• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վան Գոգի նամակներից.արվեստի մասին

Ես ցանկանում եմ, որ դու լավ հասկանաս, թե ես ինչպես եմ նայում արվեստին: Արվեստում ճշմարտության հասնելու համար պետք է շատ և երկար աշխատել: Ես ուզում եմ այնպիսի նկարներ նկարել, որոնք կանհանգստացնեն և կհուզեն մարդկանց: Կարճ ասած, ես ուզում եմ, որ իմ գործերի մասին ասեն`«այս մարդը խո'րն է զգում, այս մարդը նու'րբ է զգում» նույնիսկ իմ կոպտության ժամանակ:

Ո՞վ եմ ես հասարակության կարծիքով: Խենթ, ոչ ոք, տհաճ մարդ, ես չունեմ և չեմ էլ ունենա դիրք հասարակության մեջ. մեկ բառով` ոչնչություն ոչնչությունից: Համարելով, որ այս ամենը ճշմարիտ է, ես ուզում եմ  ցույց տալ, թե ինչ կա խենթ ոչնչության ներսում: Սա է իմ ձգտումը:

Որքան էլ հաճախ ես լինեմ անբախտ, միևնույն է իմ մեջ միշտ կա լուռ, մաքուր ներդաշնակություն և երաժշտություն: Ցանկացած խրճիթում կամ կեղտոտ անկյունում, ես տեսնում եմ նկարների թեմաներ, և ինձ անհաղթահարելիորեն ձգում են դրանք: Արվեստը պահանջում է անդադար աշխատանք:

Համառություն ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն երկար աշխատելու, այլ նաև մյուսների ճնշման տակ սեփական համոզմունքներից չհրաժարվելու ունակությունը:

Ես հույս ունեմ, որ մի քանի տարի հետո և, միգուցե, հենց հիմա, դու կտեսնես ինձ մոտ այնպիսի բաներ, որոնք կպարգևատրեն բոլոր զոհողություններիդ դիմաց: