• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթության կատաստրոֆան. վերացնել միասնական քննությունները

Հայաստանում ավարտվեց մի շրջափուլ, որը կոչում ենք միասնական քննություններ։ Այն իբրև ծառայում է բուհեր ընդունվելու մրցակցային նպատակին, սակայն իրականում, ոչինչ չի տալիս սովորողին։ Ներեցեք, մեկ երևույթ արձանագրում է. սովորողի հոգեմաշ լինելը և անդադար սթրեսները։

Պարզվում է, որ ամեն տարի, այդ միասնական քննությունների արդյունքների միջին ցուցանիշը նվազում է։ Սա խոսում է կրթական համակարգում տիրող անմխիթար վիճակի մասին, սակայն դա այլ խոսակցության թեմա է։ Իրականում, միասնական քննություններ կոչվածը շարքային անգիր է, որն աշակերտին ոչինչ չի տալիս։ Այն չի զարգացնում նրա ինտելեկտը, քննադատական մտածողությունը, ստեղծականությունը, տրամաբանությունը և այլն։ Աշակերտները ֆիզիկապես ու հոգեպես, նրանց ծնողները` ֆինանսապես մաշվում են, ինչ է թե, որոշակի բալեր ստանան ընդունվելու համար առանց այն էլ մրցույթից զուրկ հայկական բուհեր։ Որոշ բուհեր, արդեն ուսանողներին ընդունում են կտրված միավորներով ու սա բնական է։ Այս ամենը Հայաստանի ողբերգական վիճակի դասական արտացոլումն է։

Արդ ինչու՞ կառավարությունը և ԿԳՆ չեն գնում այդ միասնական քննությունները հանելու վճռական քայլին։ Ինչու՞ հնարավորություն չեն տալիս սովորողներին հավասար մրցակցային պայմաններով սովորել առաջին կուրսում, իսկ առաջին կիսամյակից հետո՝ ռոտացիոն կարգով իրականացնել զտում։ Դա ունի մի քանի բացատրություն։

Սկսենք ամենավերևներից՝ քննական հանձնաժողովներից ու նրանք հովանավորներից։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում կա հստակ գնացուցակ, թե այս կամ այն բուհ ընդունվելու համար, որքան կաշառք պետք է տաս։ Հիմնականում առաջին պատվավոր հորիզոնականներում ԵՊՀ Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներն ու Բժշկական համալսարանն են։ Հետո գալիս է ըստ «պրեստիժության»։ Իհարկե, այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն ծնողները, որոնք պատրաստ են հազարավոր դոլլարներ կաշառք տալ, որպեսզի իրենց երեխան մի քիչ բարձր ստանա ու իրենք «գլուխ գովալու» տեղ ունենան կամ պարզապես չկտրվի քննությունից։ Հետո գալիս է այդ նույն կաշառքով կամ բարձր հովանավորությամբ, քիչ դեպքերում՝ ազնիվ ճանապարհով անվճար տեղերի տարկետման իրավունքից օգտվողների խումբը։ Եթե դուք նայեք վիճակագրությանը, ապա կտեսնեք, որ հիմնականում անվճար ընդունվում են տղաները։ Ու նրանց զգալի մասը, պատահական ընտանիքների երեխաներ չեն։ Սա խոսում է համակարգի փչացածության մասին։

Մյուս կողմից, գիտենք, որ Հայաստանում ուսուցիչները ստանում են խղճուկ աշխատավարձ։ Նրանց մի մասը, սոցիալական այդ բացը լրացնում է կրկնուսույց աշխատելով։ Այսինքն, եթե վերացնում ենք միասնական քննությունները, խփում ենք սոցիալապես անապահով մի խավի շահերին։ Սակայն դա մեր խնդիրը չէ, դա կառավարության խնդիրն է, որը պարտավոր է ապահովել այդ մարդկանց բարեկեցությունը։ Սակայն մեր կառավարությունը, ավելացնելու փոխարեն, նվազեցնում է կրթության ու գիտության ոլորտին տրվող պետական հատկացումները։ Ես անգամ մոռացել եմ, թե վերջին անգամ, նրանք երբ են ավելացրել ուսուցիչների աշխատավարձերը։

Եվ վերջին հարցը կապված է այսպես ասած հարցաշարերի ու շտեմարանների հետ։ Ամեն տարի, հազարավոր դոլլարներ են տրամադրում նոր շտեմարաններ հրապարակելու համար։ Դրանից հիմնականում օգտվում են հեղինակները և նրանց հետ կապված մաֆիոզ խմբերը։ Իրականում, նրանք ոչինչ չեն անում, այլ փոխում են առաջադրանքների տեղերը, իսկ առավելագույնն ավելացնում են մի քանի առաջադրանքներ ու հրատարակում երկհատոր, եռահատոր շտեմարաններ։ Հետո դա մտցնում են շուկա ու լրացուցիչ բեռ դարձնում ծնողի համար։ Վերցնենք պատմության շտեմարանները։ Եթե դուք համեմատեք 2012-2017թթ. ընթացքում հրապարակված պատմության շտեմարանները, ապա հինգ հազար առաջադրանքի մեջ, երևի քսանից ավել տարբերութուն չտեսնեք։ Բայց ամեն տարի, լույս են տեսնում նոր շտեմարաններ։ Ինչպես վերը շեշտեցի, դա շատ լավ բիզնես ծրագիր է և ինչպես դասագրքերի պարագայում, այս դեպքում ևս, կապված է մաֆիոզ խմբերի հետ։

Վահրամ Թոքմաջյան

Աղբյուրը