• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատես. Expo 2017

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող ամենամյա Բնագիտատեխնիկական ստուգատեսի աշխատանքների ցուցահանդեսային օրն էր այսօր`Expo 2017 հնչեղ անունով: Իրենց աշխատանքներն էին ցուցադրում ոչ միայն կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները, այլև դասավանդողների հետ ստուգատեսին իրենց մասնակցությունը բերած տասնյակ սովորողներ Երևանի և հանրապետության այլ մարզերի ուսումնական հաստատություններից: Այստեղ են Երևանի և Վանաձորի Պոլիտեխնիկական համալսարանների վարժարանների ռոբոտաշինության խմբակների Ռուզաննա Սարիբեկյանը և Արաքսյա Բալյանը իրենց սովորողների հետ: Վանաձորցիները յուրահատուկ հպարտությամբ էին ցուցադրում իրենց ական որոնող ռոբոտը, իսկ Երևանի վարժարանի սովորողները բոլորի ուշադրությունը գրավեցին պատ և պարան մագլցող իրենց ռոբոտներով: Արարատի մարզի Ռանչպար գյուղի դպրոցականներն իրենց ուսուցիչ Վյաչեսլավ Իսրաելյանի հետ ցուցադրում էին համակարգչային խաղեր, որոնք իրենք էին ծրագրավորել: Համակարգչային խաղերի իրենց ստեղծագործություններն էին ներկայացնում Երևանի «Արմմաթ» ինժեներական լաբորատորիայի ռոբոտիքսի անդամները Շուշան Գրիգորյանի ղեկավարությամբ: Մարմարյա սրահի կենտրոնում 3D տպագրիչ ռոբոտն էր, որի շուրջ բոլորն էին հավաքվել կրթահամալիրի Միջին դպրոցի Ռոբոտիքս ակումբի անդամներն իրենց ղեկավարի՝ Գնել Հարությունյանի հետ: Երբ հարցրեցի, թե որ սովորողին նա կառանձնացներ որպես ամենաակտիվ ռոբոտաշինարար, նա չկարողացավ դա անել. «Բոլորն էլ ակտիվ են եղել, յուրաքանչյուր անդամ մի ինչ-որ բան արել է»: Առանձին սեղանների վրա բնագիտական փորձեր կամ փորձերի արդյունքներն էին ցույց տալիս Հասմիկ Նալբանդյանի (ֆիզիկա), Վեներա Խառատյանի և Սուսաննա Սահակյանի (քիմիա) սովորողները: Էմանուել Ագջոյանն էլ բացատրում էր, թե որքան արդյունավետ կլինի աշխարհագրության դասը, եթե դասավանդողն իր ձեռքի տակ ունենա արև-լամպի և համապատասխան անկյան տակ պտտվող երկիր-գլոբուսի համակցված ռոբոտ սարքը:

Մարմարյա սրահին շատ դժվար է զարմացնել: Նա տարբեր տարիքային խմբերի ներկայացումներ ու պարեր էր տեսել և լսել երգեր: Եվ այնուամենայնիվ, այսօր նա մի փոքր զարմացած էր, որովհետև իրենով էր արել միանգամից այդքան շատ ինժեներական միտք ունեցող սովորողների: