• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժության ամառային ճամբար

Մանկավարժության ամառային ճամբարը բաց է՝ կազմված մանկավարժների (կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների), մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից: 

Ճամբարը կազմակերպվում է հունիսի 20-ից հունիսի 26-ը և հուլիսի 4-ից հուլիսի 10-ը: Ոչ կրթահամալիրցին մասնակցության համար լրացնում է  մասնակցության հայտը և անում է համապատասխան մուծում (ուղեգրի արժեքը՝ 15 000 դրամ):
Ճամբարի մասնակիցն ունենում է մարզահագուստ, լողազգեստ, անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք:

Մանկավարժության ճամբարի գործունեության ուղղություններն են.

  1. Ուսումնական նախագծեր: Դրանց իրականացման փուլերը.
  • խնդրի ձևակերպում
  • նախագծում
  • ընթացք
  • արդյունքներ
  • գնահատում:
  1. Մարզական գործունեություն
  • Լող
  • Հեծանիվ
  • Մարմնամարզություն
  • Ռազմամարզական խաղեր
  1. Երաժշտություն-երգ-պար
  2. Երկօրյա Ճամփորդություն

Ջոկատի գործունեության կազմակերպիչը ջոկատի ղեկավարն է: Ջոկատը ղեկավարելու համար կարող են լինել ինքնառաջադրումներ:

Մանկավարժության ճամբարի ջոկատի ղեկավարի աշխատակարգ

Ջոկատի ղեկավարը.

  • Կազմում է իր ջոկատը՝ 10 մանկավարժ կրթահամալիրից (ցանկալի է տարբեր օղակներից), 1-2 մանկավարժ այլ հաստատություններից և կրթահամալիրում աշխատել ցանկացողներից:
  • Տարածում է տեղեկատվություն՝ իր ջոկատում ոչ կրթահամալիրցիներ ներառելու համար:
  • Ներկայացնում է նախագծային ուսուցման մանրամասն ծրագիր մոդուլների տեսքով՝ ըստ օրերի, ըստ ժամերի:
  • Սեմինար պարապմունքը կազմակերպում է՝ գործածելով գործունեության կազմակերպման արդյունավետ  մեթոդներ:
  • Կազմակերպում է իր ջոկատի՝ ճամբարի ծրագրով նախատեսված մյուս գործունեությունները:
  • Մյուս ջոկատիների ղեկավարների հետ կազմում է արտագնա 2-օրյա ճամբարի միասնական ծրագիրը:
  • Կատարում է իր ջոկատի անդամների ներկա-բացական:
  • Բնութագրում է իր ջոկատի՝ կրթահամալիրում աշխատել ցանկացողին:

Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում: Ճամբարի վերջին երկու օրը կազմակերպվում է արտագնա` Սևանի «Ժայռ» ուսումնամարզական ճամբարում:
Մարզերից եկողները սահմանված կարգով կարող են օգտվել կրթահամալիրի կացարաններից:

Ճամբարի հայտարարությունը