• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթապահության իմ օրը

 

Ողջույն բոլոր նրանց, ովքեր հետևում են հերթապահի օրագրին: Այսօր հերթապահ եմ ես՝ Լուսինե Բուշը: Կփորձեմ հնարավորինս մանրամասն (եթե ստացվի՝ նաև հետաքրքիր) պատմել իմ օրվա մասին: Եվ այսպես, սկսեցինք...

Առավոտյան ժամը 08:58 րոպե է: Դպրոցը կարծես սկսում է արթնանալ: 

10:00-ին դպրոց եկավ պարտաճանաչ 12-րդ դասարանցի Արման Այվազյանը, որը հիշել էր իմ հերթապահության օրը և կատարելով իր խոստումը՝ եկել էր ինձ օգնելու: Այժմ նա զբաղված է դպրոցի ծաղիկերը ջրելով: 

10:50 մոտեցավ մի ծնող, որն իր երեք տարեկան երեխային ցանկանում էր գրանցել նախակրթարանում: Արմանը այստեղ էլ ինձ օգնեց՝ ուղեկցեց ծնողին քոլեջ: Ծնողը կրթահամալիրի մասին իմացել էր բուկլետից, որը նրան տվել էին, երբ նա զբոսնում էր սբ. Երրորդություն եկեղեցու հարակից այգում: 

11:00 հենց այս պահին շարունակվում են միջին և ավագ դպրոցների պայմանագրերի կնքումները գրասենյակներում: Պայմանագիր կնքելու են գալիս ընտանիքներով՝ Ամիրջանյան-Իսախանյանները, նորեկ Աբազյանները՝ հայրիկով, մայրիկով, քույրիկով: Տիգրան Աբազյանն իր տատիկի հետ Սևանի ճամբարից հետո այնքան էին տանը պատմել կրթահամալիրի մասին, որ Տիգրանի քույրիկը, որը այս տարի փոխադրվելու է 8-րդ դասարան, նույնպես որոշել է տեղափոխվել կրթահամալիր՝ միջին դպրոց: Հետաքրքիր է նաև այն, որ պայմանագիր կնքելու են գալիս նաև միայն սովորողները, ովքեր արդեն կողմնորոշվել են իրենց ընտրության մեջ և այլևս ծնողի խորհուրդի կարիքը չունեն: 

Ժամը 13:11 րոպե է: Գրանցվել է երկու արտակարգ պատահար. 1) ժամը 11:30-ի կողմերը հայտնաբերվել է, որ կոտրվել է նախկին փռի դուռը: Ենթադրաբար, պատճառը դրսում խաղացող երեխաներն են եղել, որոնք գնդակով հարվածել են դռանը: 2)12:28 դպրոցը հոսանքազրկվեց: Դեպքի մասին տեղեկացվել է էլեկտրիկ Կորյուն Ստեփանյանը, ով զանգելով էլեկտրական ենթակայան, տեղեկացել է, որ վթար է տեղի ունեցել և հոսանքազրկված է գրեթե ամբողջ թաղամասը: 13:09 վթարը վերացվեց և մենք կրկին հոսանք ունենք և գրասենյակները շարունակում են պայմանագրեր կնքել:

13:18-ին հերթապահությանս միացան սովորողներ Մերի Կարապետյանն ու Արփի Սահակյանը: Քննարկում ենք eTwinning-ին մասնակցելու մեր հեռանկարները, հնարավոր նախագծերը: Որոշեցինք այս տարի նաև մենք նախագիծ առաջարկել eTwinning-ին՝ հրավիրենք մեր եվրոպացի գործընկերներին մասնակցելու մեր դպրոցի բազում ստուգատեսներից որևէ մեկին: Երկար քննարկեցինք, թե որ մեկը ավելի հարմար կլինի և սովորողները առաջարկեցին Հանրակրթական Դիջիթեքը՝ այն իսկապես միջազգային դարձնելու նպատակով: Եվ այսպես, սկսում ենք մեր նոր նախագիծը՝ "eTwinning-ը կրթահամալիրում": Այսպիսով, 2016-2017 ուտարվա համար արդեն ունենք երեք նախագիծ: Սկսում ենք աշխատել...

14:26 Դպրոց-պարտեզի սովորող Դավիթ Աբովյանի ծնողը այցելեց կրթահամալիր՝ 6-րդ դասարանի համար պայմանագիր կնքելու: 

15:20-ավագ դպրոցի 10-րդ դասարանի պայմաններին ծանոթանալու համար կրթահամալիր այցելեց մի սովորող՝ մայրիկի հետ: 

16:10-Օրվա արդյունքները՝ կնքված պայմանագրերի քանակով.

  • Միջին դպրոց-7 սովորող՝ 6-րդ դասարան, 6 սովորող՝ 7-րդ դասարան, 3 սովորող՝ 8-րդ դասարան
  • Ավագ դպրոց-1 սովորող՝ 9-րդ դասարան, 3 սովորող 10-րդ դասարան՝ մեկ սովորող կրթահամալիրից, Աբովյանի N 6 միջնկարգ դպրոցից, Թաիրովի միջնակարգ դպրոցից, 2 սովորող 12-րդ դասարան՝ կրթահամալիրից: 

17:00- ավարտում եմ հերթապահությունս