• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստվողների ուսուցիչների նամակները տնօրենին

Կրթահամալիրի տնօրենի փոստից
 

Հարգելի տիար Բլեյան, վերապատրաստման դեմ ոչինչ չունեմ, բացի դրական վերաբերմունքից, բայց կցանկանայի, որ վերապատրաստումը իրականացվեր ավելի  երկար ժամանակահատվածում` արդյունավետ վերապատրաստում անցնելու համար: Շնորհակալություն

Անուշ Աթայան

Հարգելի տիար Բլեյան.
Ուսուցիչների ատեստավորման վերապատրաստման այս ձևը նախընտրելի է և հարմար /հատկապես կրթահամալիրի դասավանդողի համար/: Բովանդակությունը ծավալուն է և 3 բաղկացուցիչ մասերն էլ  հետազոտական, ստեղծագործական մոտեցում են պահանջում կատարման համար: Տրված ժամանակահատվածը շատ կարճ է այդպիսի  աշխատանք կատարելու համար: Առաջարկում եմ արդյունավետության բարձրացման համար առաջադրանքների կատարմանը տրամադրել ավելի երկար ժամանակ և ատեստավորումն անցկացնել ոչ տարեվերջին, երբ առանց այդ էլ անելիքները շատ են: 

Աշխեն Գրիգորյան

Հարգելի տիար Բլեյան, ուսուցիչների ատեստավորման վերապատրաստման այս  ձևը մասամբ լավ է: Ցանկալի կլինի, որ  Հանրակրթության բնագավառի օրենսդրության մասին   առանձին սեմինարներ լինեն:

Սիրով՝ Կարինե Բաբուջյան

Ես գտնում եմ,որ ատեստավորման վերապատրաստման  օնլայն տարբերակը  հարմար  և արդյունավետ էր:  Ուղղակի լավ կլիներ,որ  դասվանդողին ավելի վաղ  տեղեկացվեր  ատեստավորման անցկացման կարգի  մասին, ավելի շուտ ուղարկվեին  հանձնարարությունները և առաջադրանքները: Ինչ վերաբերվում է ՏՀՏ հմտություններին /1 մաս/, ապա այդ առաջադրանքները,  իմ կարծիքով,  դասավանդողների մեծ մասի համար բավականին հեշտ էին և պարզ: Ինչ վերաբերվում է ՏՀՏ մյուս առաջադրանքներին /2-րդ  մաս/,  ապա    այնտեղ կային մի քանի ծրագրեր Wizard Brash, PAintNet, որոնց օրինակ ես   ծանոթ չեմ : Այդ ծրագրերին  կարելի է ծանոթանալ և  դրանք սովորել սեմինարների  ընթացքում, այսինքն  ժամանակին:
Ատեստավորման վերապատրաստումը, իմ կարծիքով,արդյունավետ և նպատակահարմար  է անցկացնել փուլ առ փուլ, ամիս առ ամիս:

Հարգանքներով '  Անահիտ Ավագյան

Հարգելի տիար Բլեյան, շատ հարմար տարբերակ է հեռավար վերապատրաստումը, բայց եթե առաջադրանքների կատարման համար մի փոքր ավելի երկար ժամանակահատված տրամադրվի: Չնայած այժմ էլ սահմանված ժամանակում կավարտեմ աշխատանքներս: Ես կնախընտրեի առաջադրանքներ ստանալուց առաջ ստանալ այն ձեռնարկներն ու ծրագրերը, որոնց հիման վրա կազմվել են առաջադրանքները, որպեսզի առանց սեմինարների և լրացուցիչ լարվածության  ուսումնասիրեինք դրանք: Շատ լավ է, որ կազմակերպվել են ՏՀՏ  սեմինարները, որոնց կարիքը, կարծում եմ բոլորս ունենք, այս վերջին առաջադրանքների հետ կապված:

Հարգանքներով` Լուսինե Գասպարյան

Կարծիքս կներկայացնեմ կետերով՝
• Իմ կարծիքով վերապատրաստման առցանց ձևն արդյունավետ է և գրագետ: Միայն ցանկալի կլիներ շատ ավելի շուտ տեղեկացնել դասավանդողին,  որ վերապատման ծրագրին է մասնակցելու:
•  Յուրաքանչյուր աշխատողի բլոգը, կարծում եմ, փոքրիկ հաշվետվության ձև է, որում հստակ երևում է, թե   մասնագետն ինչ ծրագրերի է տիրապետում, ինչ ծրագրերով է աշխատում, այդ իսկ պատճառով, ՏՀՏ հմտությունների ստուգման առաջին փուլի հանձնարարությունների պատասխաններն արդեն  ենթակայքում և բլոգում կային  /տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին է խոսքը/:
• Շնորհակալ եմ և ուրախ, որ  նոր ծրագրեր ենք ուսումնասիրում, պարզապես այդ նոր ծրագրերը յուրացնելու համար ժամանակ է պետք և հանդիպումներ ՏՀՏ մասնագետների հետ:

Շնորհակալ եմ կարծիքս կարևորելու և  հարցադրման համար:  
Հարգանքով՝
Տաթև Ավետիսյան, Բ-4 Դպրոց-Պարտեզ

Բարի երեկո, տիար Բլեյան, իմ կարծիքով վերապատրաստման այս՝ առցանց ձևը, բավականին հարմար է:
Արդյունավետ էր նաև այնքանով, որ նոր համակարգչային ծրագրեր ուսումնասիրեցի:
Ինձ միայն անհանգստություն պատճառեց ժամանակի սղությունը, քանի որ աշխատանքը ծավալուն էր:
Ցանկալի կլիներ նախապես մասնակցել սեմինարների:

Տաթևիկ Մելքոնյան

Հարգելի պարոն Բլեյան.
Վերապատրաստման այս ձևն, իհարկե, ավելի հարմար և արդյունավետ է, քանի որ առցանց ուսուցումը հնարավորություն է տալիս հարմար ժամի, հարմար տեղում կատարելու տրված առաջադրանքները: Ես ատեստավորմանը դեմ չեմ, հակառակը՝ կարևորում եմ դրա նշանակությունը: Միակ դժվարությունն այսօր այն է, որ ժամկետները սուղ են, իսկ առաջադրանքների կատարումը ժամանակատար է: Միակ խնդրանքս այն է, որ առաջադրանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգենք:

Հարգանքով՝ Կարինե Մամիկոնյան, Գեղարվեստի կրտսեր դպրոց

Հարգելի տիար Բլեյան, անկեղծ ասած, հունիսի 20-ին իմանալով, որ ընդգրկված եմ վերապատրաստում անցնող դասավանդողների կազմում` անակնկալի եկա և մի փոքր խուճապի մատնվեցի, որովհետև անսպասելի էր, աշխատանքների ծավալը` բավական մեծ: Թեև վստահ եմ, որ սահմանված ժամկետում կավարտեմ բոլոր առաջադրանքները, բայց դրան եմ հասել բազմաթիվ զոհողությունների շնորհիվ` գիշերը չքնել, տնային և անձնական մի շարք գործեր հետաձգել: Կարծում եմ, որ վերապատրաստումն ավելի արդյունավետ կլինի, եթե դրա համար մի փոքր ավելի երկար ժամանակահատված տրամադրվի` 15-20 օր: ՏՀՏ վերապատրաստման համար շատ արդյունավետ են սեմինարները, որոնց կարիքը, ինչքան էլ հմուտ լինենք, միշտ էլ կա, որովհետև այս ոլորտում միշտ էլ սովորելու նյութ ունենում ենք, իսկ մեթոդական, նախագծային աշխատանքների, օրենսդրության ուսումնասիրության և առաջադրանքների կատարման համար ընդամենը մի փոքր ավել ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի դրանք չկատարվեին հապճեպ, այլ ավելի հանգիստ պայմաններում` ավելացնելով արդյունավետությունը:
Հարգանքներով` Գոհար Բալջյան
Հարգելի տիար Բլեյան, համաձայն եմ Ձեզ հետ , որ  վերապատրաստման այս ձևը արդյունավետ է ու գործուն:Կազմակերպման մեջ ոչ մի  փոփոխություն չեմ առաջարկում մտցնել:
Պարզապես կխնդրեի մի փոքր երկարացնել աշխատանքների  ավարտման   ժամկետները:

Հարգանքներով՝ Կ Թահսիլդարյան

Միայն  կցանկանայի, որ ատեստավորման ենթակա ուսուցիչները ամառային դպրոցի մի շարք սեմինարներից հրամանով ազատվեին, որ այդ ժամանակը տրամադրեին առաջադրանքների կատարմանը:

Հասմիկ Թոփչյան

Տիար Բլեյան, անկեղծ ասած՝ սկզբում խուճապի մեջ էի ժամանակային առումով: Հիմա, իհարկե ուշ է այս առաջարկության համար, պարզապես ուշ գլխի ընկա, որ կարելի էր խնդրել, որ ատեստավորման մասնակիցներին ինչ-որ մասով ազատեին ամառային դպրոցի որոշ սեմինարներից ժամանակ շահելու համար: Հիմա ավելի հանգիստ եմ նայում, որովհետև աշխատանքի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ, կարծում եմ՝ ձևը գտնված է: Ձևն արդյունավետ ու գտնված եմ համարում, որովհետև այս դեպքում ինչը չգիտեմ, ես եմ փորփրում, հարցնում, գտնում, մի խոսքով՝ յուրացնում, դարձնում իմը:

Հարգանքով՝ Մ. Ամիրջանյան

Վերապատրաստումը ուսուցչի պաշտոնական կրթությունն է՝ հատուկ ծրագրով։ Մեր դպրոցում դա իրականացվում է ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ հստակ պարբերականությամբ՝ դասերի ժամանակ շաբաթական մեկ ժամ՝ որպես սեմինար պարապմունք, սովորողների արձակուրդներին՝ «Ուսուցչի դպրոց» ծրագրով՝ մեկական շաբաթ աշնանը, ձմռանն ու գարնանը, երկու շաբաթ ամռանը։ Եթե հաշվենք 34 ուսումնական շաբաթ, դա՝ 34 ժամ։ Սովորողների արձակուրդներին միջին հաշվով օրական 3 ժամ տրված է սեմինարներին։ Դա էլ՝ 75 ժամ։  Բոլորը միասին՝ 109 ժամ։
Վերապատրաստման համար նախատեսվում էր 80 ժամ՝ 5 տարին մեկ։ Մենք վերապատրաստվում ենք բոլորս։ Եվ մեր վերապատրաստումն անընդհատ է։
Ինչ վերաբերում է ծագրին, մենք այլընտրանքային դպրոց ենք, պիտի վերապատրաստվեինք մեր ծրագրերով, ինչը անում ենք տարվա ընթացքում։ Եթե հատուկ պիտի վերապատրաստվեինք նախօրոք ներկայացված-հաստատված ծրագրով, դա էլ ենք արել։ Անձամբ ես ծրագրում ընդգրկել էի ՏՀՏ այն հմտությունները, որոնք պետք են գալիս աշխատանքի ժամանակ մայրենի լեզվի (խոսքի մշակույթի) ուսուցչին։ Օրական 8 ժամ առկա վերապատրաստվելու դեպքում այդ աշխատանքները միասին անելն ու սովորեցները գործնականում հնարավոր է, մանավանդ, եթե համակցված է մյուս երկու բաղադրիչի հետ, և վերապատրաստվողը տեսնում է, թե որտեղ և ինչի համար է օգտագործելի ՏՏ-ն։ Հեռավար առաջադրանքը՝ «Աշխատիր հատկապես ա՛յս ծրագրով, կատարիր ա՛յս գործողությունը», տարակուսանքի առիթ է տալիս։ Նոր չեմ աշխատանքի անցել, համակարգչով աշխատում եմ դրա՝ դպրոց մտած օրից։ Ինձ երբևէ, օրինակ, մատիտով  նկարելու ծրագիր պետք չի եղել։
Եթե սա էլ այսպես հնարավոր եղավ, լավ, վերապատրաստվողներին գոնե ամառային «Ուսուցչի դպրոցից» կարելի՞ էր ազատել։
Այսօրվա դրությամբ տնօրենի հրամանով աշխատանքի ավարտի տարկետում է արված, ինչի համար, իհարկե, շնորհակալ ենք։ Բայց եթե իրավական կողմից հարցին մոտենանք, չէ՞ որ այս դեպքում էլ մեր արձակուրդի ժամանակն է տրամադրվում։

Հասմիկ Ղազարյան

Բարի երեկո, տիար Բլեյան: հիմա արդեն ամեն ինչ կարգավորվել է: Սկզբում խուճապի էինք մատնվել, քանի որ առաջադրանքները ծավալուն էին (կարդալու և ուսումնասիրելու շատ բան կար), իսկ ժամանակը քիչ էր, բայց մեր սովորության համաձայն դա էլ հաղթահարեցինք: Ողջունելի է, որ նոր ՏՀՏ առաջադրանքների համար սեմինարներ են կազմակերպվել և այս առաջադրանքների կատարման ժամկետը երկարացվել է: Հիմա արդեն գտնում եմ, որ հարմար տարբերակ է հեռավար ատեստավորում անցկացնելը:

Հարգանքներով ՛ Ս. Հարությունյան

Հարգելի տիար, ես վերապատրաստվող դասավանդողներին ուղված Ձեր նամակը չեմ ստացել: Չնայած կարծում եմ, որ ժամանակի ցայտնոտը եթե հաշվի չառնենք, դա տեղին է, որովհետև նահանջելու տեղ չունենք և սեպտեմբերը պետք է սկսենք նեթբուքյան ծրագրերով` համապատասխան տեղեկատվական պահանջներին: Փորձում ենք հաղթահարել:

Սիրով` Շուշան

Հարգելի տիար Բլեյան

Վերապատրաստման այս ձևը շատ արդյունավետ է:Ստանալ առցանց առաջադրանքներ և կատարել մեզ հարմար օրվա ժամերին (միայն տվյալ դեպքում ժամկետն է սուղ ): Վերապատրաստման բովանդակության 3 բաղկացուցիչներից միայն ՏՀՏ ոլորտը, նոր ծրագրերի հետ կապված, լավ է վերապատրաստումը կազմակերպել  ֆիզիկական միջավայրում, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Նառա Նիկողոսյանին, Նվարդ Սարգսյանին:

Հարգանքով՝   Իրինա Ապոյան

Հարգելի տիար Բլեյան, ճիշտ է ըստ օրենքի երեք ամիս առաջ պետք է տեղեկացվեինք ատեստավորում անցնելու համար, բայց առցանց եղանակը ամենաճիշտ որոշումն է: Ես գերադասում եմ ինքնուրույն նստել ու կարդալ, ուսումնասիրել օրենքը, գրել ու ջնջել...քան ինչպես դուք եք նշում՝ մի քանի օր ժամերով նստել լսարանում: 
   Աշխատանքը դժվար չէ, անգամ հետաքրքիր է, պարզապես ժամանակատար է: Ճիշտ է ստիպված եմ մինչև լուսադեմ աշխատել, բայց հեռավար կազմակերպման այս ձևը կարծում եմ ամենահարմարն է: Նույնիսկ սեմինարի անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում: Միայն կուզենայի, որ վերջնաժամկետը՝ հունիսի 29-ը, եթե հնարավոր է երեք օրով երկարացնեին:

Հարգանքով՝ Հ. Հայկուհի

Հարգելի տիար Բլեյան,

Վերապատրաստման առցանց կազմակերպելը, իրոք, շատ հարմար է և հեշտացրել է մեր աշխատանքը:
Ինձ մոտ հիմնական դժվարությունը ժամանակի հետ է կապված: Աշխատում եմ երեկոյան ժամերին, աշխատանքից հետո:
Աշխատում եմ տեղավորվել ժամանակի մեջ և հասցնել հանձնել առաջադրանքները ժամանակին:
Շնորհակալություն աջակցության համար:

Հարգանքով՝ Աստղիկ

Բարի երեկո տիար: Վերապատրաստման ընտրված այս ձևը իմ կարծիքով բավականին գործուն և արդյունավետ է: Արդյունավետ է, քանի որ ազատ տնօրինում ես քո ժամանակը: Շատ օգնեցին սեմինարներ-հանդիպումները, լրացրեցինք բացթողածը: Կարծում եմ, չնայած առաջին անգամ է իրականացվում հեռավար վերապատրաստում, սակայն այն հաջողվեց: 

Լավ կլիներ, եթե վերապատրաստման ժամանակահատվածը քիչ ավելի երկար լիներ:

Հարգանքով՝ Անահիտ Մելքոնյան

Հարգելի տիար Բլեյան, նախ հայտնեմ իմ շորհակալությունը՝վերապատրաստվող դասավանդողների ցուցակում ընդգրկելու համար:Իսկ ինչ վերաբերվում է առաջադրանքներին ասեմ, որ համաձայն եմ Բուշի կարծիքի հետ նախարարության ներկայացրած ՏՀՏ- ների առաջադրանքները մեզ համար շատ պարզունակ են:Մեր կրթահամալիրի ներկայացրածը ավելի բարդ և հետաքրքիր ծրագրեր են, ուղղակի ժամանակն է քիչ(գիտեմ, որ կրկնվում եմ), այդ ծրագրերի անհրաժեշտությունը միչև այսօր աշխատելիս ես չեմ զգացել, սակայն պատրաստել եմ տարբեր ֆիլմեր, ուսումնական դասեր:Նոր մեթոդները սովորելուն ես բոլորովին դեմ չեմ, հադիպող դժվարություններն էլ կհաղթահարեմ սեմինարավարների և ինքնակրթության միջոցով:

Հարգանքով՝ Անուշ Ասատրյան:

Շնորհակալ եմ մեր կարծիքը լսելու համար, ներկայացն եմ իմ դիտարկումները, որոնք իմ  կարող են բարձրացնել վերապատրաստման արդյունավետությունը
1. Լրացուցիչ ծրագրերը մեծ մասամբ ընտված են պատահականությամբ, հաշվի չի առած մասնագիտական պահանջը:
2. Շատ են նմանատիպ ու կրկնվող ծրագրերը ու ի վերջո բացակայում է հիմնավորումը
3. Ժամանակահատվածը կարճ է, կազմակերպման ձեև ուղղակի ձախողված: Մենք ստանում ենք առաջադրանքներ անցնում է որոշակի ժամանակ, վերջնաժամկետից երկու օր առաջ նոր սեմինար է անց կացվում 30 հոգու հետ միաժամանակ:
4. Վերապատրաստվողի ծանրաբեռնվածությունը տվյալ ժամանակատվածում հաշվի առած չի,փաստում եմ սեփական օրինակից ելնելով
Կարծում եմ, որ իրավական մասի վերապատրասումը լրամշակման կարիք ունի
Առայժմ այսքանը:
Հ.Գ. Ամեն դեպքում շնորհակալ եմ ինձ վերապատրաստման ծրագրում ընդգրկելու համար: Բավականին նոր ծրագրեր սովորեցի:

Սիրով` Էմանուել Ագջոյան

Բարի երեկո, տիար Բլեյան: Կազմակերպման այս ձևն արդյունավետ չեմ համարում: Վերապատրաստման առցանց տարբերակը մի շարք անհարմարություններ է ստեղծում: Փորձը ցույց է տալիս, որ ֆիզիկական ներկայությունը, լսարանային պայմանները հեշտացնում են գործը: 
Առաջադրանքները բավականին շատ են, ծավալուն, ժամանակը՝ սուղ, արձակուրդն էլ սարերի հետևում չէ: Բացի այդ կարելի է հաշվի առնել առարկայական առանձնահատկությունները՝ որ առարկային ինչ է անհրաժեշտ:
Առաջարկում եմ  սեպտեմբերից ՏՀՏ սեմինարները վերականգնել, քանի որ 2 օրվա ընթացքում մի քանի ծրագիր սովորելը, միաժամանակ հոդված գրելը բարդ է և ոչ արդյունավետ: Նաև կարելի է կրճատել առաջադրանքների քանակը:

Հարգանքներով՝ Մերի Առաքելյան