• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկրորդ քննարկում. ուսումնական նախագծեր

Փետրվարի 4-ին անգլախոսների ակումբում ունեցանք մեզ հուզող երկրորդ հարցի քննարկումը, որը վերաբերում է ուսումնական նախագծերին: Մեր մի քանի դասավանդողներ հետաքրքիր հոդվածներ են գրել, արվել են այս հարցին վերաբերող թարգմանություններ: Մեր կայքում հրապարակվել են մի շարք հաջողված նախագծերի մասին նյութեր, բայց չի կարելի ասել, որ մենք որևէ դժվարություններ չենք ունեցել: Եթե այդպես լիներ, այս քննարկումն էլ չէր լինի: Քննարկումը եղավ անգլերեն գրավոր շարադրանքների ձևով, որպեսզի մի որևէ սովորողի կարծիքը չազդի մեկ այլ սովորողի կարծիքի վրա: Արդյունքում տարբեր կարծիքներ եղան, բայց ուշադիր կարդալով պարզ է դառնում, որ բոլորի նպատակն էլ մեկն էր` լավացնել, ավելի արդյունավետ դարձնել ուսումը, դժվարությունների հաղթահարման ուղիներ փնտրել: 

 

 Սուսաննա Ավետիսյան

Հիմա ես սովորում եմ Ավագ դպրոց-վարժարանում, և ես կարծում եմ, որ ուսուցման ձևով այն տարբերվում է մյուս դպրոցներից: Այստեղ աշակերտները չունեն դասագրքեր և տետրեր և բոլորը սովորում են նոթբուքերով ու նեթբուքերով: Յուրաքանչյուր սովորող ունի իր բլոգը, որտեղ նա իր տնային հանձնարարություններն է տեղադրում և նախագծային աշխատանք կատարում: Ես նորեկ եմ այս դպրոցում և այդ պատճառով էլ իմ բլոգը այդքան էլ հարուստ չէ նյութերով, բայց ես արդեն մի քանի նախագիծ եմ արել, որոնց մասին կուզենայի խոսել: Սկզբում շատ էի դժվարանում բլոգը գործածելիս, իսկ հիմա արդեն հմտացել եմ: Իմ բլոգում արդեն ավարտված նախագծեր կան Հովհաննես Թումանյանի և Գուրգեն Մահարու գործերի մասին: Հետաքրրրքիր շարադրություններ ունեմ ռուսերենից, անգլերենից և փիլիսոփայությունից: Կրթահամալիրում մի ավանդույթ կա. Նոր տարին սկսվում է Դիջիթեքով, որը նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ստուգատես հաշվետվությունն է: Ես նույնպես գրել եմ իմ պատումը:

Ես կարծում եմ, որ նախագծային աշխատանքը հետաքրքիր է, և ամենակարևորն այն է, որ դրանք կարող են պահպանվել տարիներ շարունակ: Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ կան աշակերտներ, ովքեր համացանցից տեքստեր են պատճենում ու տեղադրում իրենց բլոգներում`առանց մտածելու և հասկանալու: Ես կցանկանայի, որ ուսուցիչները հատուկ համակարգչային ծրագրեր ունենային, որոնցով կկարողանային պարզել, թե արդյոք այդ տեքստերը սոովորողների գրածներն են, թե վերցված են համացանցից: Կցանկանայի նաև, որ գնահատվեին ոչ միայն նախագծային վերջնական աշխատանքները բլոգներում, այլև` սովորողների ամենօրյա աշխատանքը:  

Նարեկ Դանիելյան

 Մեր դպրոցում  մենք տարբեր առարկաներ սովորում ենք նախագծեր անելով: Ինձ համար նախագծային աշխատանքը շատ կարևոր է: Ես շատ նախագծեր եմ արել տարբեր առարկաներից. օրինակ, անգլերենից, պատմությունից, բնապահպանությունից: Եթե ուզում եք տեսնել իմ աշխատանքները, կարող եք այցելել իմ բլոգը www.nardaniel.wordpress.com

Ես նախագծերի կողմնակիցն եմ, որովհետև դրանք մեզ շատ բան են տալիս:

Աննա Մկրտչյան

Մեր դպրոցը այլ դպրոցներից տարբերվում է նաև նրանով, որ այստեղ նախագծային ուսուցում է իրականացվում: Հետաքրքիր է նախագծային աշխատանք կատարելը, բայց երբեմն այն արդյունավետ չէ: Նախագծերը երբեմն խանգարում են մեր գիտելիքի ձեռքբերմանը: Օրինակ, ես չեմ հասկանում մաթեմատիկայի նախագծի օգուտը: Կարծում եմ, որ հետաքրքիր է հայոց լեզվից նախագիծ անելը, բայց մենք չպետք է լիովին մոռանանք լեզվի քերականության մասին, կամ էլ կուզենայի, որ մեզ հայոց լեզվի լրացուցիչ ժամեր հատկացվեին դասացուցակում: Իմ կարծիքով այս նախագծերը լուրջ աշխատանք չեն, կամ էլ մենք չենք լուրջ աշխատում: Լուրջ հետազոտական ու ստեղծագործական աշխատանքներ չենք կատարում: 

Եվա Մարկոսյան

Իհարկե ամեն ինչ ունի իր առավելությունները և թերի կողմերը: Այս առումով հիմա ուզում եմ խոսել նախագծային ուսուցման մասին: Կարծում եմ, որ հնարավոր չէ նախագծեր անել բոլոր առարկաներից: Օրինակ, մենք չենք կարող մաթեմատիկայից նախագիծ անել, բայց փաստորեն մենք անում ենք և դա շատ անհարմար է անելը, որովհետև անհարմար է նոթբուքերով մաթեմատիկայի առաջադրանք մուտքագրել: Մենք արդեն այդ մասին խոսել ենք նախորդ քննարկման ժամանակ: Հիմա առաջին կիսամյակի վերջն է, և մենք պետք է ներկայացնենք մեր նախագիծը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպես դա անել: Կարծում եմ, որ մենք պետք է գրիչով և տետրով աշխատենք, երբ նախագիծ ենք անում մաթեմատիկայից` առանց նոթբուքերի և նեթբուքերի: Իմ կարծիքով նախագծերն օգտակար են այնպիսի առարկաների համար, ինչպիսիք են արվեստի պատմությունը, անգլերենը, հայոց լեզուն և գրականությունը: Ես արել եմ նախագծեր անգլերենից, օրինակ, «Human Relationships», «My Future Profession»: Նախագծեր եմ արել նաև արվեստի պատմությունից, բայց նախագծերը կարող են լինել մեր կրթության միայն մի մասը` ոչ հիմնականը: Օրինակ, մենք չենք կարող միայն նախագծերով լավացնել մեր անգլերենի լեզվական գիտելիքները, քերականությունը:

Հովհաննես Դալլաքյան

Կան առարկաներ, որոնց սովորելը արդյունավետ չի լինում, երբ փորձում ենք դա անել նախագծերի մեթոդով: Այդ առարկաների համար կարող են լինել այլ մեթոդներ: Օրինակ, հարմար չէ մաթեմատիկան և այլ ճշգրիտ առարկաները նախագծային մեթոդով անել, բայց անգլերենը և աշխարհագրությունը հարմար են անել նախագծային մեթոդով:

Մեր կրթությունը ավելի լավը կլինի, եթե ուսուցիչները ամեն օր ստուգեն մեր տնային հանձնարարությունները: Դա կստիպի ծույլ աշակերտներին աշխատել տանը: