• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նրանք դպրոցի տնօրեններ չեն, զոն նայողներ են. Աշոտ Բլեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կրթության և գիտության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

– Պարոն Բլեյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի  կողմից հրապարակվեցին 114 կրթական հաստատության ղեկավարների  ձայնագրություններ, որոնք փաստեցին նրանց կողմից ապօրինի մեթոդներով, սպառնալով, ճնշումներով իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի համար ընտրողների հավաքագրման և ձայներ ապահովելու փորձերը: Ինչպե՞ս եք սա գնահատում: Ինչի՞ մասին են խոսում այս փաստերը:

– Դանիել Իոննիսյանի գործունեությունը գնահատում եմ որպես բացառիկ, նրան անձամբ եմ ճանաչում: Շատ լավ է, որ կա մի հասարակական կազմակերպություն, որը գործում է հանրային շահի գիտակցումով: Բայց սա այն  դեպքը չի, որ հենց «Իրազեկը» պետք է բացահայտեր՝ մի բան, որը բոլորս գիտեինք: Ցույց տվեք ինձ Հայաստանում մեկին, որը չգիտեր այդ իրողության մասին: Դա փաստ է, որի մասին գիտեն բոլորը: Դրա մասին գիտեն այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին կամավոր տարել են այդ դպրոցներն ու մանկապարտեզները: Անունով հանրակրթական այդ հաստատությունները պետք է բաց լինեն հանրության համար, բայց այդ ծնողներն էլ գիտեն, որ  դրանք շարունակում են փակ զոննաներ մնալ, փակ կալվածքներ: Ես ուղղակի չեմ հասկանում այս օրերի այս զարմանքը: Ինչ նոր բան է տեղի ունեցել, որ այդպես զարմացել եք ու աղմուկ եք բարձրացրել:

– Այո, բոլորը գիտեին, բայց առաջին անգամ դա վկայող փաստեր կան:

– Փաստ՝ ո՞ւմ համար: Այդ փաստը իրավապահների համար է:

– Թեկուզ: Եթե իրավապահները պատշաճ ընթացք տան այս ամենին, իսկ քաղաքական ուժերը հետևողական լինեն, լուրջ զարգացումներ կարող են լինել:

– Դե թող իրավապահները զբաղվեն: Գիտե՞ք՝ չգիտեին, որ այդպիսի բան կա: Հանկարծ իմացել են ու զարմացե՞լ: Այստեղ մի վտանգավոր բան կա. այն տնօրենները, այն անհամբերները, ովքեր շտապել են ցույց տալ իրենց ծառայամտությունը, նրանք են դրսևորվել: Մենք հո գիտենք, որ Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների թիվը շատ ավելի մեծ է: Այնպես չստացվի, որ ով չի բռնվել՝ գող չի: Խոսքը ձայնի գողի մասին է, խոսքը մարդու իրավունքի վրա կատարված ոտնձգության մասին է: Եվ հետո՝ նրանց մի անվանեք դպրոցի տնօրեններ: Նրանք փակ կալվածքների, զոն նայողներ են: Հանրակրթությունն ուրիշ բան է: Հանրակրթությունը բաց տարածքում, բաց հասարակության, քաղաքացիական հասարակության շահառուն է, սպասարկուն: Իսկ հանրությանը դեմ աշխատող հիմնարկները չեն կարող հանրակրթական լինել:

– Պարոն Բլեյան, Ձեր կարծիքով՝ այդ բոլոր տնօրենների վրա ճնշո՞ւմ է եղել այդ ցուցակները կազմելու և ապահովելու մասով, թե՞ դա շատ դեպքերում ինքնագործունեության արդյունք է, Ձեր նշած՝ ծառայամտության դրսևորում:

– Ես գիտեմ, որ մարդ կա՛մ Աստծուն պետք է ծառայի, կա՛մ սատանային: Ես գիտեմ, որ Կտակարանը պատվիրում է  մի անգամ ընտրություն կատարել: Սա նշանակում է, որ դու պետք է ընտրես՝ դու մանկավարժությա՞մբ ես զբաղվում, թե՞ չգիտեմ ինչով: Դու եթե  մանկավարժությամբ ես զբաղվում, պետք է քո շահերի դեմ չգործես: Եթե չէ, ապա ուրիշ գործով պետք է զբաղվես: Հացակերության, տուն պահելու  պատճառաբանությունները մանկավարժության հետ անհամատեղելի են: Լիքը ուրիշ զբաղմունքներ կան, թող գնան դրանցով զբաղվեն:

– Դանիել Իոննիսյանը փաստերը հրապարակելիս ասաց, որ եղել են տնօրեններ, որ հայհոյել են իրենց և նշել են, որ դպրոցները ապաքաղաքական հաստատություններ են:  Սա թերևս փաստում է, որ ոչ բոլոր տնօրեններն են ծառայամիտ:

– Ես չգիտեմ՝ իրենք իրականում հայհոյե՞լ են, թե՞ իրականում հասկացել են, որ Դանիելը ՀՀԿ-ն չի ներկայացնում, և ավելի վարպետ են գործել: Ես չեմ ուզում այդ մանրուքների մեջ խորանալ: Ես մի բան գիտեմ, որ ես երբ կրթության նախարար եմ եղել կամ Երևանի փոխքաղաքապետ, որևէ անգամ չեմ մտածել որևէ դպրոցի  տնօրենի թույլ տալ ազդել մյուսի վրա կամ մանկավարժությունից զատ այլ բանի մասին մտածել:

– Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին է խոսում այն փաստը, որ կրթության նախարարը, լինելով դաշնակցական, իր ղեկավարած կառույցների ղեկավարները աշխատել են ՀՀԿ-ի համար:

– Ես չեմ ուզում այդ հարցին և որևէ այլ հարցի պատասխանել:  Հասարակական կազմակերպության հրապարակած փաստերը բավարար են, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր եզրահանգումներն անի:

Աղբյուրը` 1in.am