• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողների տեղափոխման կազմակերպումը կրթահամալիրում

  1. Ուսումնական տարվա ընթացքում կրթահամալիրի դպրոցներում սովորողների ամենօրյա միասնական տեղափոխումը հաստատված երթուղիներով կազմակերպվում է դպրոցների ծնողական խորհրդի կողմից։ Ծառայությունը համակարգում է  Լուսինե Մամիկոնյանը։ Ծառայությունը կազմակերպվում է համակարգողի և վարորդի միջև կնքված պայմանագրով։ Վարորդը.
  • ծանոթ է սովորողների փոխադրման կարգին և աշխատում է դրա համաձայն.
  • որևէ  պատճառով ծառայություն մատուցելու անհնարինության դեպքում կազմակերպում է փոխարինումը այլ մեքենայով կամ վարորդով և այդ մասին նախօրոք (առնվազն կես  ժամ առաջ) տեղեկացնում երթուղու պատասխանատուին և ծառայությունը համակարգողին:

Կրթահամալիրի միասնական տեղափոխման երթուղու պատասխանատու կարող է լինել կրթահամալիրի աշխատողը, ծնողը, քոլեջի կամ ավագ դպրոցի սովորողը: Պատասխանատուի բացակայության դեպքում նրան փոխարինում է երթուղուց օգտվող այլ աշխատող կամ վարորդը:
Պատասխանատուն պարտավոր է.

  • ունենալ ծառայության համակարգողի, ծրագրերի և գրասենյակների ղեկավարների, վարորդի, երթուղուց օգտվող սովորողների, նրանց ծնողների հեռախոսահամարները.
  • կատարել երթուղուց օգտվող սովորողների ամենօրյա հաշվառում, ամսվա վերջում տեղեկությունները  հանձնել տնoրենի գրասենյակ.
  • անհրաժեշտության դեպքում հավաքագրել վարձավճարները, հանձնել տնօրենի գրասենյակ, կտրոնը տրամադրել ծնողին.
  • հետևել, որ բոլոր սովորողները նստեն մեքենա, տեղավորվեն, հասնելուն պես սովորողին հանձնել տվյալ դպրոցի պատասխանատուին.
  • երթուղում արտակարգ պատահարի դեպքում անմիջապես տեղեկացնել ծառայության համակարգողին. 
  • սովորողի ժամանակին չներկայանալու դեպքում արագ պարզել ուշացման կամ բացակայության պատճառը.
  • սովորողին վերաբերող խնդիրների (ուշացում, առանց զգուշացման բացակայություն, անկարգապահություն, …) մասին օրվա ընթացքում տեղեկացնել դպրոցի ղեկավարին.
  • սովորողների միջոցով կրթահամալիրի կայքին տեղեկություններ տրամադրել երթուղու մասին (ամսական առնվազն մեկ անգամ).
  • հետևել վարորդի պարտականությունների կատարմանը և խախտումների դեպքում տեղեկացնել ծառայության համակարգողին:

Ծնողը պարտավոր է.

  • ապահովել երեխայի ներկայությունը նախապես պայմանավորված տեղում և ժամին.
  • ուշանալու դեպքում իրականացնել երեխայի տեղափոխումը.
  • նախապես (30 րոպե առաջ) զգուշացնել երեխայի բացակայության մասին վարորդին կամ երթուղու պատասխանատուին.
  • երեխայի փոխադրման ամսական վարձը մինչև տվյալ ամսվա 5-ը վճարել դպրոցի գրասենյակ անձամբ կամ երթուղու պատասխանատուի միջոցով։
  1. Սովորողների տեղափոխումը ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, արշավների ժամանակ կազմակերպվում է կրթահամալիրի տնօրենի հրամանով։

Կրթահամալիրի սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցը ուսումնական տարածք է` կրթահամալիրի ցուցանակներով. այստեղ գործում են կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները։