• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մխիթար Սեբաստացու դասերը

 

          Մխիթար Սեբաստացու դասերը

 Նպատակը կատարմամբ է գեղեցիկ:
                                    Մխիթար Սեբաստացի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը նշում է իր երիտասարդական տարիքի գագաթնակետը: Իսկ որքանո՞վ ենք մենք որպես համայնք և որպես անհատներ, ՍԵԲԱՍՏԱՑԻ: Սեբաստացի`  Մխիթարյան դասերը յուրացնելու և գործնականում կիրառելու տեսանկյունից:

 ԴԱՍ ԱՌԱՋԻՆ. Մտքերի և սրտերի միասնություն Սիրո տիրապետության ներքո: Այս նպատակը դրվել է կրթահամալիրի հիմքում: Իրականացումը վայրիվերումներ է ունեցել: Այսօր այն դեռ չվիճարկվող նպատակ է: Եվ ինչքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ,առավել դժվար է մտքերի, այս դեպքում` մանկավարժական սկզբունքների, միասնության ապահովումը:

  ԴԱՍ ԵՐԿՐՈՐԴ. Արիության, իրատեսության և շրջահայացության ներդաշնակեցում: Արիությունը միշտ էլ կրթահամալիրցիների բնորոշ գիծն է եղել: Արիություն ընդդեմ կաղապարվածության և հարմարվողականության: Բայց այսօր մի՞շտ ենք խրախուսում մեր սաների մտքի և գործի արիությունը: Կասկածում եմ: Իսկ իրատեսությունը, ցավոք, արդեն լքել է կրթահամալիրյան արժեհամակարգի առաջին եռյակը:

ԴԱՍ ԵՐՐՈՐԴ. Մշտապես հսկել, ուղղել, կրթել և ուսուցանել սովորողներին, կարևորելով նաև հանգիստն ու յուրաքանչյուրի տարիքին համապատասխան զիջողությունները: Այստեղ է, որ կրթահամալիրի տնօրեն Տիար Բլեյանը աննահանջ հետևում է աբբահոր պատգամներին: Թե մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է յուրացրել այս դասը, թող ամեն մեկը պատասխան տա իր խղճի առջև:

ԴԱՍ ՉՈՐՐՈՐԴ. Պահպանելով սաների մանկական պարզությունն ու անկեղծությունը, այն զուգակցել խորագիտության և ձեռներեցության հետ: Այս ոլորտում մեր հաջողություններն ակնառու չեն;

ԴԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ. Կարևորել հռետորության և իմաստասիրության դասավանդումը; Այս ուղղություններով ընթացքն արդյունավետ էր, սակայն առարկայական և ենթակայական գործոններն այն կասեցրեցին:

ԴԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ. «…. ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, այնպես ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»(Մխիթար Սեբաստացի):Գուցե՞ այս դասը հնացած է, չգիտեմ: Բայց հարկ համարեցի հիշեցնել:

ԴԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ. Միշտ աշխատել ընթանալ ոսկե միջինի ուղով` վեհանձնության հետ խոնարհամտություն, հրամայելու ժամանակ համեստ, խիստ, բայց քաղցրահամբույր, խորագետ, բայց ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, բայց ոչ անզգույշ և գաղտնամատնիչ, կիրթ, բայց ոչ կեղծավոր, բարեմիտ,բայց ոչ նվաստախոհ և ծառայամիտ, ու այդ ոգով էլ կրթել սաներին: Այս մանկավարժական երազանքը կկենսագործվի լոկ այն ժամանակ, երբ կդառնա ամենպահյա ուղեցույց; Դեռ այդպես չէ:

ԴԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ. Սովորեցնել սաներին դժվարություններ հաղթահարելու արվեստը և ձևավորել այս ուղղությամբ ընթանալու կամք: Այս հարցում կրթահամալիրում առկա են տարակարծություններ: Կարծում եմ, որ Մխիթար Սեբաստացու այս դասը ևս գործնական քննարկման առարկա կդառնա տեսանելի ապագայում:

ԴԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ. Սովորողի ընթերցասիրությունը, որ ծնվում է բնածին հետաքրքրասիրությունից, խթանել և դարձնել սովորույթի ուժ ունեցող հմտություն: Եթե դադարենք ձայնակցել վատատեսներին, այդ թվում` շատ ծնողների, ու գանգատվել, թե երեխաները չեն կարդում, և որպես առաջին քայլերից մեկը մեր կարդացածը խորհուրդ տանք նրանց և խրախուսենք, նաև կարդանք նրանց առաջարկածը, ապա կտեսնենք, որ երբեմն մեր ընթերցասիրությունն է կաղում:

Հ.Գ. «Վիճիր քեզանից գիտունի հետ: Մի տխրիր պարտվելու մտքից, քանի որ կշահես իմաստության ճակատամարտը:
Վիճիր քեզ հավասարի հետ, կպարտվես դու, կամ նա, բայց կշահեք իմաստության ճակատամարտը և՛ դու, և՛ նա:
Վիճիր քեզանից քիչ իմացողի հետ, չէ՞ որ օգտակար կարող ես լինել նրան՝ զրուցակցիդ:
Բայց երբեք չվիճես տգետի հետ, չէ՞ որ ոչ մեկդ չեք շահի, ախր..» (Մխիթար Սեբաստացի)

 

10.11.2014                 ©                    Աշոտ Տիգրանյան

Հեղինակը շնորհակալություն է հայտնում իր գործընկեր Նունե Մովսիսյանին` անհրաժեշտ նյութերը բարյացակամորեն տրամադրելու համար: