• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխարհը սեբաստացիների աչքերով (մեդիանախագիծ)

Աշխարհը սեբաստացիների աչքերով, խորագիր, որը հնչում է շատ գեղեցիկ և միաժամանակ չափազանց պատասխանատու: Ի"նչ հասկանալ այս խորագրի ներքո: 

Ցանկանում եմ տեղեկացնել սեբաստացիներին, որ առաջիկայում մեկնարկելու է «Աշխարհը սեբաստացիների աչքերով» նոր մեդիանախագիծը, որն արժանացել է նաև կրթահամալիրի տնօրենի հավանությանը: 

Համառոտ ներկայացնեմ նախագծի վերաբերյալ իմ պատկերացումները

 Իմ նախորդ հրապարակման մեջ անդրադարձել եմ սույն նախագծին, որն այժմ ներկայացնում եմ առավել մանրամասն: Մենք ապրում ենք մշտապես փոփոխվող երկրում և աշխարհում, որտեղ օրըստօրե տիրապետող են դառնում մեդիագործիքներն ու համացանցը: Այս տեսանկյունից բացառություն չեն կազմում նաև կրթությունն ու հանրակրթությունը՝ իրենց բոլոր բաղադրիչներով: Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման արդյունքում տեղեկատվության ֆիզիկական կրիչները (թերթ, ամսագիր, գիրք) փոխակերպվում են մեդիա կամ թվային կրիչների: Բնականաբար այս գործընթացին զուգահեռ համացանցը և համացանցում կենտրոնացված ինֆորմացիան նպատակաուղղված քայլերի արդյունքում վերածվում են յուրօրինակ կրթամշակութային միջավայրի: Ասվածի վառ ապացույցն է կրթահամալիրի կայքն իր ենթակայքերով ու բաժիններով: Սակայն կարծում եմ, մեր շուրջը կատարվող ամենատարբեր իրադարձությունները` սկսած կենցաղից, վերջացրած քաղաքականությամբ, պետք է իրենց արտացոլումը գտնեն կրթահամալիրի կայքում`հիմնականում սովորողների ներկայացմամբ: Հենց վերջին կետից էլ սկսվում է «Աշխարհը սեբաստացիների աչքերով» նախագիծը: 

Նախագիծը գործնականում

Պրակտիկ տեսնակյունից նախագիծն իրենից ներկայացնելու է սովորողների կողմից պատրաստված հոդվածների, տեղեկությունների, էսսեների և դիտարակումների ամբողջություն, որը համապատասխան խմբագրումից հետո հայտնվելու է կայքում: Նպաստելու է սովորողների մոտ գրավոր, հրապարակային խոսքի զարգացմանը և բնականաբար տեղեկացվածության բարձրացմանը: Վերջին կետը, կարծում եմ, ելակետային է կրթված ու գիտակից քաղաքացու կերտման ճանապարհին: Նախագծի կարևոր կողմերից մեկն է լինելու նաև այն, որ սովորողները և դասավանդողները կրթահամալիրի սաների տեսանկյունից կծանոթանան օրվա կամ շաբաթվա անցուդարձին, ինչն իր հերթին հնարավորություն կտա կողմնորոշվել սովորողների  քաղաքացիական գիտակցության բարձրացման թույլ կամ ուժեղ կողմերի վերաբերյալ:

Ակնկալիքներ

Քանի որ ներկայումս դեռ չեմ հասցրել լիովին ծանոթանալ կայքում ակտիվորեն հանդես եկող, ինչպես նաև հասարակագիտական նախասիրություններ ունեցող սովորողների հետ (և ոչ միայն հասարակագիտական), ուստի ակնկալում եմ դասավանդողների, ուսումնական կենտրոնների ղեկավարների աջակցությունը, նախագծի կյանքի կոչման և, այսպես ասած, համապատասխան թիմի ձևավորման հարցերում: