• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախադպրոցական կրթությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

 

Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է: Այն իրականացվում է կրթահամալիրի դպրոց-պարտեզներում (այսուհետ` Դպրոց): Դպրոցում նախակրթարանի հիմնադիրը ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում» ծրագիրն է և 2-5 տարեկան այն երեխաների (սաների) ծնողները, ովքեր ընտրում են կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը։

Նախակրթարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով:
Նախակրթարանն իրականացնում է նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան հիգիենիկ, անվտանգ զարգացնող մոդել միջավայրում:

Ծրագրի մասնակիցները
Դաստիարակը (դաստիարակները) և օգնականը (այսուհետ` օգնական) մանկավարժական կրթություն (բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական) ունեցող մասնագետներ են, որ համապատասխանում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներին նեկայացվող պահանջներին: Նախակրթարան ընդունվում են 2-4 տարեկան երեխաները, որոնց ծնողները (սանի օրինական ներկայացուցիչ) սահմանված կարգով Դպրոցի ղեկավարի հետ կնքում են Պայմանագիր խնամքի, զարգացման, ուսուցման մասին: Սաների ծնողները համագործակցում են Դպրոցի ղեկավարի, դասիարակների հետ, աջակցում ծրագրի, ուսումնական նախագծերի մշակմանը, մասնակցում են դրանց իրականացմանը Դպրոցում և տանը։ Նախակրթարանն ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորում և զարգացում։

Նախակրթարանի գործունեության կազմակերպում
Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 9.00-17.00։ Նախակրթարանի գործունեությունն արտացոլվում է դաստիարակների ուսումնական բլոգներում, Դպրոցի ենթակայքում, Ծրագրի «Պարտեզ» ամսագրում:
Պայմանագրով նախատեսված ծնողական վճարները ծախսվում են կրթահամալիրի խորհրդի հաստատած նախահաշվի համաձայն։
Նախակրթարանում օրական երեք անգամյա սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է Ծրագրի բուժքույրը՝ տնօրենի, դաստիարակի և խոհարարի հետ խորհրդակցելով։ Շաբաթվա սննդացանկը նախօրոք հրապարակվում է Դպրոցի ենթակայքում:
Նախակրթարանի գործունեությունն իրականացվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով, կրթահամալիրի խորհրդում հաստատված ուսպլանով և ըստ դրանց` նախակրթարանի մանկավարժական աշխատողների մշակած աշխատանքային նախագծերով: Աշխատանքային նախագծերը նախօրոք հրապարակվում են դաստիարակների ուսումնական բլոգներում։
Ծրագրային, ուսումնական նյութերը (ձայնադարան, աուդիո-վիդեո ընթերցումներ, խաղադարան), դաստիարակների մեթոդական հոդվածները, իրականացված նախագծերի օրինակելի արդյունքները ներկայացվում են «Պարտեզ» ամսագրում:
Սանի զարգացումն ու ուսուցումը կազմակերպվում են ծրագրված-ազատ գործունեության միջոցով մոդել խմբասենյակում, բակ պարտեզում, ամառային լողափին, մարզասրահում, կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ծեսերի, տոների, ստուգատեսների իրականացմամբ, ուսումնական ճամփորդություններով, ուսուցման թվային միջոցների` պրոյեկտորի, ֆոտոխցիկի, ձայնագրիչի, համացանցի կիրառմամբ:
Շաբաթ օրերին կազմակերպվում են կրթահամալիրի նախակրթարանների աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացներ:

Սաների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • Գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով
  • Սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկման, ինքնաբավության ապահովում
  • Գործունեության տարբեր ձևերի ինտեգրում
  • Ստեղծագործական, համագործակցային աշխատանքի կազմակերպում
  • Սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում
  • Բացօթյա գործունեության կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների ամենօրյա նպատակային կիրառում

Հաճախումների հաշվառում
Կրթահամալիրում ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցման կարգով սաների հաճախումների հաշվառումը կատարում է դաստիարակը, մինչև ժամը 10.00` նշելով նաև բացակայության պատճառը:
Գրասենյակի ղեկավարը, բուժքույրը (բժիշկը), խոհարարը ծանոթանում են հաշվառմանը մատյանի տվյալները և իրականացնում համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Խմբում արտակարգ դեպքի՝ էլեկտրականության, ինտերնետ կապի ընդհատման, համակարգչի խափանման դեպքում դաստիարակն ըստ կարգի անմիջապես այդ մասին տեղեկացնում է գրասենյակի (դպրոցի) ղեկավարին, հաճախումների մասին տեղեկությունը հաղորդում բանավոր կամ հեռախոսով, էլեկտրոնային մատյանում գրանցումն անում է, հենց որ դա հնարավոր է դառնում։
Սաների տեղեկատուն սահմանված կարգով վարում է (կազմում և փոփոխությունները օպերատիվ գրանցում է) Դպրոցի գրասենյակի ղեկավարը: Տեղեկատուն հասանելի է կրթահամալիրի տնօրենի գրասենյակին, կրթական ծրագրերի կենտրոնին, գնահատման ծառայությանը, սաների ծնողներին:

Սաների զարգացման գրանցում և գնահատում
Դաստիարակը սանի ընդունվելիս լրացնում է նրա թերթիկը, որտեղ գրանցվում են սանի ընտանեկան վիճակը, ընտանիքի անդամների տվյալները, դրանց փոփոխությունները (օպերատիվ)։ Թերթիկում գրանցվում են նաև`

  • սանի անհատական զարգացման պլանը,
  • ֆիզիկական և առողջական ֆիզիոլոգիական տվյալներ,
  • ուսումնական հմտությունների ու կարողությունների զարգացման տվյալներ։
  • Տարվա ընթացքում 2 անգամ սանի թերթիկը լրացվում է։

Սաների գործունեության դիտարկում
Սաների դիտարկումը կատարում է դաստիարակը` սահմանված կարգով գրանցելով այն դիտման մատյանում: Ծնողը մատյանում գրանցում է իր դիտարկումները, հարցերը:
Մատյանի բովանդակությունը.

  • ինքնուրույնություն
  • խոսք, խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ձևավորում
  • բնագիտություն
  • երաժշտություն
  • տեխնոլոգիա
  • սոցիալական շփում
  • ֆիզիկական զարգացում, խաղեր, հիգիենա
  • ուսճամփորդություններ:
  • Եթե տվյալ օրը սանին վերաբերող գրանցման նյութ չկա, գրանցում չի կատարվում:

Գործունեությունը կազմակերպելիս կարևորվում են`

  • սաների անհատականության հարգումն ու զարգացումը
  • սաների՝ խմբով և անհատապես աշխատելու ունակությունների ձևավորում
  • իր միջավայրը խնամելու սովորության ձևավորումը:

Դպրոցի ղեկավարը

  • սաներին ընդունում է Նախակրթարան.
  • վերահսկողություն է իրականացնում խմբերի գործունեության բովանդակության, սաների զարգացման նկատմամբ.
  • ապահովում է սաների առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը.
  • սովորողի առողջության պահպանման, ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով տարին առնվազն մեկ անգամ սահմանված կարգով կամակերպում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն.
  • ապահովում է սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը:

Խմբի դաստիարակը և օգնականը
Խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն դաստիարակն ու օգնականն են:
Դաստիարակն ու օգնականն աշխատում են համատեղ. նրանք սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացնում են միասին:
Դաստիարակն ու օգնականը ապահովում են հիգիենիկ զարգացնող միջավայր:
Դաստիարակը`

  • խմբի միջավայրի և խմբում ծրագրի իրականացման պատասխանատուն է
  • սաների ապահովության, անվտանգ գործունեության երաշխավորն է.
  • ապահովում է ֆիզիկական և սոցիալական զարգացնող միջավայր.
  • անընդհատ հարստացնում, ավելի բազմազան է դարձնում այդ միջավայրը` դիտարկելով սաների գործունեությունը, ճշտելով նրանց հետաքրքրությունները` նպաստում է դրանց բավարարմանը:

Դաստիարակի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում, սահմանաված կարգով ներկայացվող կիսամյակային հաշվետվության մեջ, սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք իր էջում տեղադրում է օրվա աշխատանքային նախագիծը, օրվա վերջում, ամենաուշը հաջորդ օրը, օրագրում ամփոփում արդյունքները, դիտարկում, եզրահանգումներ է կատարում, դրանք հաշվի առնելով՝ կազմում է կամ լրամշակում է հաջորդ օրվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում են խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:
Խմբին վերաբերող կամ խմբի ստեղծած նյութերը կրթահամալիրի կայքում տեղադրում են mskh.am-ի աշխատակարգի:

Դաստիարակին ներկայացվող պահանջներ

  • Ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին։
  • Ունի մանկավարժական, երաժշտական կրթություն։
  • Տեխնիկապես գրագետ է՝ տիրապետում է թվային գործիքներին, դրանք կիրառում է իր աշխատանքում։
  • Տիրապետում է Ծրագրով որոշված անհրաժեշտ համակարգչային ծրագրերին։
  • Ունի ուսումնական բլոգ, ամեն օր լրացնում է դա։
  • Բլոգի, skydrive-ի, hօtmail–ի, սոցցանցի միջոցով կազմակերպում է ծնողական կրթություն, ծնողների, սաների հետ նախագիծ է իրականացնում։
  • Գիտի կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերը։
  • Կատարում է հետազոտական աշխատանք, ուսումնասիրություն, հրապարակում է տարեկան առնվազն երեք մեթոդական մշակում (հոդված)։
  • Կարողանում է արդյունավետ կազմակերպել իր և սաների գործունեությունը։
  • Տարբեր ծրագրերով ուսումնական նյութեր, խաղեր է ստեղծում սաների զարգացման, սեփական ինքնակրթության համար։
  • Անձամբ լողում է, մարզվում, կազմակերպում սաների լողը, մարզանքը։
  • Երգում է, պարում, խաղում, սնվում սաների հետ։
  • Մասնակցում է կրթահամալիրյան բոլոր ուսումնահետազոտական –ծրագրային միջոցառումներին՝ ստուգատես, փառատոն, մրցույթներ, օլիմպիադաներ:
  • Անգիր գիտի նախակրթարանում ուսուցանվող նյութը` գրական և բանահյուսական ստեղծագործությունները, երգերը, խաղերը։
  • Ուղղորդում է երեխայի գործունեությունը` նպաստելով նրա ֆիզիկական, մտավոր, հոգևոր, սոցիալական զարգացմանը:
  • Մասնակցում է մասնագիտական որակավորման բարձրացման ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներին:
  • Կրթական ծրագիրը տարածում է անձամբ, գործընկերների, սաների և նրնց ծնողների հետ, սոցցանցերում։

Դաստիարակը երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն է, դիտարկողը։ Նա հետաքրքրում է, շահագրգռում, ոգևորում, խրախուսում է երեխային, մղում ավելին անելու. օգնում է երեխային` բացահայտելու իր ողջ ներուժը: Խրախուսում է իր սաներին, ոգևորում, ամբողջովին ինքնադրսևորվելու հնարավորություն է ստեղծում, նպաստում է նրա անհատական հնարավորությունների ու ճանաչողական զարգացմանը, նպաստելով առաջընթացին, ինքնավստահության զարգացմանը, նրա կայացմանը:

Հարգում է երեխայի ազատությունը և արժանապատվությունը. երեխային վերաբերող հարցերը քննարկում է նրա հետ:

Առողջագետը
Պատասխանատու է`

  • հիգիենիկ միջավայրի ապահովման, պահպանման համար.
  • սաների առողջական վիճակի հսկողության, կարգավորման համար։

Շաբաթը 2 անգամ ստուգում է սաների մարմնի հիգիենան, մաշկի վիճակը:
Սաների առողջական վիճակի հետ կապված արտակարգ պատահարների դեպքում ըստ կարգի իրականացնում է անհրաժեշտ գործողություններ, ձեռնարկում է համապատասխան միջոցներ։
Վարակիչ հիվանդությունների, ինֆեկցիայի այլ վտանգավոր հիվանդությունների հայտնաբերման, վնասվածքների և այլ առողջական խնդիրներ առաջանալու դեպքում բուժքույրը (բժիշկը) այդ մասին տեղյակ է պահում ուսումնական ծրագրի ղեկավարին, որն էլ գործում է ըստ կարգի։
Վերահսկում է բաց և փակ լողավազանների, լողափերի հիգիենիկ շահագործումը, դպրոցի ենթակայքի համապատասխան բաժնում տեղադրում է խոհարարի կողմից ներկայացրած և Դպրոցի ղեկավարի հաստատած մեկշաբաթյա (կամ ամենաուշը մի օր առաջ) կերակրացանկը։
Հետևում է առողջ, որակյալ սննդի կազմակերպմանը։ Դաստիարակի հետ հետևում է սաների ֆիզիկական աճին, առողջական վիճակին, տարեկան 2 անգամ չափումներ և դիտարկումներ է կատարում և տվյալները գրանցում Սանի թերթիկում.
մասնակցում է մեծահասակների կրթության իրականացմանը:

Ծնող (օրինական ներկայացուցիչ). ծնողական խորհուրդ
Ծնողը ծանոթ է Ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը:
Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողն է:
Ծնողի կրթության կազմակերպման պատասխանատուներն են նախակրթարանի ղեկավարը, մասնագետները և դաստիարակը:
Նախակրթարանը, որպես Ծնողի իրազեկման դպրոց, ապահովում է ծնողի
մասնակցությունը զարգացնող միջավայրի ստեղծմանը, երեխայի գործունեության կազմակերպմանն ու ընթացքին,
մանկավարժական իրազեկումը, ծնողի գործունեությունը՝ որպես մեծահասակների և սաների իրազեկող- ուսուցանող
անհրաժեշտ խորհրդատվություն:
Նրա մասնակցությունը երեխայի միջավայրի և գործունեության կազմակերպմանը միջոցառում չէ, այլ առօրյա, կենսաձև:
Նախակրթարանային գործունեության արդյունավետ կազմակերպման, զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում է ծնողական խորհուրդներ:
Նախակրթարանի ծնողական խորհուրդը կազմավորվում է սաների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:

Նախակրթարանի սանը

  • ինքնուրույն, ինքնակազմակերպվող, ինքնաբավ, իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող
  • թվային տեխնիկային սովոր, դրնացից օգտվող (ինքնուրույն կամ մեծի օգնությամբ)
  • սոցիալապես ակտիվ, շփվող, հետաքրքրասեր
  • զննելու, դիտելու, իր զարգացմանն համապատասխան եզրակացություններ անելու ունակ
  • առողջ, շարժուն, ճարպիկ, լողացող, հեծանիվ վարող
  • հիգիենայի պայմաններին ծանոթ, դրանք պահպանող անձ է:

Ամառային պարտեզ-լողափ
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն մասնաճյուղի ղեկավարն է:
Լողափի հիգիենիկ վիճակի վերահսկողըև պատասխանատուն բուժքույրն է:

Բուժքույրը ամեն օր ենթակայքի Նախակրթարան բաժնում տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին, ստուգում է 
ջրի ջերմաստիճանը օրվա սկզբում և կեսօրին, ջրի թափանցիկությունը, հոտը, օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, օդի ջերմաստիճանը՝ առավոտյան, ցերեկը` սաների լողալուց առաջ, լողացող սաների թիվը, գրանցում է չլողացող սաների անունները, չլողալու պատճառը, սահմանված կարգով տեղեկացնում է պատահարների և իրականացված գործողությունների մասին, իրականացնում է խորհրդատվություն:

Դաստիարկն ու օգնականը լողափին համապատասխան լողափային հագուստով են, ոչ միայն սաների գործունեության կազմակերպիչն են, այլև ակտիվ մասնակիցը, լողացողը: