• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջազգային մի նոր նախագիծ

 

Ամեն ինչ սկսվեց ուղիղ մեկ ամիս առաջ, երբ Վահրամ Թոքմաջյանը մեր Անգլախոսների ակումբին ներկայացրեց ամերիկուհի Լեսլի Դիազին, ով պատրաստակամություն հայտնեց մեր ակումբի սովորողների հետ միջազգային նախագիծ իրականացնել, որը կոչվում է «Չպատմված պատմություններ. Միջազգային խաղաղասիրական նախագիծ»: Նախագծի խաղաղասիրական ուժն ու էությունը բացահայտվում է տարբեր քաղաքական համակարգեր ունեցող ու տարբեր կրոնական դավանանքներ հետապնդող պետություններում ապրող դեռահասների երազանքների, նախասիրությունների, իրենց մտերիմների մասին պատմող անկեղծ ու պարզ պատմություններով: Այդ պատմությունները սովորաբար չեն բարձրաձայնվում. Դրանք մնում են չպատմված: Փոխարենը՝ աշխարհի բոլոր ԶԼՄ-ները ողողված են մեծ ու փոքր երկրների ղեկավարների պաշտոնական այցելություններով, հայտարարություններով, դիվանագետների երկիմաստ ու շատ դեպքերում էլ՝ անհասկանալի քաղաքական վերլուծություններով, միմյանց նկատմամբ սպառնալիքներով, վերահաս պատժամիջոցներով, կատարված հանցանքների մանրամասնություններով: Եվ այնպես է ստացվել, որ շատ դեպքերում միջազգային հասարակայնության  ոչ ճիշտ կարծիք և վերաբերմունք է ձևավորվում այս կամ այն պետության, նրանում ապրող ժողովուրդների մասին: Մեր այս նոր նախագիծը կարող է ցույց տալ, որ տարբեր երկրներում ապրող դեռահասները ունեն գրեթե նույն երազանքները, նախասիրությունները, ապագա մասնագիտությունները, անկեղծության ու պարզության գրեթե նույն չափանիշերը: Հարց է առաջանում. Մեծահասակներ, ինչու՞ եք այդքան տարբեր իրարից: Կյանքի ո՞ր տարիքում եք սկսել ատելություն կուտակել, տարբերվել իրարից: Չէ՞ որ բոլորդ էլ պայքարում եք ձեր ապագա սերնդի երազանքների իրականացման համար, որոնք գրեթե ամենուր չեն տարբերվում իրարից:

Դառնանք մեր միջազգային նախագծի բովանդակությանը: Այն ներառում է հետևյալ քաղաքները` Թեհրան, Հռոմ, Քաթմանդու, Երևան, Բեռլին, Զալցբուրգ: Այս 5 քաղաքների դպրոցահասակ սովորողները պատասխանում են միևնույն հարցերին: Հարցերը քաղաքական չեն: Հարցերը վերաբերվում են սովորողների նախասիրություններին, կրթական միջավայրին, մասնագիտական կողմնորոշման խնդիրներին, անձնական հետաքրքրություններին, երազանքներին: Աշխատանքային լեզուն անգլերենն է: Յուրաքանչյուր երկրից մասնակցում է մեկ դպրոց` 10 սովորող: Ծրագրի կազմակերպիչները, վերջնական արդյունքում ակնկալում են ստանալ ամբողջական ֆիլմ, որը կներկայացնի նախագծում ընդգրկված սովորողների հետ իրականացված հարցազրույցները, նրանց ներկայացումները: Ֆիլմը կցուցադրվի տարբեր լեզուներով, տարբեր երկրներում:  Նախագծի առաջին փուլն արդեն իսկ իրականացվել է Թեհրանում և շարունակվում է մյուս քաղաքներում: Երևանից մասնակցում է մեր կրթահամալիրի անգլախոսների ակումբը: Անցնող մեկ ամսվա ընթացքում նախագծի համակարգողներ ԼեսլիԴիազը(ԱՄՆ) և Խաշայարը (Իրան) արդեն երեք անգամ մասնակցել են մեր անգլախոսների ակումբի պարապմունքներին և տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Վերջնական ֆիլմի նկարահանումը լինելու է դեկտեմբերի 15-ին, կամ 17-ին: