• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռուսերենի թարգմանության ընտրությամբ գործունեության հաշվետվություն

Մանուշակ Չորեկյան, Հասմիկ Ղազարյան

Ռուսաց լեզու և թարգմանություն խումբն այս տարի ձևավորվել է 7-րդ և 9-րդ դասարանցիներից։ Խումբը ձևավորելու համար որոշակի պայմաններ էին դրված, եթե նույնիսկ սովորողը բավարար գիտելիքներ չունի բայց ցանկացել և ընտրել է այս գործունեությունը, նրան թույլատրում ենք անդամակցել խմբին։ Սկզբում ունեինք երկու աշակերտ, հետո դարձան 12-ը

Մեր առջև կանգնած գլխավոր խնդիրը սովորեցնելն է որոշակի կարողություններ և հմտություններ ձեռք բերելու, որ կարողանան տեղեկատվություն քաղել ռուսաց լեզվով, ճիշտ հասկանան և թարգմանեն, որ օգտագործեն այդ գիտելիքները նոր հմտություններ ու կարողություններ ձեռ բերելու համար։

Շատ ենք աշխատում բառապաշարի հարստացման և ռուսերեն խոսելու բարդույթը հաղթահարելու համար։ Վերջին արգելքը դժվարությամբ ենք հաղթահարում։ Այդպիսի մի փորձ էր երեխաների ամանորյա շնորհավորանքների ձայնագրումը ռուսերեն։ Խոսքի մշակույթի ուսուցիչ Հասմիկ Ղազարյանի հետ հաջող թարգմանություն ապահովելու համար երկու ազգակից լեզուների մեջ հետաքրքիր զուգահեռներ ենք անցկացնում։

Աշակերտները սովորում են ինքնուրույն ու խմբով աշխատելուն։ Ինքնուրույն թարգմանությունների ժամանակ դա դառնում է նաև սեփական գիտելիքների և կարողությունների ինքնագնահատական։ Աշխատանքի ժամանակ օգտագործում ենք ուսուցման տեխնիկական միջոցներ՝ էլեկտրոնային գրատախտակ, համացանց, էլ. բառարաններ, նաև ձայնագրիչ ու ֆոտոապարատ։ Միաժամանակ նրանք հասկանում են, որ համակարգչային թարգմանությունները մեքենայական են և չեն պահպանում տվյալ լեզվի քերականական և ոճական առանձնահատկությունները։

Տեքստերն ընտրում ենք և՛ մենք, և՛ երեխաները։ Ռուսերենից թարգմանված տեքստերը խոսքի մշակույթի ուսուցչի հետ խմբագրվում են, որից հետո տեղադրվում դպրոցական կայքում։ Հույս ունենք, որ տարվա վերջում որոշակի հաջողությունների կհասնենք։

 

Թարգմանության խոսքի մշակույթի հաշվետվություն

Խոսքի մշակույթը թարգմանության խմբագրման ժամերին ամենաընդարձակ աշխատանքն է ենթադրում։ Աստիճանաբար աճող մեր խմբի երեխաների հետ նախ փորձում ենք հասկանալ, թե ինչ է թարգմանությունը։ Պարզել ենք, որ թարգմանությունը միայն բառերով տեքստի համար չէ (երբեմն լինում են առանց բառերի տեքստեր)։ Թարգմանության նպատակը պարզապես նյութը հասկանալուց և տվյալ լեզվով նյութ քաղելու անհրաժեշտությունից ընդարձակել ենք մինչև շրջապատին, քեզնից փոքրերին կամ լեզուն վատ իմացող մարդկանց հետաքրքիր նյութեր ներկայացնելու անհրաժեշտությունը։

Եթե տարվա սկզբում սովորողների համար դժվար էր անգամ հասկանալ կարդացած նախադասությունը, այսօր նրանք գիտեն, որ թարգմանության ժամանակ բոլորովին պարտադիր չէ սահմանափակվել բառերի առաջին՝ իրենց համար սովորական իմաստով։ Եթե չի բավարարում էլեկտրոնային թարգմանիչը, օգտագործում ենք նաև հաստափոր բառարանները, զուգահեռներ ենք անցկազնում երկու լեզուների բառակազմական  և իմաստաբանական  սկզբունքների մեջ, պարզում ենք լեզվատրամաբանության նմանություններն ու տարբերությունները։
Մեկ կիսամյակի աշխատանքի արդյունքում ունենք թարգմանական մի շարք նյութեր, որոնցից հաջողվածները հրապարակված են կայքում և ամփոփված են «Աշխարհում»  խորագրի տակ (տեքստերը կցվում են

Երեխաները կատարել են և՛ խմբային, և՛ անհատական թարգմանություններ։ Հետաքրքրությունը լեզվի նկատմամբ, իրենց կարողությունների աճին զուգահեռ, աճում է։

Առջևում նոր տիպի (տեղեկատվականից բացի գեղարվեստական, մուլտֆիլմի, երգի և այլն) տեքստերի թարգմանությունն է, դրանց միջոցով նոր խնդիրների առաջադրումն ու հաղթահարումը։