• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Համաձայն շինարարական նախագծի եկեղեցին կոչվել է Սբ. Հարություն, բայց ներկայումս փարաքարցիները կոչում են Սբ. Մարիամ Աստվածածին: Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու վրա գտնվող դպրոցից մոտ 200մ հյուսիս-արևմուտք: Փարաքարցիների միջոցներով եկեղեցին վերանորոգվել է 1982թ. և անվանափոխվել Սբ. Մարիամ Աստվածածնի, դրա մասին նշված է հարավային մասի տիմպանի հարթությունում: Եկեղեցու հարավային մուտքի (գլխավոր մուտք) ճակատամասի վրա կա հետևյալ արձանագրությունը.«Ի Հայրապետութեան ՏՏ Ներսեսի Աշտարակեցւոյ շինեցեալ Սբ. Հարություն եկեղեցին վերատեսչութեամբ պր. Փիլիպոսի տր. Մաթեոսանց արդեամբք բարեպաշտ ժողովրդոց Փարաքարա 1855 ամի»: Այսպիսով, պահպանված արձանագրությունից հայտնի է դառնում, որ եկեղեցին օծվել է 1855թ. «Սբ. Հարություն» անվամբ, կառուցվել է Ներսես Աշտարակեցու կաթողիկոսության ժամանակ, վերատեսչությամբ Փիլիպոս Տեր-Մաթևոսյանցի և փարաքարցիների հանգանակած միջոցներով: Եկեղեցին երկրորդ անգամ (2001-2002թթ.) վերանորոգվել է ավելի հիմնովին ներսից և դրսից՝ երեսապատվել սրբատաշ սալաքարերով և սալապատվել: Այս վերանորոգման ընթացքում հարավային պատին փակցված հուշատախտակին գրված է. «Երանի եկեղեցի շինողաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հորդորով և օրհնությամբ 2001-2002 թթ. վերակառուցվեց Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ջանասիրությամբ  Հովհաննես Երիցյանի՝ խնդրակատար բարերարի կողմից»: Եկեղեցու շքամուտքը, պատուհանների պսակները և արևմտյան մուտքի շրջանակը՝ նախկինում կառուցված է եղել սրբատաշ քարերով, որոնք պահպանվել են վերանորոգումների ժամանակ: Եկեղեցու աջ խորանում կա 17-18-րդ դդ. երկու խաչքար, իսկ բակում  մեջտեղից կոտրված կողքի ընկած մեկ խաչքար, որը որպես քարեղեն վկա հաստատում է, որ բնակավայրը՝ գոյություն է ունեցել 9-11-րդ դարերից: Սբ. Աստվածածին եկեղեցին միջնադարում  և ուշ միջնադարում շատ տարածված եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպի է: Եկեղեցու արտաքին չափերը 19.20x12.96 սմ է: Աղոթասրահը երկշարք սյուներով բաժանվում է երեք նավի, որոնցից միջինը կրկնակի չափով լայն է եզրայիններից: Միջին նավը արևմտյան մասում  ավարտվում է խոր ընկած կիսաշրջան խորանով, իսկ եզրայինները՝ ուղղանկյան ավանդատներով: Բեմը մեկ մետր բարձր է աղոթասրահից՝ երկկողմանի աստիճաններով: Սյունաշարքերից յուրաքանչյուրում  երկուական հենարաններ կան՝ անկյունները հանված քառակուսի կտրվածքներով: Մուտքերը արևմտյան  և հարավային ճակատներից են: Ունի երկթեք թիթեղապատ տանիք: Վերջին վերանորոգման ժամանակ՝ բակում կառուցված են օժանդակ հարմարություններ ծիսական արարողությունների  իրականացման համար: Պատերն ունեն 90-120 սմ հաստություն՝ շարված են Արմավիրի կարմրավուն տուֆ քարերով: