Հրայր Ղահրիյան
10-4 դասարան
Կայացավ «Սովորողներն ընդդեմ կրկնուսուցման համակարգի» դատական 5-րդ նիստը: Առաջինը ելույթ ունեցավ վկա Յուրա Գանջալյանը: Նա խոսեց իր հոդվածի մասին:
-Ինչ գրել եմ, անկեղծ եմ գրել, իմ այս գրածով, իրոք, ես կողմ եմ և պաշտպանելու եմ երեխայի արժանապատվությունը: Արժանապատվությունը հենց միջին դպրոցից սկսում է մարել: Կրկնուսույցի գործառույթը երեխային ազատություն է պարգևում: Չտեղեկացված մարդն ինքն արդեն բռնադատված է, իսկ մեր դասագրքերով սովորելիս երեխաները կարծես բռնադատված լինեն: Երեխան իրավունք ունի կրթվելու, կրկնուսույցը դրա հնարավորությունը տալիս է:
Աշոտ Տիգրանյանը ներկայացրեց իր միջնորդությունները դատարանին (միջնորդությունները կարող եք դիտել այստեղ), որից հետո Յուրա Գանջալյանը նշեց, որ Տիգրանյան Աշոտը սրտացավ կերպով չի անում այս գործը: Նա նաև քննադատեց Աշոտ Տիգրանյանի ներկայացրած երկրորդ միջնորդությունը (ավագ դպրոցում մտցնել 2+1 համակարգը, այսինքն երկու տարի խորացված ուսուցում և մեկ տարի նախապատրաստում ընդունելության քննություններին) և ասաց, որ, օրինակ Ճապոնիայում ընդունելության քննություններ տալիս են ավագ դպրոց ընդունվելիս, ոչ թե բուհ ընդունվելիս և ամեն ինչ կախված է երեխայի գիտելիքից և պարտադիր չէ այս համակարգը մտցնել: Դատավոր Բլեյանն ասաց, որ պետք չէ համեմատել այլ երկրների կրթական համակարգը մեր կրթական համակարգի հետ:
Ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանն առաջարկեց մտցնել ոչ թե 2+1, այլ 1+2 համակարգը, այսինքն ոչ թե երկու տարի խորացված ուսուցում և մեկ տարի նախապատրաստություն ընդունելության քննություններին, այլ մեկ տարի խորացված ուսուցում և երկու տարի ընդունելության քննություններին նախապատրաստում:
Դատավոր Աշոտ Բլեյանը որոշում կայացրեց երկու շաբաթով հետաձգել դատական նիստը և հանձնարարեց Աշոտ Տիգրանյանին, Գևորգ Հակոբյանին այս հարցի շուրջ քննարկումներ անցկացնել:
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին: