• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան մտորումներ 2

Ուզում եմ պատմել մեր այլազգի ընկերների ՝ թրքուհիներ Բուշրայի, Քադրի, իսրայելցի Վանանդի, վրացի Նանայի, լեհ Կարոլինայի, Կատաժինայի մասին: Գիտեք, միևնույն է, ես մնում եմ այն կարծիքին, որ հորինած բան է ազգությունը: Մարդիկ և մարդկային հարաբերությունները մնում են բացարձակ արժեքներ՝ անկախ ազգային պատկանելությունից: Կարճ ժամանակում սիրելի, հարազատ դարձած մարդիկ են, ազգությունն ի՞նչ կապ ունի:

Իրենց խառնվածքով տարբեր են մեր թրքուհիները. Քադրը խաղաղ է, հավասարկշիռ, ի ուրախություն ինձ՝ շատ դանդաղ է խոսում անգլերեն՝ հատիկ-հատիկ, և մենք սիրով զրուցում ենք: Կիրթ է, բարեհամբույր: Սիրուն թրքուհի է: Բուշրան կրակի կտոր է՝ խայտառակ լավ անգլերեն գիտի: Ապրում է Ստամբուլում, բայց կրթությունն Իզմիրում է ստանում, ընդ որում՝ կրթության լեզուն էլ անգլերենն է: Արագախոս է: Զրուցելիս ստիպված եմ լինում ասել՝ մի քիչ կամաց խոսիր, գոզալ: Բուշրան աշխատում է սովորողների հետ: Չգիտեմ՝ մյուս սովորողները Բուշրային ոնց են դիմանում, բայց մեր սովորողների համար երևի թե անծանոթ չէ այդ տեմպը:

Շատ կոլորիտով կին է մեր Վանանդը: Իսրայելցի է, մուսուլման. գլուխը տեղը տեղին փաթաթում է: Ամբողջ մարմնից միայն դեմքն է երևում: Կենսախինդ կին է, հումորով: Մեր մուսուլման ընկերոջ կողքին շատ լավ են դիտվում քույր Կարոլինան և քույր Կատաժինան՝ իրենց նույնքան փակ համազգեստով՝ մեծ խաչերը կրծքներին: Բարձրահասակ, մեղմ, քրիստոնեական համբերությամբ մարդիկ են՝ հաշտ աշխարհիկ կյանքի աղմուկի հետ: Մուսուլմանական այս միջավայրին մի այլ խորհուրդ են հաղորդում մեր քույրերը:

Դե, պարզ է, որ մեր կյանքն առանց վրացի ընկերների էլ չենք պատկերացնում: Աջարացի է Նանան. զարմանալի հետևողական կին: Պետք է տեսնել այն ջանքը, որ նա գործածում է անգլերեն հարաբերվելու համար: Լավ, նվիրված ընկեր է, ուշադիր մարդ՝ վրացական առույգությամբ: Իրար հետ շփվում ենք սիրով: Անգլերենի խնդիր չունենք ոչ մեկս. բոլորս էլ գրեթե նույն չափով գիտենք, ու ասեմ, որ լավ էլ գիտենք: Եթե կարողանում ենք ազատ հաղորդակցվել, երկար զրուցել, մեր անգլերենի իմացության վրա ինչո՞ւ պիտի կասկածենք: Ասենք թե մի քիչ էլ քերականորեն ճիշտ կազմեցինք խոսքը, դրանից ասածի իմաստը փոխվե՞ց: Ինչու լեզուն հաղորդակցության միջոց չէ՞: Դե, հաղորդակցվում ենք, էլի: Մանավանդ, որ օր  օրի ավելի լավ ենք խոսում: Ունենք  նաև ծրագրեր՝ հետագա համագործակցության հետ կապված:

Մի խոսքով, ամեն ինչ լավ է: Ձեռք բերեցինք նոր ընկերներ: Հրաշալի օրեր՝ հետաքրքիր մարդկանց հետ: