• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոտաբոբիկ խճերի վրա` ընդդեմ տագնապի թելադրանքի

Թիվ 181 դպրոցի մանկավարժներն ու ծնողներն անհանգստացած են, որ իրենց դպրոցին կպարտադրվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական ծրագիրն ու մոտեցումները: Ինչո՞ւ են այդպես կարծում. որովհետև կառավարությունը կրթահամալիրին «Նորարական մանկավարժական ծրագրերի հանրակրթությունում» ծրագրի շրջանակներում տրամադրել է 117 մլն դրամ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ծրագիրը, ինչպե՞ս պիտի այն իրականացվի հանրակրթությունում. եթե դպրոցի տնօրենը, ուսուցիչները և ծնողները փորձեին թեկուզ նախարարությունից կամ հենց անձամբ Աշոտ Բլեյանից պարզաբանում ստանալ, ապա շատ արագ կտեղեկացվեին, որ այդ ծրագիրը նախատեսված է այն աշակերտների համար, որոնց ծնողների ընտրությունը կանգ է առել ա'յս կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի վրա, ուզում են, որպեսզի իրենց երեխաները կրթվեն ա'յս ծրագրով: Եվ քանի որ կրթահամալիրը գերծանրաբեռնված է աշակերտներով, հնարավորություն չունի ընդունելու իրենց դիմած բոլոր աշակերտներին, ուստի առաջարկել է ՀՀ կառավարությանը հեղինակային կրթական բաց ցանցով իրենց մանկավարժությունը մոտեցնելու բնակչին, նրա բնակավայրին, որպեսզի աշակերտը ստիպված չլինի ամեն օր քաղաքի մի ծայրից մյուս ծայրը հասնել: Այս տեղեկատվությունը հասանելի էր արագ և շատ պարզ ճանապարհով: Այնուհանդերձ, 181 դպրոցի ծնողներն ինքնակազմակերպվել են և գրոհել Աշոտ Բլեյանին: 

Երբ այս ծնողներին հարցնում են, թե տեղյա՞կ են արդյոք` ի՞նչ ծրագրով է իրականացվում կրթությունը Սեբաստացի կրթահամալիրում, պատասխանը չի առնչվում հարցին: Եվ ուրեմն, ի՞նչն է այդպես վախեցնում այդ տնօրենին, ուսուցիչներին և ծնողներին: Հարցն այն է, որ այս կրթահամալիրում երեխաները և ուսուցիչները կասկածելիորեն զվարթ են, աշխույժ և ազատ: Իսկ կրթությունը, ըստ տեղում տարածված կարծիքի, ծիծաղով չի լինում: Երեխան պիտի տքնի, սովորելու ճիգից քրտնի: Ուրախ-զվարթ երեխան արդեն կասկածելի է:

Ծնողների հիմնական փափագը երեխաներին կրթված տեսնելն է: Համարվում է, որ լավ ծնողի պարտականությունն է երեխաներին բարձրագույն կրթության տալը: Բայց ի՞նչ ասել է` կրթված մարդ, որակական և մտավոր ի՞նչ հատկանիշներ պիտի ունենա և ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդը կրթվում է երջանկության հաշվին: Հայաստանում հանրակրթական շատ դպրոցների և մանկապարտեզների տնօրենների, ուսուցիչների համար այսպիսի հարցերի բարձրաձայնումն արժանի է պարսավանքի: Ի՞նչ երջանկություն, աղջիկ ջան, հեռացի'ր, մեր դպրոցը մոռացի'ր:  

Համատարած իշխող բռնության մթնոլորտից ամեևին չեն խուսափում նաև կրթական հաստատությունները: Ուրիշի հաճույքի նկատմամբ խանդը անհանդուրժողականությամբ թելադրում է իր կանոնները և սնվում տագնապի վրա սևեռվածությունից: Մանկապարտեզներում մինչև հիմա խաղում են լռության խաղը` ով խոսեց, նա պարտվում է: Դպրոցներում պարտադրաբար ստիպում են սովորել այն բոլոր առարկաները, որոնք երեխաներն արդեն հասցրել են ատել: Ծնողները երեխաների ատելությունն առարկայի նկատմամբ հիմնականում վերագրում են ուսուցչի փայլուն աշխատանքին և խստությանը: Ուսուցիչը խրախուսվում է, դե, ոչ առաջվա պես` ծրարով: Ինչ-որ կերպ: Դասամիջոցները շարունակում են մնալ ուսուցիչների համար: Մինչդեռ, իրականում, երկու կողմերն էլ շտապում են բաժանվել միմյանցից: Դժբախտ են բոլորը` տուժում է պետությունը` իր բոլոր համակարգերով, հասարակական և ինստիտուցիոնալ բոլոր տեսակի հարաբերություններով:      

Հեղափոխությունը կկայանա դպրոցներում ու նախակրթարաններում տիրող դժբախտության մթնոլորտի հաղթահարմամբ և կրթված մարդու որակական չափանիշների մասին շատ հստակ, շատ կոնկրետ սահմանմամբ: Որքան ուզում եք գովազդային հոլովակներով գոռացեք, որ աղբի տեղն աղբամանում է: Որքան ուզում եք պարտադրված շաբաթօրյակներ կազմակերպեք: Դա տեղի չի ունենալու այնքան ժամանակ, մինչև աղբն աղբաման հասցնելը հե'նց նախակրթարանից ու դպրոցից չդառնա բնական կենսակերպ: Որքան ուզում եք խոսեք աշխատանքային իրավունքների իրացման անհրաժեշտությունից. դա տեղի չի ունենալու, քանի դեռ նախակրթարաններում ու դպրոցներում աշակերտները վախենում են ուսուցիչներից ու տնօրենից, ուսուցիչները` տնօրենից, տնօրենը` նախարարից և այսպես շարունակ:

Կրթական տագնապ իրականացնողների և դրանց զոհերի համար,  իհարկե, կասկածելի տեսարան է, երբ կրթահամալիրի սաները` մեծից փոքր, վազում են տնօրենին ընդառաջ և բարեկամաբար ողջունում նրան: Կարծրատիպերով աշխատող տնօրենի համար նսեմացուցիչ է այն միտքը, որ մի տնօրեն ուսուցիչների հետ ոտաբոբիկ քայլում են խճերի վրա, որպեսզի սեփական մաշկի վրա ստուգելով` մաքրեն տարածքն ու երեխաներին ապահովագրեն փշերի ծակոցից: Չէ որ ոչ շատ վաղ անցյալում երեխաներին պատժում էին` ծնկել տալով խճերին: Տարածքային ոտնձգություն է ընկալվում հարևան նախակրթարանի միջև ընկած անխնամ դաշտը մաքրելու և այնտեղ մշակութային-սպորտային համատեղ ծրագրեր իրականացնելու մասին առաջարկը: Պարապ զբաղմունք է, երբ կրթական հաստատության տնօրենն իր ուսուցիչների և սաների հետ փորձում են հասկանալ, թե որտե՞ղ է անհետանում ոռոգման ջուրը Փարաքարից Հարավ Արևմտան թաղամաս ընկած տարածքում, որպեսզի ոչ միայն իրենց կրթահամալիրը ստիպված չլինի իր կանաչ միջավայրը ոռոգել խմելու ջրով, այլև իրենց տարածքից դուրս այգիներն ու կանաչ գոտիներն էլ կանոնավոր մատակարարվեն:

Տնօրենի հետ ջերմ բարեկամական հարաբերությունների սովոր երեխան հենց այն հպարտ քաղաքացին է, որին ոչ մի տեսակի շեֆ երբեք չի կարողանալու ստորացնել: Այդ երեխաներն ուղղակի սովոր չեն ստորացվելուն: Վաղը այդ հպարտ քաղաքացիները երբեք չեն փորձելու չվիճարկվող հրամաններ արձակելով կառավարել աշխատանքային թիմին, քանի որ նրանք ընտելացել են քննարկումներով որոշումներ ընդունելու պրակտիկային: Նրանց սովորեցնում են, որ չկա իմ ու քո տարածք, այլ գերակա է կանաչ գոտին խնամելու և միջավայրը մաքուր պահելու հանրային շահը: Եվ այս աշխարհընկալումն արդեն երջանկության հաստատման հնարավորություն է:

Մինչ տնօրեններն ամեն գնով ուզում են իրենց դպրոցներից օտարած լինել այլընտրանքային կրթությունը, ծնողները` իրենց երեխաներին փրկած լինեն կասկածելի հովերից, ստացվում է այնպես, որ մեծահասակները նորի հանդեպ իրենց տագնապների սահմանին կանգնեցնում են երեխաներին: Երկրի սահմանին` երեխաներն են, նորի ու հնի պայքարի սահմանին` երեխաներն են, ապերջանիկ ներկայի ու երջանիկ ապագայի մեջտեղում` դարձյալ երեխաներն են: Եվ այս ամենը, իհարկե, հանուն երեխաների:

ՀԳ. Ջոն Լենոնի մայրը որդուն երեխա ժամանակ ասել էր, թե կյանքի իմաստը երջանիկ լինելու մեջ է: Դպրոցում նրան շարադրություն էին հանձնարարել կյանքի իմաստի թեմայով: Լենոնը գրել էր` «Լինել երջանիկ»: Ուսուցիչը պատասխանել էր` «Հանձնարարությունը չես հասկացել»: Լենոնը հակադարձել էր` «Այդ դուք կյանքը չեք հասկանում»:

Աղբյուրը՝ armtimes.com։

Մարինա Բաղդագյուլյան