• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աստվածաշունչ (ընթերցումներ)

Արեգակի հովանու ներքոյ իմաստութիւնը նման է արծաթի հովանու ներքոյ լինելուն, բայց գիտութեան օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստութիւն ստացողին։
Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստուած։
Քո լաւ օրը բարիքների մէ՛ջ ապրիր, բայց յիշի՛ր, որ վատ օր էլ կայ։ Եւ տե՛ս, որ Աստուած դրանք միահիւսեց իրար, որպէսզի մարդ այնուհետեւ խօսելու բան չունենայ։
Ես իմ ունայնութեան օրերին տեսայ ամէն ինչ. արդար կայ, որ իր արդարութեան մէջ կորչում է, ամբարիշտ էլ կայ, որ ապրում է իր չարութեամբ։
Չափազանց արդար մի՛ լինիր եւ ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թէ սխալուես։
Ահա այս բոլորը գտայ, - ասում է Ժողովողը, - մէկ առ մէկ հաշուելով՝ գտնելու համար խորհուրդները. հոգիս փնտռեց, բայց չգտայ. հազարի մէջ մի տղամարդ գտայ, բայց կին ամենեւին չգտայ։
Բայց ահա գտայ այն, որ Աստուած մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։ Ո՞վ է ճանաչում իմաստուններին, եւ ո՞վ կարող է այս հարցերի մեկնութիւնը տալ։
Շատ ամբարիշտ մի՛ լինիր եւ մի՛ լինիր խստաբարոյ, որ չլինի, թէ տարաժամ մեռնես։
Լաւ է, որ մէկը բռնես եւ միւսից էլ ձեռքդ չքաշես, որովհետեւ ով երկնչում է Աստծուց, նա կազատուի ամէն բանից։
Իմաստութիւնն աւելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնուող տասը իշխան։
Երկրի վրայ չկայ արդար մի մարդ, որ բարի գործ անի եւ չմեղանչի։
Բայց դու ամբարիշտների ասած ամէն խօսք սրտիդ շատ մօտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անէծքը չլսես, երբ նա քեզ անիծի։
Ծառան շատ անգամ քեզ կարող է վատութիւն անել եւ շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։
 
Ժողովող, Գլուխ Է, 13-23