• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիրամոր վերափոխման տոնին ընդառաջ

Գրիգոր Նարեկացի, «Ներբող Աստվածածնին»

Սույն կարգին դասված իբր միաշար խորհրդի տեսակ`  Տիրուհու երգաբանություն-գովեստը

ԺԷ. Մարդկային զարմից հրեշտակ երկնային, եղծական սեռից անմահ սերովբե, հողային նյութից ոսկի Սոփերի, ծովային բեւմանց շնորհալույս մարգարիտ, Հեսսեյան բույսի քաղցրապտուղ ծաղիկ, Նախնյաց օրերից ճիռ օրհնված, հանդարտ ցողի ամպ անձրեւաձիր, արեւի ծագման ակն արփիափայլ, մերկացած այգու աստղ առավոտի, գիշերային մթան խոսնակ բերկրանքի, օրենքի ստվերի տառ ճշմարտաճառ: Այդ պատճառով իբրեւ այսքան բարյաց գործոն նյութ՝ օրհնյալ ես դու կանանց մեջ, մերկացած նախաստեղծի փառք անկապտելի, վշտացյալ անիծապարտ մոր սփոփանք քավիչ, խաղաղության ձայնատու նրանց խռովված որդիներին: Եվ արդ, ո՞ր խոսքը բաղդատելով կարող է գերհռչակել անհամեմատ մեծությունը քո, արարչի մայր, անհասի ծնող, անբավի գրկարան, ամենակալի անձանցիչ, փառազարդողի զգեցուցիչ, վերօրհնյալ գգվիչ: Ահա՛ սրանց համար, ըստ անսուտ քո խոսքի, հիրավի երանի ենք տալիս քեզ, ով մայր Հիսուսի:

ԺԸ. Աննիրհելի աչաց հայացքով դիտված լուսալիր կերպարանք, անեղծ պայմանով արձանացած մակագիծ կտակ՝ Մեծության կցորդ հարակասահման, երկուսի անայլայլ միության կապ պատկանակիր, կերպով կշռորդված վեհի պատկեր, նյութով բաղկացած թեթեւ պարզություն, տողով ձեւացած տառ ընդհանրական, անսխալ դրոշմված տենչալի տոմար, շնորհով նկարյալ մեծության մատյան, բանով բարդացյալ նամակ ընտրալի, իմաստով զոդված անձնավոր արձան, տիրոջ կերպագրությամբ կնիք մատանու: Երկնից արքայի զգեստ լուսանյութ, սուրբ օդոց անմահ բնակողին, անեղ շինողին հարկ վայելչության, մարդկության առիթ անեղ Բանին, բնության վեհին մարմնացած գործիք, պատճառ պատշաճող անպատկառ ճգնությանց, ուղղության օրինակ անայլայլ վրիպանքի, թերության լրման անպակաս աճելություն, անմահների աշխարհի երկնային Իսկուհի, հայրական գթության մասնակից շնորհընկալ, անպարտակիր ազգակցության վերստին երկնիչ, անամանակ արգանդի ծանուցիչ ծննդյան:

Ես՝ Գրիգորս՝ հետինը վարդապետներից եւ կրտսերը բանասերներից, մաքրակրոն վարքով գովված եւ հռչակված, հոգեզարդ եւ մտավարժ փիլիսոփա Հայր Անանիայի եղբոր աղջկա որդին: