• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ի սկզբանե մասնակցել եմ շարժմանը՝ 8 գիշեր անընդմեջ գիշերելով Բաղրամյանում»

Աղբյուրը՝  asparez.am

Բաղրամյան պողոտայում եւ «Ազատության» հրապարակում տեղի ունեցող զարգացումների մասին, «Ասպարեզին» իր տեսակետն է հայտնել կրթահամալիրի դասավանդող, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք երիտասարդների նախաձեռնած շարժումը՝ ուղղված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ,  նաեւ ի՞նչ կանխատեսումներ ունեք, պայքարի թափն առաջիկայում կկոտրվի՞, թե՞, ավելի մեծ մասշտաբով կշարունակվի, վերջինս պատասխանեց.

- Ես ողջունում եմ ցանկացած նախաձեռնություն, որը միտված է ՀՀ քաղաքացիների սոցիալական, կրթական, մշակութային, տնտեսական, իրավական, քաղաքական կամ այլ իրավունքների պաշտպանությանը: Ավելին` հնարավորինս մասնակցում եմ նման նախաձեռնություններին: Ինչ վերաբերվում է սույն շարժմանը, ապա մասնակցել եմ ի սկզբանե եւ 8 գիշեր անընդմեջ գիշերել եմ Բաղրամյանում: ՀԷՑ-ի խնդիրը շոշափում է հասարակության բոլոր շերտերի շահերը, ուստի, ի սկզբանե պարզ էր, որ հավաքների բազմամարդությունն ապահովված էր: Սակայն, այստեղ կան մի շարք խնդիրներ, որոնց կուզենայի անդրադառնալ: ՀՀ նախագահ կոչվող անձը փաստացի չբավարարեց ցուցարարների որեւէ պահանջ: Ավելին, շատ հստակ ասաց, որ չի էլ զիջելու որեւէ կետով,-պարզաբանեց Վ.Թոքմաջյանը:

Ըստ Վ.Թոքմաջյանի, Բաղրամյանի հետ կապված, իշխանությունները գործադրեցին միջոցներ շարժումը կիսելու ուղղությամբ:

- Ես չգիտեմ, եւ չեմ էլ ուզում Օպերա գնացողներից որեւէ մեկին վիրավորել կամ պնդում անել շարժումը պառակտելու համար, բայց մեկ բան ակնհայտ էր, որ այդ քայլը առաջացրեց հասարակական տարբեր խմբերի բացասական վերաբերմունքը: Այդ էր նաեւ պատճառը, որ վերջին օրերին Բաղրամյան պողոտան այդքան բազմամարդ չէ: Այս շարժումը մտնում է փակուղի, եթե օրակարգում մնում է միայն այն խնդիրը, որի համար հավաքվել էին: Շարժման հետագա քայլերի վերաբերյալ ես կարող եմ անել առաջարկություններ, քանզի կուսակցական չեմ եւ կաշկանդված չեմ որեւէ առումով,-ասաց զրուցակիցս:

Նրա խոսքով, վերը նշված տեսակետն ինքն հնչեցրել է նաեւ Բաղրամյան պողոտայում, հանրային քննարկումների ժամանակ:

-Շարունակության միակ ձեւը ես տեսնում եմ քաղաքական գործընթացի վերածելու մեջ: Քաղաքացին եւ քաղաքականը փոխկապակցված բառեր են: Հայաստանում չկա որեւէ խնդիր, այդ թվում սոցիալական խնդիրները, որոնք կապ չունեն իշխանությունը բռնազավթած եւ դրա գլխավոր կրողի` Սերժ Սարգսյանի հետ: Ուստի, շեղվել իրական իմաստից եւ պուպուշ բառերով` քաղաքացիական շարժում, ինքնակազմակերպված ջահելություն, սոցիալական բունտ եւ այլն, դրանով մենք զբաղվում ենք ինքնախաբեությամբ: Չարիքի աղբյուրը մեկն է: Շարունակությունը ես տեսնում եմ իրենց ընդդիմություն հռչակած կուսակցությունների` երկրորդավորված դերով պողոտայում հայտնվելով եւ հստակ օրակարգ ձեւակերպելով: Ես չեմ ասում՝ հարթակը տալ այս կամ այն կուսակցությանը: Ընդհակառակը, ես ասում եմ, որ բոլոր այն գործիչները, որոնք ստացել են քվե, եւ այսօր իրենց համարում են ընդդիմադիր, պետք է գան պողոտա եւ ցուցանակ բռնեն շարքային ցուցարարների կողքին: Եթե սա չի լինում, եւ օրակարգում մնում է միայն ՀԷՑ-ի հարցը, գումարած ինչ-որ ոստիկանների խնդիր, որին ի դեպ Ս.Ս.-ն ընդհանրապես չանդրադարձավ, ապա ստացվում է մի թատրոն, որը ՀՀ-ում ձեռնտու է միայն մեկ մարդու` Սերժ Սարգսյանին: Սրա միջոցով նա արդեն լուծել է եւ շարունակում է լուծել բազմաթիվ անձնական խնդիրներ ռուսների հետ, իսկ Արեւմուտքին ցույց է տալիս, թե տեսե´ք, ինչ ժողովրդավարություն ենք կառուցում. արդեն մեկ շաբաթից ավել մեր կարեւորագույն պողոտաներից մեկը փակ է, իսկ մենք որեւէ ուժ չենք գործադրում: Այդպիսի բան անգամ Փարիզում, Լոնդոնում կամ Վաշինգտոնում հնարավոր չէ: Իսկ ոստիկանությունը կստանա իր հերթական դրամաշնորհը:

Անահիտ Սիմոնյան