• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես «քուչի տղա» չեմ, ես քաղաքացի եմ. Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստիացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին հաճախ կարելի է տեսնել հեծանիվով Բաղրամյանի ցույցերին: Լսելով Past.am կայքի անունը՝ նա մեզ ասաց.

«Փաստ է, որ ունենք խաղաղ հանրահավաք, փաստ է, որ խաղաղ հանրահավաքը հենց նրա համար է, որ Ոստիկանությունը պաշտպանի, փաստ է, որ այդ խաղաղ հավաքը որևէ օրինական ձևով անհնար է ցրել: Լավ է, որ Երևան քաղաքում հիմա կա մի փողոց՝ Բաղրամյան փողոցը, որտեղ հազարավոր քաղաքացիներ արտահայտվում են»:

Հարցին՝ ո՞ւր հասավ շարժումը, Բլեյանը պատասխանեց. «Շարժումը նրանով է շարժում, որ այն կենդանի օրգանիզմ է, որը մարմին և գլուխ ունի, աճում է, փորձ հավաքում և այլն: Ես տեսել եմ շարժում, ես գիտեմ, որ մի բան է քո ցանկությունը, մեկ այլ բան՝ իրականությունը: Իսկ ո՞վ ասաց, որ շարժումը պետք է բոլորի ցանկությունները կատարի: Մենք՝ քաղաքացիներս ենք ստեղծում շարժումը, այն իր մեջ ունի լիցքեր»: Պարոն Բլեյանը դեմ է, երբ սկսում են տարանջատել՝ քաղաքակա՞ն է պայքարը, թե՞քաղաքացիական:

Նա մասնավորապես ասում է. «Չի կարելի բաժանել այդ հարթությունները: Ով նման բան անի, կձախողվի: Քաղաքացիներով քաղաքական համակարգ ենք ստեղծել, պետությունը քաղաքական կազմակերպություն է, կառավարումը քաղաքական գործընթաց է: Ինչի՞ համար է այս շփոթը: Այսօր մեր առաջ դրված է քաղաքական խնդիր, որովհետև այն կապ ունի յուրաքանչյուրիս հետ: Իշխանությունն՝ իր նախագահով, Ազգային ժողովով, կառավարությամբ պետք է մասնակցի դրա լուծմանը: Հնարավոր է նաև, որ դատական համակարգը մասնակցի: Ստացվեց, որ ամբողջ պետական համակարգը պետք է ցույց տա իր ընդունակությունը:

Հայաստանում հաստատված սակագները թույլ չեն տալիս մարդկանց ապրել իրենց հայրենիքում, թույլ չեն տալիս բավարարել տարրական կարիքները: Բա էլ քաղաքական համակարգը ինչի՞ համար է, որ քաղաքացիների կյանքը չի ապահովում: Հիմա ես և դուք գո՞հ ենք էլեկտաէներգիայի վիճակից՝ որպես սպառող: Շատ դժգոհություններ կան. ո՛չ գնից ենք գոհ, ո՛չ որակից, նաև մեր կարգավիճակից, որ չենք կարողանում սեփական իրավունքները պաշտպանել»:

Անդրադառնալով աուդիտ անցկացնելու որոշման մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Ի՞նչ աուդիտ, դա ի՞նչ խնդիր է: Գոյություն ունի ընկերությունների աուդիտի մասին օրենք, համաձայն որի՝ մասնավոր ընկերությունները դա անց են կացնում: Ուրիշ բան, եթե լիցենզիայի մասին պայմանագիրը, որով լիցենզիա է տրվել, նախատեսում է նման բան: ես ծանոթ չեմ և չեմ կարող ասել: Այստեղ խոսքը բոլորովին էլ աուդիտի մասին չէ, խոսքը այն մասին է, որ Հայաստանում գործող մի անհասկանալի մարմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, պաշտպանում է թալանչիների շահերը, այլ ոչ թե ժողովրդի: Ժամանակն է, որ այդ պետական մարմին կոչվածը չլինի, դուրս գա մեր միջից: ՀԾԿՀ-ն դարձել է միջնորդ:

Պետք է լինեն նորմալ շուկայական հարաբերություններ, Հայաստանում պիտի գործի մի քանի էլեկտրացանց, որ մրցակցություն լինի, օրինակ՝ ինչպես եղավ բջջային հեռախոսակապի, ինտերնետի շուկայում: Քաղաքացին էլ չի հանդուրժում այս վիճակը, և նրան պետք չէ լռեցնել, նրա իրավունքը պետք է պաշտպանել: Շարժումը պետք է իշխանություններին, եթե նրանք ուզում են բարեփոխումներ անել: Այս շարժումը ստեղծվել է փողոցում, բայց ոչ երբեք քուչում: Ես չեմ կարող քուչում կանգնել: Այս հանգամանքը պետք է կարողանալ տարբերակել: Ես «քուչի տղա» չեմ, ես քաղաքացի եմ»:

Վերջում Աշոտ Բլեյանը կոչ արեց ոգևորել շարժումը և «չկռռալ»:

Լևոն Փանոսյան

Աղբյուրը՝ past.am