությունների մեջ: Ժամանակակից հայ գրողներից մեկը մեզ հետ հարցազրույցում նույնիսկ կարծիք հայտնեց, որ եթե մի օր այնպես ստացվի, որ, ասենք` վթարի պատճառով համատարած ինտերնետ չլինի, ապա ողջ աշխարհը կհայտնվի փսիխոզի մեջ` մարդիկ պարզապես կխելագարվեն: Հասարակական տարբեր թեմաների շուրջ փորձեցինք զրուցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ:

- Պրն Բլեյան, հոգնեցինք քաղաքական թեմաներից, եկեք մի քիչ խոսենք մարդու մասին:

- Հակառակը, դուք առաջարկում եք քաղաքական խոսակցություն, որի կենտրոնում մարդը պիտի լինի:

- Մարդու մասին խոսակցությունը համարում եք քաղաքակա՞ն խոսակցություն:

- Ամբողջ քաղաքական համակարգի կոչումը դա չէ՞ ծառայել, օգնել մարդուն: Իրականում դա է, բայց քաղաքական համակարգի բացակայություն կա մեզանում: Եթե մենք քաղաքական լինեինք` բոլոր կրթական, իրավական, տնտեսական համակարգերը գործեին, ապա անպայման կենտրոնում կլիներ մարդը: Այնպես որ, եկեք քաղաքական խոսակցություն տանենք մարդու մասին:

- Ասում են` մարդն այսօր երկատվել է, քանի որ վիրտուալ իրականության մեջ «կառուցել» է իր երկրորդ ես-ը: Եվ, որ վիրտուալ իրականությունն իր օրենքներն է թելադրում` «սրբագրելով» մարդու արժեքային համակարգը:

- Վատ եմ պատկերացնում ձեր մատնանշածը, որովհետև ես որքան էլ գործածեմ ինտերնետը, միևնույն է, այդ սերունդը չեմ: Էդպիսին, հավանաբար, իմ աղջիկն է` Շուշանը Բլեյանը, ով կոնսերվատորիայի 1-ին կուրսի ուսանող է, երևի, գուցե... Ինձ համար դժվար է գնահատական տալ, ես չեմ ընկալում, բայց հիշեցի Թումանյանի խոսքերը, ասում էր` «Երազ, թե իրոք, մի՞թե նույնը չէ»:

Այն ժամանակ կարող է` կանխազգում էր Երազի աշխարհը, այդ առցանց կամ վիրտուալ աշխարհը նորմալ երևույթ է: Ես բացարձակ տարբերություն չեմ տեսնում այս նյութական աշխարհի, որի մեջ ապրում ենք, և առցանց աշխարհի միջև: Միշտ է այդպես` քաղաքակրթություն, մարդկության զարգացման գործիքներ, միջավայրի փոփոխություն. և առաջանում են սովորական հերթական վտանգները, որոնք, կարծում եմ, մարդկությունը հաջողությամբ հաղթահարում է: Վտանգներ միշտ էլ լինում են:

Իսկ ավտոմեքենան իր հետ վտանգներ չի՞ բերում, փողոցն անցնելն անվտա՞նգ է, օդանավը վտանգ չի՞ բերում, կամ գրիչը, տպագիր խոսքը: Կա ճանապարհ, որն անցնում ես, և կան վտանգներ: Ինտերնետը պահանջ էր` առաջացավ, որովհետև միասնականացման աշխարհում մարդիկ ապրում են, և ճիշտ հակառակը` այն պիտի օգնի մարդկանց համախմբմանը` իրար ավելի լավ ճանաչելու, այդ սահմանները ջնջելու, որպեսզի ազգերը, լեզուները չդառնան պատերազմի անջրպետներ կամ հրահրիչներ:

Որպեսզի մարդիկ հեշտ հարաբերվեն, հեշտ ճանաչեն, թյուրիմացությունը հաղթահարեն: Ինտերնետը համարում եմ մարդու, անհատի մեծ ուսուցիչը: Շնորհիվ ինտերնետի` մարդն ազատագրման, ինքնակրթության, իմանալու, ճանաչելու հնարավորություն ունի, և տեսնո՞ւմ եք, թե գիտելիքի, սովորելու ի՞նչ հնարավորություն է ստեղծվել: Այլ խնդիր է, եթե ինտերնետն ուրիշ բանի ես ծառայեցնում: Ղազարոս Աղայանը տաղանդավոր ձևակերպում ունի` «Նույն նյութից` նեկտարից, մեղուն մեղր է սարքում, օձը` թույն»:

- Դուք հիմնականում անդրադարձաք համացանցի դրական կողմին: Ես խոսում եմ սոցցանցերի թելադրած նոր կանոնների վտանգավորության մասին: Բնականաբար, Դուք հասուն մարդ եք, և Ձեզ փոխելը հեշտ չէ: Բայց երիտասարդության զգալի մասը հիմա վիրտուալ իրականության մեջ ապրում է հնարավորինս տպավորություն թողնելու մոլուցքով: Այսինքն` կա մի իրականություն, որտեղ արժեքային համակարգը ձևավորվում է թողած տպավորություններով: Օրինակ, ավելի կարևոր է դարձել այն, թե տվալ մարդն ինչպիսի տպավորություն կթողնի, քան այն, թե նա իրականում ինչպիսին է, ինչպես է մտածում: Այսինքն` կան մարդիկ, ովքեր այդ տարածքում իրենց հետ իրականում կապ չունեցող մի «ես» են ստեղծում, այդտեղ իրենց ապահով են զգում և իրացնում են այդ «ես»-ը:

- Բայց լավ է, չէ՞, որ գոնե էնտեղ իրեն ապահով է զգում այդ մարդը, պատկերացրեք, եթե այսօր մարդը դա էլ չունենար:

- Բայց դա ինքնախաբեություն չէ՞:

- Ի՞նչ ասել է`ինքնախաբեություն: Պատկերացրեք` այսօրվա ձեր նկարագրած մարդուն, ու պատկերացրեք, որ ինքը փախչում է: Անունը դրեք փախուստ, մենաստան, մենություն: Պատկերացրեք` ձեր ասած մարդը դա էլ չունենար, որը, փաստորեն, մնացել էր առանց ֆիզիկական, իրական աշխարհի: Օրինակներով խոսեմ. իմ կրթահամալիրը իրականացնում է հեղինակային կրթական ծրագրեր, մեդիակրթություն` անհատի կրթական պատվեր և ստեղծողի դպրոց է:

Մեդիակրթությունը` թվային միջոցները, այդ թվում` ինտերնետը, որպես գործիքներ մարդու` սովորողի, ուսուցչի ձեռքին են: Անհատը պատվիրատու է: Ես վերադարձա քաղաքական թեմային, այն է` կրթություն, որը ծառայում է անհատին, ոչ թե հաստատությանը, պետական մարմիններին կամ իշխանությանը: Հանդես է գալիս մարդը, անհատը և ստեղծականությունը` ստեղծագործող մարդը: Ինտերնետը, թվային միջոցները, վիրտուալ աշխարհը սկսում են որպես գործիքներ ծառայել:

Մենք էլ ստեղծել ենք մեր սոցիալական ցանցը` www.mskh.am, ընդ որում, ստեղծել են սովորողներն ու ուսուցիչները: Ուսումնական սոցիալական ցանց է` իր TV-ով, ռադիոյով, լրատվությամբ: Ես ստիպված եմ օրը 2 ժամ անցկացնել այնտեղ: Ոչ թե Ֆեյսբուքում կամ մեկ այլ կայքում, այլ հենց մեր կրթական ցանցում, որովհետև հակառակ դեպքում, ես չեմ կարող ղեկավարել այդ կրթահամալիրը:

Սովորողները ստեղծեցին «Լուսաստղ» պատանեկան ամսագիրը, որը հիմա դառնում է միջազգային. Արգենտինայի, Արցախի, Ջավախքի, Վրաստանի իրենց հասակակիցների հետ գրում են, շատ հետաքրքիր փոխհարաբերությունների մեջ են, արտահայտվում են: Ես ուզում եմ նայել սովորողների, ուսուցիչների, բարձր ու միջին դասարանցիների տասնյակ բլոգները, որոնք դարձել են պարտադիր:

Դրանք շատ հետաքրքիր են, ես սկսում եմ նրանց ճանաչել, հասկանալ: Տեսե՛ք, ինչ ուրախություն է, ինչ ձեռքբերումներ ունենք, բայց այդ նույն մարդիկ ֆիզիկական միջավայրում էլ իրենց զգում են` ինչպես ձուկը ջրում: Երկուսն էլ իրական կյանք են, որովհետև նույն մարդն է` իր հաջողություններով, երազներով, ուսումնատենչությամբ, ստեղծականությամբ: Այ, իրական կյանքում կան մարդիկ, որոնք մեռելներ, ստվերներ են, չեն ապրում, չեն իրացվում, դագաղներ են, կաղապարներ են, որովհետև չեն ապրում, կենդանի, ստեղծական չեն:

- Գրողներից մեկն ասում էր` եթե այնպես ստացվի, որ մեկ օր երկիրը կամ աշխարհը հոսանքազրկվի կամ ինտերնետ չլինի, ապա մարդկանց մոտ փսիխոզ կսկսվի, քանի որ ինտերնետի հետ կապն այլևս անփոխարինելի է դարձել մարդու համար:

- Ես նման վտանգ չեմ տեսնում: Վտանգ տեսնում եմ կենդանականության, ստեղծականության մեջ: Նույն այդ ձեր ասած մարդիկ անունով են արվեստագետ, գրող, և պարզ է, որ իրենք պետք է անիծեն, որովհետև շատ լավ երևաց` ով` ով է: Անհատն ազատագրվեց, դուրս եկավ:

Օրինակ` Հովիկ Չարխչյանը, ով այնպես էլ կար, որպես գրականագետ, գրող, ու ինքը ստեղծեց իր բլոգը, իր աշխարհը, դարձավ հայտնի: Մեր պատանիները մտնում են Հովիկի բլոգը, կարդում են, հրավիրում են, ուղիղ հարաբերվում են անհատի հետ, այլ ոչ թե Գրողների միություն, չգիտեմ ինչ... Կամ Արամը Պաչյան, որին կարդում են, քննարկում են, հրավիրում, հարաբերվում են կամ նույն ուսուցչի հետ մտնում են բանավեճի մեջ: Հիմա այդ ուսուցչի ձեռքից վերցնեք գրի՞չը, գի՞րքը, շատ բան կարող եք վերցնել, բայց միտքը, սովորելու ցանկությունը հո չե՞ք վերցնի:

Ուզում եմ ասել, որ ինտերնետն ուղղված է հաստատությունից, պետական իշխանությունից ազատագրվելուն: Նաև այլևս չես կարող քո «Հայլուրով» ինձ խաբել, ես տեղեկացված եմ, այլևս «մահանա» չկա: Ես 3 շաբաթ հիվանդ եմ, ջրծաղիկ ունեմ, բայց շարունակում եմ առցանց ուսուցումը: Հիվանդությունն անգամ մահանա չէ, եթե մարդը սովորող է:

- Համացանցը, մասնավորապես` Ֆեյսբուքը մի նոր ժանր ստեղծեց` «ստատուսագրություն»: Խելոք մտքերը գրվում են սարկազմով, ցինիզմով, որը շատերին է դուր գալիս և համարվում է սրամտություն: Այդ ծաղրական ձևակերպումները տարածվում են նաև էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներով: Մենք ինչո՞ւ ենք սկսել այդքան սիրել ծաղրը:

- Անկեղծ ասած` չեմ հետևում այդ ստատուսներին: Իսկ ֆիզիկական կամ իրական կյանքում ավելի լա՞վ է: Ես չեմ թողնի, որ անընդհատ` պատնեշներ դնեք իրական ու վիրտուալ կյանքի միջև: Իրական կյանքին նայեք` մարդկանց հագուստը, պաչպչոցը, ձևը, անճաշակությունը, գռեհկությունը… Նույնն է…

Մենք իրական ազատություն չենք ունեցել, որն իր հերթին` բերում է պատասխանատվության զգացում և բարեկրթություն: Միայն ազատ մարդը կարող է բարեկիրթ լինել: Ստրուկի բարեկրթությունը ո՞րն է: Եվ հետո, ինտերնետի միջոցով շնորհքով մարդիկ սկսեցին հայտնի դառնալ, ճանաչում ստանալ:

Օրինակ, մարդը 2-րդ դասարանցի է, ու նրան ճանաչում են, իր գրածը կարդում-քննարկում են: Արդեն սկսել է «քոմենթը» ազդել` որպես անհատի կամ հասարակական կարծիք: Ինտերնետն իր հետ բերեց նոր մանկավարժություն և բացահայտեց ձեր նշած իրական, ֆիզիկական կյանքի մանկավարժության բոլոր արատները: Չարենցը շատ լավ էր ասում` «Թաղել է պետք բոլոր մեռելներին»: Մեռելներին պետք է շատ արագ հողին հանձնել, որպեսզի ծիլեր լինեն: Կյանքի, անհատի, ստեղծականության պակաս կա մեզ մոտ, և եթե որոշ գրողներ վախենում են վիրտուալ տարածքում ստեղծականությունից, ուրեմն` մտածելու բան ունեն:

- Գյուղական համայնքների դպրոցում այդ նոր մանկավարժությունը չկա, քանի որ ինտերնետ կապ, այդ թվում նաև` համակարգիչներ շատ չկան:

- Այսօր պաշտոնական տվյալներով` ինտերնետը 1400 դպրոցներում հասանելի է: Ավելի հասանելի կդառնա, եթե ինտերնետի պահանջ արթնանա: Մարդիկ պետք է պահանջեն, ասելով` տվեք ինձ այդ գործիքները, որ ձեզնից ազատվեմ: Այս նախընտրական ժամանակահատվածում այդ պահանջը թող կաշառքի ձև դառնա: Լավ բան է, չէ՞…

- Անշուշտ, բայց ինչո՞ւ տա, որ իրենից մարդն ազատվի:

- Տեսա՞ք, դուք ասացիք: Եթե իշխանությունը ծառայում է մարդուն, Հայաստանում պետք է հաստատվի քաղաքական համակարգ, այլ ոչ թե` ապաքաղաքական ու թայֆայական:

Հետևաբար, պետք է անպայման հենց գյուղական դպրոցից սկսի, միջոցները ներդնի այնտեղ, այլ ոչ թե լավագույն ուսուցչին չտեսի պես մեքենա տա: Պետք է ուսուցչին գործիքներ տա, որ նա աշխատի: Այս փոքրիկ Հայաստանում բոլորի ձեռքին պետք է արագագործ ինտերնետ լիներ, ընդ որում` հայերեն լեզվով ռեսուրսներով, սովորողի գրադարանով: Ի վերջո, առաջին պլանում պետք է լիներ ընթերցողը, իմացողը:

- Վերջերս խմբագրություն էր զանգահարել դպրոցական մի երեխայի ծնող և մեզ խնդրում էր կրթական համակարգում ներդրված մի հակասություն քննարկել կոմպետենտ մարդկանց հետ: Ասում էր` երեխան անցնում է «Կենսաբանություն» և «Հին աշխարհի պատմություն» առարկաները, որտեղ նրան սովորեցնում են դարվինյան տեսությունը, այսինքն` մարդու` կապիկից առաջանալու գիտական հիմնավորումը: Մինչդեռ վերջին տարիներին ներդրված «Կրոնի պատմություն» առարկան սովորեցնում է աստվածաշնչյան ճշմարտություններ, համաձայն որի` մարդուն ստեղծել է Աստված, ընդ որում, Ադամի, Եվայի ստեղծման հիմնավորումներով: Այդ կինն ասում էր, որ երեխան հոգեբանական հակասություն է ապրում, քանի որ այդ երեք տարբեր առարկաները նույն հարցին տալիս են բոլորովին տարբեր պատասխաններ: Նմանատիպ հարցեր Ձեր կրթահամալիրում լինո՞ւմ են:

- Պարզ է, որ մարդուն Աստված է ստեղծել, մարդն աստվածային ծագում ունի: Չեմ կարծում, թե հակասություններ կան, որովհետև նաև չեմ կարծում, որ Քրիստոս եկավ մտքի առաջ սահմանափակումներ դնելու: Ճիշտ հակառակը, ինքն ամենամեծ մտավորականը, միտք կրողն ու հեղափոխականն էր հենց մտավոր աշխարհում: Համենայնդեպս, ինձ իր օրինակով նա ոգևորել է` որպես բարեփոխիչ, ռեստավրատոր: Իրական Կտակարանը որևէ ձևով չի սահմանափակում մարդուն:

Նույն իմ ճանաչած ամենամեծ մարդկանցից մեկը` Նյուտոնը, հենց գիտության միջոցով փորձում էր այդ հաշտեցումը գտնել: Ինչ խոսք, բարդ աշխարհ է: Այսինքն, եթե Նյուտոնն էր փորձում դա անել իր հանճարով, ինչպես նաև` Պասկալն` իր փիլիսոփայությամբ, կրոնով, գիտությամբ, ուրեմն` սա մեկ օրվա բան չէ: Կարևորը` դպրոցը լինի մտքի կրթության տարածք, որ հանկարծ որևէ ձևով երեխայի միտքը չսահմանափակեն: Երեխան թող հետազոտի, թող ճանաչի:

- Այսինքն` համարում եք, որ երեխային պետք է տալ ամբողջ տեղեկատվական կամ գիտական պաշարը, ու թող ինքն ընտրի, թե ո՞րն է ճշմարիտ:

- Այո, ամեն օր ինքը ճանաչում, որոշում, իմանում, գործում, հայտնագործում է: Գիտությունը գործիքներ, մեթոդներ ու ճանապարհ է դեպի Աստված: Դա Աստծո դեմ չէ: Իրական գիտնականներն Աստծո դեմ խնդիր չեն ունեցել: Իսկ այդ ծնողն ի՞նչ է առաջարկում, դոգմանե՞ր պարտադրենք: Չի կարելի: Իսկ այդ առարկաներն անցնելիս որևէ մեկը երեխային ասում է` դու կապիկի՞ց ես առաջացել: Մենք աստվածային էակներ ենք: