• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեռահաս երեխան Ձեզ չի լսում. ի՞նչ անել

Սերգեյ Վասիլենկով
Ինչպես դեռահասի հետ ընդհանուր լեզու գտնենք

Ծնող լինելը ծանր ու անշնորհակալ աշխատանք է։

Վաղուց անցել ենք տակաշորերն ու փամփերսները, անքուն գիշերներն ու մանկական պարտադիր հիվանդությունները։ Անցել ենք առաջին դասարանը, կորցրել-պրծել ենք սպորտային համազգեստը, փոխնորդ կոշիկները, բանալին, հեռախոսն ու մյուս բաները։ Ահա համեմատաբար հանգիստ անցան չորրորդ ու հինգերորդ դասարանները։ Հետո՝ սկսվեց…։ Ծնող լինելը ծանր, ամենօրյա և անշնորհակալ աշխատանք է։ Բայց ինչ կլիներ, որ մեր սիրասուն հրաշքը գնահատեր այդ աշխատանքը։ Երեխաները աշխարհիս երեսին ամենաանշնորհակալ արարածներն են։ Էլ չեմ ասում՝ դեռահասները։ Դեռահասի համար ողջ աշխարհը սահմանափակված է իրենով իսկ։ Ոչ ավելի։ Էնպես որ երբեք մի՛ ասեք նրան, թե ինչքան եք իր համար չարչարվում. անօգուտ բան է։ Ավելի լավ է՝ շարունակեք չարչարվել, և Ձեր ծնողական աշխատանքը կգնահատվի մի 20 կամ 30 տարի հետո միայն։

Հանգստություն և նորից հանգստություն

Եթե նույնիսկ երբեք Ձեզ թույլ չեք տվել երեխայի վրա բղավել, ամենայն հավանականությամբ, հուսահատության այնպիսի պահեր եք ապրում, որ ցանկություն եք ունենում ինչ-որ կերպ դուրս թողնելու Ձեր նյարդայնությունը։  Աշխատեք հավաքել Ձեզ։ Լաց եղեք, երբ երեխան չի տեսնում։ Բղավեք, երբ նա չի լսում։ Նրան հասկացրեք, որ դուք հասուն մարդ եք՝ միանգամայն հասուն խառնվածքով և իվիճակի եք սանձելու Ձեր զգացմունքները։

Թուլ մի՛ տվեք նրան կոպիտ խոսել

Ոչ մի շանս մի՛ տվեք դեռահասին. մի՛ ներեք կոպիտ խոսքը։ Հանգիստ բացատրեք հասարակ ճշմարտությունները. անհանդուրժելի է ծնողի հետ կոպիտ խոսելը։ Հարկավոր է մեծերին հարգել և զսպել զգացմունքները, նույնիսկ եթե դու վատ տրամադրության մեջ ես։ Բարեկրթությունը դեռ օրենքից դուրս չէ։

Երբեք մի՛ մոռացեք Ձեր մասին

Մի՛մոռացեք, որ քանի մարդ կենդանի է, պիտի զարգանա։ Դա հենց Ձեզ էլ է վերաբերում։ Օտար լեզվի դասընթացները, դահուկասահքը, պարաշյուտային սպորտը, ձեռագործը՝ ինչ էլ լինի,  բոլորը մեզ հրում են առաջ, հնարավորություն են տալիս  ամեն անգամ մի նոր ու հետաքրքիր բան իմանալու։ Մի մոռացեք ձեր փոքրիկ բացահայտումների մասին խոսել Ձեր երեխայի հետ։ Պատմեք՝ ինչն է Ձեզ հուզում, ինչը՝ վշտացնում։ Խորհուրդ հարցրեք նրանից։ Հոգեբանները սրան անվանում են զգացմունքների՝ իրար փոխանցում։ Երեխային ձեր զգացմունքները տալով՝ փոխարենը կստանաք նրանը։ Մտերիմ մարդկանց համար այդպես է, այդպես կլինի նաև Ձեզ համար։

Իդեալական դաստիարակություն

Մի մասնագետ- հոգեբանի հարցրին՝ կա արդյոք առանց պատիժների, առանց ներշնչումների ու նկատողությունների, առանց սկանդալների ու մեղադրանքների դաստիարակելու մեթոդ։ Ինչպե՞ս դաստիարակել երեխային, որ այս բոլորը պետք չգան։ Պատասխանն այս էր. այո՛, կա այդպիսի միջոց։ Սեփական օրինակով։ Որքան Ձեր անձնական կյանքը իդեալական լինի, այնքան իդեալական կլինի դաստիարակությունը։ Այնպես որ, որքան էլ հիմար միտք թվա, մեր երեխաները մեր իսկ շարունակությունն են։

Ռուսերենից թարգմանեց Հ.Ղազարյանը