• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտություն, ներդաշնակություն...

Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ երեխայի երաժշտական նախասիրությունները ձևավորվում են դեռևս ներարգանդային (նախածննդյան) շրջանում, կպատասխանեի՝ հնարավոր չէ: Բայց արի ու տես, որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում:

Սկսեմ ամենասկզբից: Իմ լուրջ ծանոթությունը Կոմիտասի հետ սկսվեց 2008 թվականից, երբ սկսեցի աշխատել կրթահամալիրում: Մինչ այդ ծանոթ էի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հնչող ու հեռուստաէկրանից այնկողմ աղավաղված մատուցմամբ Կոմիտասին: Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Ավագ ընկերներս՝ տիկին Մարինեն՝ իր ռիթմիկայով, տիկին Սվետան՝ պրիմա-օկտավայով, ընկեր Սեյրանը՝ իր հզոր վոկալով, մշտապես իմ և ընկերներիս կողքին էին: 2012 թվականից սկսեցի երգել «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբում: Ծանոթությունը Մաեստրոյի հետ այդ տարվա իմ գլխավոր ձեռքբերումներից էր, քանի որ նրա շնորհիվ ճանաչեցի մեկ այլ Կոմիտասի՝ իր եռաձայն «Սոնա յարով», «Հո՜յ, Նազանով», «Հարսանեկան շարով» ու հոգեթով շարականներով:

Երբ իմացա, որ շուտով մայր եմ դառնալու, ուրախությունս անասելի էր: Առողջական խնդիրների պատճառով այլևս չէի կարող մասնակցել երգչախմբի պարապմունքներին, բայց երգն ու երաժշտությունը, ազգային պարերն ամեն օր ինձ հետ էին՝ առավոտյան պարապմունքին հնչող Տաթև Ստեփանյանի ձայնով, մեդիաուրբաթով, կրթահամալիրից դուրս համերգներով: Հղիության ինն ամիսների ընթացքում ես և ՆԱ (մինչև վերջ էլ չգիտեինք՝ տղա՞ է, թե՞ աղջիկ) ամեն օր լսում էինք Կոմիտաս, դասական ստեղծագործություններ, ազգային պարերի ֆլեշմոբեր անում, համերգ-ցուցադրություններ կազմակեպում, համերգների մասնակցում:  

Երբ ծնվեց տղաս, ես հասկացա վերևում նշածս արտահայտությունը՝ երեխայի երաժշտական նախասիրությունների  դաստիարակությունը սկսվում ներարգանդային կյանքից: Բավական էր, որ մի հատված երգեի իր սիրելի երգից, հանգստանում էր ու մուշ-մուշ քնում: Ուսումնասիրելով մի շարք կայքեր՝ պարզեցի, որ պտուղը դեռևս 14 շաբաթականից արձագանքում է արտաքին աշխարհի ձայնային ազդանշաններին, հետևաբար, նաև երաժշտությանը: Փաստորեն, տղաս հենց այն ժամանակից էր վերցրել իրենը: Այժմ սիրում է, երբ միասին երգեր ենք լսում, պարում, փորձում երգել: Երաժշտության և ռիթմի զգացողության այն ներդաշնակությունը, որ կա նրա մեջ, հուսով եմ՝ առավել կզարգանա:

Սա էլ Յուրիի մեդիամոլորակը:

Շարունակելի… 

Ֆիզարձակուրդից վերադարձող Անահիտ Գրիգորյան