• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քաղաքագիւղն յԵրեւան

Սերգո Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումից (առանց խմբագրման)․

Այս հոդվածը գրել էի շուրջ երկու տարի առաջ, բնականաբար` նախկինների  օրոք։ Վերահրապարակում եմ, քանի որ առավոտյան կանուխ անակնկալի եկա հարգելի Աշոտ Բլեյանի զանգից։ Նա ինձ տեղեկացրեց, որ այս նախագիծը (Հայկական գյուղ) կյանքի է կոչվում։ Հիմա ի՞նչ անենք...

 

Տուրիզմի զարգացման նպատակով կառավարությունը, քաղաքապետարանի հետ համատեղ, ցանկանում է Երևանում կառուցել «Հայկական գյուղ» թաղամաս։ Նախատեսվում է վերստեղծել Հայաստանի տարբեր բնակավայրերի՝ Գորիսի, Դիլիջանի, Աշտարակի բնակելի տների կրկնօրինակները մեկ տեղում։ Հեղինակների և պաշտոնյաների կարծիքով՝ Հայաստան ժամանող տուրիստների առաջնային հետաքրքրություններից է հայկական գյուղական միջավայրը, դրա բացահայտումը՝ սկսած բնակելի տան ճարտարապետությունից մինչև բարքերն ու նիստուկացը։ Սա անվիճելի ճշմարտություն է՝ մեկ կարևոր ու, հատուկ մեր իշխանավորների և իրենց կամակատար ճարտարապետների ուղեղների համար՝ անչափ կարևոր նկատառումով. գյուղական բնակելի տունը տուրիստին հետաքրքիր է տեսնել գյուղում, իր միջավայրում, և որ ամենակարևորն է՝ այդ տան բնակչով։

Այն, որ Հայաստանում չկա միջազգային ստանդարտներին համապատասխան միջպետական ճանապարհ, այդ ճանապարհից դեպի գյուղեր տանող քիչ թե շատ բարվոք մեկ այլ ճանապարհ՝ նույնպես անհերքելի ճշմարտություն է։ Գյուղերի համատարած դատարկության, բնակության համար անհրաժեշտ տարրական պայմանների բացակայության եւ բազմաթիվ այլ խնդիրների առկայության պարագայում ցանկացած կառավարության գործունեության առաջնահերթությունը ոչ թե տուրիզմի զարգացումը պետք է լիներ, այլ ՀՀ քաղաքացին եւ գյուղացին, որի կենսամակարդակի բարձրացումն ինքնին կապահովեր զբոսաշրջության զարգացումը։

Այսօրինակ քննադատություններ կարելի է ուղղել իշխանությունների հասցեին օրվա ցանկացած ժամին, նրանք լիովին արժանացել են դրանց վերջին երկու տասնամյակներում։ Բայցևայնպես, կոնկրետ այս խնդրին փորձենք անդրադառնալ նաեւ Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանության, քաղաքի զարգացման հեռանկարի տեսանկյունից։

Որպես բնակավայր՝ գյուղ, հայ մատենագրությանը Երևանը հայտնի է 7-րդ դարից։ Սկսած վաղ միջնադարից մինչև 19-րդ դարի վերջերը Երևանի՝ այսօրվա զբաղեցրած տարածքում, գոյություն են ունեցել մի քանի առանձին գյուղեր, ինչպես, օրինակ՝ Ավանը, Քանաքեռը, Նորքը և այլն։ Առհասարակ, Երևանի շուրջ 220 կմ² տարածքը հագեցած է տարբեր ժամանակաշրջաններում գոյացած առանձին բնակավայրերով։ Այսպես, օրինակ՝ միայն Հրազդանի կիրճում հնադարյան մարդու կեցության մեկ տասնյակից ավելի քարայրներ են պահպանվել։ Հայտնի է նաեւ, որ Երևանի տարածքը հարուստ է բրոնզեդարյան բնակատեղիներով, որոնցից, սակայն, մի քանիսը (Մերգելյան ինստիտուտի տեղում, կայարանամերձ՝ Մուխանաթ-թափա կոչված բլուրը և այլն) ոչնչացվել են դեռևս խորհրդային տարիներին, իսկ մյուսները, մասնավորապես՝ Երեւան-Զովունի սահմանին գտնվող՝ Կարմիր բերդը և Ծիծեռնակաբերդը, անուշադրության են մատնած։ Այո՜, այո՜ նույն Ծիծեռնակաբերդը, որտեղ ոչ միայն բրոնզեդարյան, այլև միջնադարյան կառուցումներ են հայտնաբերել, և որի ստորոտում էլ պատրաստվում են կառուցել այս «Հայկական գյուղը»։

Ժամանակագրորեն՝ Երեւանի տարածքում պահպանված պատմամշակութային շերտերից հաջորդը ուրարտական քաղաք-ամրոցներն են, որոնք նույնպես առանձին բնակատեղիներ էին, և միայն 19-20-րդ դարերում հայտնաբերելուց հետո են մաս կազմել Երևանին։ Հատկանշական է, որ խորհրդային շրջանում բրոնզեդարյան շերտի ոչնչացմանը զուգահեռ, երբ հայտնաբերվեց Էրեբունի ամրոցը, սկիզբ դրվեց Երևան քաղաքի տարիքի պաշտոնական թվագրմանը, ինչը նախաուրարտական մշակութային շերտերը մոռացության մատնելու ակնհայտ միտում էր պարունակում։

Համառոտ այս ակնարկը բավարար է փաստելու, որ Երևանը տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված, իրենց զարգացումն ու անկումը ապրած առանձին բնակավայրերի (որոնցից շատերը միջնադարում վերածվել էին գյուղերի) համախումբ է, որի ներկայիս կառուցապատման գերակշիռ մասը (շուրջ 80%) բաժին է ընկնում է վերջին մեկուկես հարյուրամյակին իրականացված քաղաքաշինական միջոցառումներին։ 19-րդ դարի կեսերից Երեւանին միացած Նորքը, այնուհետեւ Քանաքեռը, ինչպես նաեւ քաղաքի մի շարք այլ հատվածներ (Նորագյուղ, Նորագավիթ, Կոնդ, Կոզեռն, Սարի թաղ եւ այլն) մինչ օրս մեծամասամբ պահպանում են գյուղական կենսակերպն ու կառուցապատումը։

Եթե, իսկապես, ցանկություն կա ոչ միայն տուրիզմի զարգացման, այլև քաղաքի ընդհանուր բարեկարգման գործում հաջողության հասնելու, ապա ինչո՞ւ չբարեկարգել վերոհիշյալ տարածքները։ Միայն Կոնդի վերակառուցումը Երևանը կդարձներ զբոսաշրջության տարածաշրջանային առաջատարը։ Ավանում պահպանված (խոնարհված) վաղ միջնադարյան երկու միանավ բազիլիկ եկեղեցիներն ու իր ճարտարապետա-ինժեներական լուծումներով հայտնի Ավանի տաճարը (այո՛, քաղկեդոնական) նույնպես գտնվում են, այսպես կոչված՝ սեփական տներով կառուցապատված միջավայրում. ինչո՞ւ չօգտագործել այդ տարածքները, չբարեկարգել ու չզարգացնել այդ համայնքը։ Եթե պետք է վերստեղծեք արհեստական միջավայր, ավելի լավ չէ՞ դա անել պատմականորեն ձևավորված, առավել նպաստավոր վայրում։ Նույնը՝ հին Նորքում, Քանաքեռում, նույնիսկ Դալմայի հարևանությամբ գտնվող Կիլիկիա թաղամասում եւ այլն։

Երևանի տարածքում պահպանվել է երկու միջնադարյան կամուրջ։ Քանի՞սը գիտեն դրանց տեղը, կամ՝ իմացողը կարո՞ղ է տուրիստին տանել եւ ցույց տալ դրանք։ Այսպես շարունակ․․․

Վաղ միջնադարից Երևանը՝ որպես բնակավայր, հայտնի է իր այգիներով, անգամ մինչ օրս թե՛ քաղաքի կենտրոնում, թե՛, առավել ևս, ծայրամասերում, կան բազմաթիվ փոքր այգիներ՝ մրգատու ծառերով։ Երեւանցին շարունակում է ամեն կերպ իր տան շուրջը պարտեզ մշակել։ Ամենամեծ և հայտնի այգիներից էր նաև Դալման։ Հիմա այս անունը բացառապես ասոցացվում է առևտրական կենտրոնի հետ, վաղը դրան կմիանա «Հայկական գյուղը»։

Ի վերջո, արդյո՞ք հնարավոր չէ, Երեւանում գյուղ կառուցելու փոխարեն, ամբողջ այդ միջոցներն ուղղել մեկ կամ մի քանի գյուղերի վերակառուցմանը։ Հայաստանի հազար գյուղերից մեկի ճանապարհների ու տան տանիքների վերանորոգումը ոչ միայն կշոյի տուրիստի ամենատես աչքը, այևլ գոնե մի քիչ կթեթեւացնի գյուղացու հոգսերով լի կյանքը՝ նրան հեռու պահելով արտագաղթելու մտքից։

Աղբյուրը՝ ilur.am։

Սերգո Տոնոյան