• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպիսի հիմարներ են լինում: Երկրաչափական դասակարգման փորձ

 Կ.Յու.Ստարոխամսկայա
Թարգմանեց Հրայր Ղահրիյանը

Բոլոր հիմարներն ունեն մեկ ընդհանուր հատկություն. նրանք ընդունակ չեն տարբերելու գլխավորը երկրորդականից, տեղեկատվության համակարգման խնդիրը նրանց հասանելի չէ: Այդ պատճառով էլ նրանք կամ ընդհանարապես չեն կարող եզրակացություններ անել հավաքած մտքերից, կամ էլ նրանց եզրակացությունները սխալ են ու տարօրինակ, լավագույն դեպքում` դեսից-դենից փոխառած:

Արդյոք բոլոր հիմարներն են միանման:

Մտովի պատահած հիմարների գույքագրում կատարելով՝ կհանգենք եզրակացությանը, որ հիմարները տարբեր են լինում, սակայն բաժանվում են ենթախմբերի: Հնարավոր է՝ օգտակար կլինի նրանց ինչ- որ ձևով դասակարգելն ու նկարագրելը:

Կլոր հիմարը նման է ժողովրդական հեքիաթի օդապարիկին կամ պղպջակին: Նա գեր է, ուրախ և սանձարձակ: Թռվռում է բարակ ոտքերի վրա, հենց հրես՝  կգլորվի որևէ ուղղությամբ: Նրա հետ գլուխ դնելն անօգուտ է, բայց զվարճալի. նա լսում է ձեր փաստարկները, բայց դրանք հետ են թռչում՝ միայն խուտուտ տալով նրան: Նա կատարյալ է և հարթ` կառչելու տեղ չկա: Կլոր հիմարներն իրար հետ չեն հավաքվում, կողերով իրար հրելով՝ նրանք քրքջալով ցրվում են բոլոր կողմերը՝ ոտիկներով ուրախ դոփելով:
Գրական օրինակ` Մանիլով:

Լինում են քառակուսի հիմարներ: Հիմնավոր և անշարժ, ինչպես պահարանը: Եվ նույն չափով ընկալունակ ուրիշների փաստարկների նկատմամբ: Նրան տեղից շարժելը շատ դժվար է: Նա անկյունավոր է և անհողդողդ: Ձեր փաստարկները նա մռայլված լսում է, բայց փաստարկները նրա մեջ չեն թափանցում: Բազմօրյա և երկարամյա վեճի վերջում նա գտնվում է այն նույն տեղում, որտեղ սկզբում էր, ձեր բոլոր փաստարկներն ու ապացույցները բախվում են նրա մոնոլիտությանը: Քառակուսի հիմարները միմյանց հետ լավ հոծ պատեր և պաշտպանական շինություններ են կազմում, նրանցից նաև հիանալի աստիճաններ են ստացվում, որոնցով վերև են բարձրանում ճարպիկ կարիերիստները, ֆյուրերներն ու առաջնորդները:
Գրական համարժեքը` Սոբակևիչ:

Եռանկյունի հիմարը բազմատեսակ է: Նա սուր անկյուններ և ներքնաձիգ ունի: Եվ եթե բոլոր կլոր հիմարները ինչ-որ բանով նման են, իսկ քառակուսիները տարբերվում են մեծությամբ, ապա եռանկյունի հիմարները ձևերի և տեսակների առատության ցնցող քանակ ունեն: Երբեք չես կարող ասել` ինչպիսի զիգզագով նա կշրջի խոսակցությունը, և ուր կգնա, եթե թեմային մասնակցում են երկու-երեք եռանկյունի հիմարներ: Խոսելով նրանց հետ շաղգամի տեսակներից՝ շատ շուտով զարմանքով կհայտնաբերեք, որ արդեն վիճում եք տիեզերքի կառուցվածքից: Եռանկյունի հիմարները ոչ միշտ են միանում, որոշները բոլորովին չեն համապատասխանում իրար, հատկապես ստեղծագործական ջիղ ունեցող եռանկյունիները: Բայց երբ միանում են, կազմում են հզոր սեպ, որն ընդունակ է ճեղքելու ցանկացած գիտությունների ակադեմիա:
Գրական օրինակ` Նոզդրև:

Բայց ամենածանր հիմարը ամորֆն է: Գորշ ու տձև, ինչպես գորշ ռետինի կտորը, գունդուկծիկ է, ինչպես վատ հունցած խմորը կամ բիտումը: Եվ եթե ձեր փաստարկները, փաստերն ու ապացույցները կլոր և քառակուսի հիմարներից հետ են մղվում, իսկ եռանկյունին դրանցից երես է թեքում, ամորֆ հիմարի դեպքում ամեն ինչ ներծծվում է և կորչում:
Գրականհամարժեք`  Կորոբոչկա:

Աղբյուրը՝ Shkolazhizni.ru

Խորհրդատու և խմբագիր Հ.Ղազարյան
Ղեկավար՝ Մ.Չորեկյան