• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական փոխանակումներ Իրանում

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ֆինանսական աջակցությամբ երկօրյա ճանաչողական այցով Իրանում էին համայնքի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարսկերեն ուսումնասիրող խմբակները:
Այցի գլխավոր նպատակը հարևան երկրի մշակույթին, կացութաձևին, ժողովրդի ավանդույթներին մոտիկից ծանոթանալն էր, պատմական բացառիկ կոթողները տեսնելը, երկիրը ներսից ճանաչելը:
Ուղևորությունը ներառում էր Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգները. երթուղին մեկնարկվեց «Ավերակ ջաղաց» կոչվող վայրից, ապա «Խոջա Նազարի» քարավանատուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության բացառիկ նմուշ 9-րդ դարի վանական համալիր «Սբ. Ստեփանոս» այցով: 
Օրվա երկրորդ կեսին խումբը եղավ պատմական ժայռափոր Քանդովան գյուղում: Վերջինս աչքի էր ընկնում ճարտարապետական յուրօրինակ նախագծով, ավանդական տներով ու կենցաղով: Ըստ տեղաբնակների՝ գյուղն ունի ավելի քան 700 տարվա պատմություն: Տպավորություն էր, թե բնությունն ինքն է հոգացել կացարանների հարցը, իսկ բնակիչները միայն դուռ ու պատուհան են տեղադրել:
Գիշերելով Թավրիզ քաղաքում՝ հաջորդ օրը ճանապարհվեցին Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր, աղի լիճ՝ Ուրմիա:
Սեբաստացիների խումբը ղեկավարում էր պատմաբան Վ. Կարապետյանը, իրանագետ Դ. Նազարյանը, ճանապարհորդությունը համակարգում և ղեկավարում էր Մեղրիի պարսկերենի խմբի ուսուցիչ, պատմաբան Լևոն Միրզոյանը:
Սեբաստացիների կողմից եղավ հրավերք մեկ այլ ձևաչափով հանդիպման և համագործակցության:
Հավելենք, որ օրեր անց շահագործվելու է Կապան֊Թավրիզ ամենօրյա երթուղին։ Նախաձեռնությունը դարձյալ համայքնի ղեկավարինն է։ 
Այս մասին առավել մանրամասն՝ առաջիկայում։