• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իրանական մոտիվներ

Կրթահամալիրում իրանցի հյուրեր են, երբեմն զարմանալի համեստ ու բռնազբոս, բայց միևնույն ժամանակ խորաթափանց ու դժվարընկալելին ընկալող: Կրթահամալիրի տնօրենի սուր ու բազմափորձ աչքը տեսել է դարավոր հարևանների հոգու խորքը: Անգամ իրանցի բարձրաստիճան հյուրերին չի հաջողվում թաքնվել իրենց պատյանում: Տնօրենը ներկայացնում է կրթական տարածքը, միջավայրը, որն անգամ ներկայացման կարիք չունի. հյուրերը տեսնում են ավանգարդը ամեն քայլափոխի, տնօրեն-դասավանդող-սովորող յուրահատուկ կապը: Իրանցի հյուրերը զուսպ են ինչպես Արևելքը, բայց այլևս չեն դիմանում և խոսում են, հիանում, առաջարկում նախագծեր, համագործակցություն:

«Իրան-Հայաստան բարեկամության միություն», չափազանց խոստումնալից վերտառություն, չափազանց տարողունակ ու պարտավորեցնող: «Մխիթար Սեբաստացին» պատրաստ է, տնօրենը պատրաստ է, սեբաստացիները պատրաստ են բարեկամության, քանզի կրթությունը նաև բարեկամություն է: Իրանը և մենք, տարօրինակ է հնչում: Դպրոցում, ԲՈՒՀ-ում փողոցում, մենք ծանոթ ենք նվաճող, մեր երկիրը մշտապես գրաված պարսիկներին, ովքեր մեր հավատին չեն: Ոչինչ ավելին: Արդյոք սա՞ է ժամանակակից Իրանը: Ովքե՞ր են իրանցիները, ովքե՞ր ենք մենք: Դժվար է, չգիտենք, գուցե և չենք ուզում իմանալ: Օտարված, Եկատերինբուրգի փողոցներում կամ Դեյթրոյթի դպրոցներից մեկում տեղի ունեցած խուլիգանությունների մասին լուրերով տարված, մոռանում ենք այն, ինչ գտնվում է մեր շուրջը, գրեթե մեզ հետ: Կրթահամալիրի տնօրենն իր խոսքում շեշտում է «Մենք չենք ճանաչում ժամանակակից Իրանը, մենք կփորձենք ճանաչել, բայց չենք հրաժարվի Ձեր օգնությունից»:

Բացում եմ նոթբուքը, վաղուցվա գրառումներս ու հանդիպում եմ. 

Ջրերից հետո

Մի օր, երբ
Գիտությունը ապրում էր ջրի ափին,
Մարդը
Մարգագետնի քնքուշ ծուլության մեջ
Ուրախ էր լազուրի իմաստասիրությամբ,
Մտածում էր թռչնի ուղղությամբ։
Ծառի զարկերակի հետ, տրոփում էր զարկերակը նրա,
Կակաչի պայմանների պատրվածն էր։
Գետի խոշոր իմաստը
Ծփում էր նրա խոսքի ընդերքում։
Մարդը
Քնում էր տեքստում տարրերի
Եվ արթնանում վախածեգին մերձ,
Սակայն երբեմն
Հասունացման օտար երգը
Տարածվում էր հաճույքի դյուրաբեկ հոդում,
Եվ ծունկը համբարձման հողոտվում էր,
Իսկ հետո կազմավորման մատը
Տրտմության ճշգրիտ երկրաչափության մեջ
Մնում էր միայնակ:
Սոհրաբ Սեփհերի

Կարծես թե հայերեն է գրվել, հայաստանյան հեռավոր մի գյուղում: Ճանաչողություն  կյանքի և բնության: Արդյոք մենք ա՞յլ ենք, գուցե նրանք են այլ: Մոլորված հարց, մոլորված սկիզբ: Արվեստին անընկալելի է այլությունը: Մենք հանդիպում ենք, ներկայացնում, զրուցում, խոսում կրոններից, իսլամից, Սուրբ Ղուրանից, պատմությունից, ներկայից և անցյալից: Ապա կարդում.
«Մի տարի է: Այս ընթացքում որքան աղաչում և թուղթ ու գրիչ էի ուզում՝ չէին տալիս: Շարունակ մտածում էի՝ հենց որ ձեռքս թուղթ ու գրիչ ընկնի՝ ինչե՜ր եմ գրելու...
Սակայն երեկ, առանց իմ ցանկության, թուղթ ու գրիչ բերեցին: Մի բան, որ այդքան երազում ու սպասում էի: Բայց ի՞նչ օգուտ... Երեկվանից մինչև հիմա որքան մտածում եմ, ոչինչ չի ստացվում, ասես մեկը ձեռքս բռնում է, կամ էլ բազուկս է անզգայանում: (Սադեղ Հեդայաթ, «Երեք կաթիլ արյուն»): Ամենուր գերագույնը մարդ մնալն է: Մարդը ճանաչում է, ընկալում, հանդուրժողականություն և սեր: 

Իրանցի հյուրերը սիրեցին սեբաստացիներին, համենայնդեպս այդպես թվաց, սեբաստացիներն էլ սիրեցին ու փոքր-ինչ բացահայտեցին Իրանը: Հուսանք, որ երկկողմ ճանաչողությունն ու բացահայտումնները կլինեն շարունակական ու արդյունավետ:

Սեբաստացիները դիմավորում են հյուրերին