• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկրորդ Ծաղկազարդ (Արմաւենեաց կիրակի)

Հունիսի 5-ին`Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը, Հայ առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ` ծառերի ճյուղեր սփռելով Նրա առաջ:

Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձյալ Քրիստոսի Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Համբարձման ժամանակ, երբ Տերն անցնում էր հրեշտակների միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող հրեշտակները բացատրում էին ամեն ինչ: Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքում է. «Ո՞վ է այս փառքի արքան, - կարողությամբ հզոր Տերն է նա, պատերազմում զորեղ Տերը: Վեր քաշեցեք, իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, եւ փառքի արքան թող ներս մտնի» (Սաղմ. 23:8-9): Նույն այս հարց ու պատասխանը նաև Սբ. Պատարագի արարողության ընթացքում կատարվող վերաբերումի մաս է կազմում: 

Ի դեպ, այս ամենի մասին հիշատակություն կա նաև Գրիգոր Տաթևացու մեկնություններում`Սբ.Լուսավորչի հետ կապված:

Ծաղկազարդը հայ կրոնական գրականության մէջ երբեմն հիշատակվում է որպես Արմավենեաց կիրակի (տոնը այպես է կոչում նաև Ռուսիո ուղղափառ եկեղեցին), որը կապված է Հիսուսին արմավենու ճյուղերով դիմավորելու փաստի հետ:

Եկեղեցուց բերված օրհնված ճյուղերով մարդիկ հարվածում են միմյանց` հավատալով, որ այդ ճյուղերը առողջություն ու հաջողություն են բերում: Հնում այդ ճյուղերը դնում էին ամբարներում`հացի առատության, գոմերում` անասուններին չար աչքից հեռու պահելու նպատակով: Դնում էին նաև տան պատուհանի մոտ`կայծակից զերծ մնալու համար: Ճյուղերը օգտագործվել են նաև բուժական նպատակներով` տենդի և հազի դեպքում:

Եթե առաջին Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը երկրային Երուսաղեմ, ապա երկրորդ Ծաղկազարդի ժամանակ հիշատակվում էր Տիրոջ գալուստը հրեշտակների մոտ` Վերին Երուսաղեմ: Առաջին Ծաղկազարդին Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի Որդի, իսկ երկրորդ Ծաղկազարդին`ինչպես Աստծո Որդի: 

Աղբյուրը` http://www.rheinmain.haypedia.org/?p=1041

http://kinderlibrary.wordpress.com/