• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դատապարտված անլուծելիությա՞ն

Նոյեմբերի 13-ին՝ կրթահամալիրի տոնի առաջին օրը, Ավագ դպրոց-վարժարանի 2-7 դասասենյակում տեղի ունեցավ հանդիպում վարժարանի սովորողների և ազգագրագետ, պատմաբան Հարություն Մարությանի հետ: Հանդիպումը կազմակերպել էր գիտակների ակումբը։ Ներկա էին նաև դասավանդողներ, որ անմիջական և ակտիվ մասնակցություն ունեցան հարցադրումներ անելիս:

Բաց դասախոսությունը բավականին լայն թեմաներ էր ընդգրկում՝ Հայոց ցեղասպանությունից մինչև Հոլոքոստ, հայերի արևմտյան կողմնորոշումից մինչև ռուսամետություն, «ազգային հիշողություն» հասկացությունը՝ համեմված դրա անխուսափելիությունը հաստատող տարբեր դրվագներով:

Հայ-թուրքական հարաբերությունները, որ, ինչպես ասում էր Հրանտ Դինքը, «պետք է հանել 1915մ խորություն ունեցող ջրհորից», ավելի շահավետ ձևով համագործակցելու հնարավորություններ չեն տալիս, ինչը վնասում է հատկապես Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությանը։

Առևտրատնտեսական կապեր մեր արևմտյան հարևանի հետ, իհարկե, ունենք, բայց դրանք կարող էին ավելի ամուր լինել։ Չունենք երկաթուղի, հետևաբար՝ ազատ երթևեկելու հնարավորություն: Նույնը Ադրբեջանի դեպքում: Պատճառներն ավելի քան ակնհայտ են:

Համեմատեցինք հրեաների ու հայերի ցեղասպանությունը: «Գերմանիան ավելի քաղաքակիրթ երկիր է»: Պարոն Մարությանն առաջարկում էր ապրիլի 24-ի փոխարեն նշել Վանի ինքնապաշտպանության հաղթանակի օրը, որպեսզի զոհի հոգեբանությունը վերածվի 1915թ հերոսների նկատմամբ հարգանքի զգացումի:

Հարցադրումները չեմ մեջբերի, դրանց շնորհիվ քննարկումը կարծես սահուն ընթացք էր ստանում ու շարունակվում ճիշտ ճանապարհով: Վերջին հատվածում խոսակցությունը թեքվեց քրդական հարցի կողմը, բայց ժամանակի սղությունը ստիպեց դրան մեկ այլ առիթով անդրադառնալ: Հարցեր տալիս ակտիվ էին նաև պատմության խորացված ուսուցման խմբերի սովորողները. սա ոչ թե դասագրքային, այլ ժամանակակից պատմության դասերն են, այն պատմության, որ մեր աչքի առաջ են կերտում:

Աիդա Գրիգորյան, 12-րդ դասարան

Աղբյուրը գիտակների ակումբի բլոգ