• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ո՞րն է ավելի կարևոր. փորձառություն ձեռք բերե՞լը, թե՞ գրքեր կարդալը

Աննա Մկրտչյան 11-րդ դասարան

Իմ կարծիքով գրքեր կարդալը և փորձառություն ձեռք բերելը հավասարաչափ կարևոր են: Եթե որևէ մեկը գրքեր է կարդում, որպեսզի նոր գիտելիք ձեռք բերի, բայց չի կիրառում այդ գիտելիքը իրական կյանքում, ո՞րն է այդ գիտելիքի իմաստը: Մեկ այլ անձնավորություն կարող է անհաջող փորձեր կատարել ամբողջ օրը՝ առանց կարդալու: Սա էլ մեկ այլ ծայրահեղություն է: Այսպիսով մենք պետք է արժևորենք երկուսն էլ: Բայց երբեմն այս ամենը մեզանից կախված չէ: Կարծում եմ, որ դպրոցները պետք է իրենց սովորողներին հնարավորություն տան գործածելու իրենց ստացած գիտելիքը տարբեր լաբորատորիաներում և այս ձևով նրանք կարող են փորձառություն ձեռք բերել: Դպրոցները պետք է մեզ գիտելիք և կարողություններ սովորեցնեն, որոնք մեզ կօգնեն իրական կյանքում: 

Օրինակ, շատ դպրոցներում պատմության ուսուցիչները իրենց ուշադրությունը կենտրոնացնում են ժամանակագրական փաստերի վրա. թագավորների ծննդյան և մահվան տարեթվեր, տարբեր ռազմաճակատների վայրերի անուններ և դրանց տարեթվեր՝ առանց վերլուծելու այս փաստերը ու կապելու դրանք մեր օրերի խնդիրների հետ: Անգլերենի ուսուցիչներն էլ իրենց ուշադրությունը կենտրոնացնում են քերականության և դասագրքի տեքստերի ընթերցանության վրա: Իհարկե դրանք կարևոր են, բայց ավելի լավ կլինի, որ դասերի ընթացքում քննարկումներ, ուսումնական ֆիլմերի դիտումներ լինեն, որպեսզի զարգանան խոսելու և լսելու կարողությունները:

Այս առումով մեր "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիրը կարող է լավ օրինակ ծառայել: Մեր անգլերենի դասերին մենք ոչ միայն քերականական վարժություններ ենք անում, այլև քննարկումներ ենք կազմակերպում, դիտում ենք չթարգմանված ֆիլմեր ու քննարկում դրանք: Մեր պատմություն առարկայից ուսումնական նախագծեր ենք անում, կարդում ենք տարբեր գրքեր, դիտում ենք ֆիլմեր և վերլուծում պատմական փաստերը՝ դրաանք կապելով մեր ներկա իրականությանը: Մեր գրականության դասերը սովորեցրել են մեզ գրել: Մի որևէ գիրք կարդալուց հետո մենք վերլուծություններ ենք անում և գրում մեր տեսակետի մասին, որը հրապարակվում է մեր բլոգներում և Լուսաստղ էլեկտրոնային ամսագրում: Այսպիսով մենք ունենում ենք մեր տեսակետի ընթերցողները: Քիմիայի և ֆիզիկայի դասերն անցկացվում են լաբորատորիաներում, որտեղ սովորողները կարող են տարբեր փորձեր անել այս առարկաների զանազան թեմաներով:  

 Ամփոփելով ուզում եմ նորից շեշտել, որ փորձառություն ձեռք բերելը և գիրք ընթերցելը հավասարապես պետք է արժևորել: