• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի սկզբանէ էր բանն. եւ բանն էր առ Աստուած

«Նարեկաբուժության դեպքում փոփոխությունը կատարվում է բավական արագ, ի տարբերություն հոգեվերլուծության, որը երկարատև գործընթաց է և հաճախ՝ անարդյունավետ: Մարդը ինքնուրույնաբար ինքնագիտակցման և զղջանքի ճանապարհով կարող է ազատվել իրեն ճնշող մտքերից, հույզերից, աֆեկտներից: Արդյունավետությունը կախված է խոսքի բուժման հանդեպ մարդու հավատից: Խոսք, որը հոգու սնունդն է, բալասանը, առանց որի չի կարող հոգին գոյատևել և որին չի կարող փոխարինել ոչ մի դեղամիջոց և վիրահատական գործողություն: Այն խաղաղեցնում է մարդու ներաշխարհը, կարգավորում հույզերը, աֆեկտները, տրամադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, հարթում է ներանձնային և միջանձնային փոխհարաբերությունները: 
«Նարեկը» ցուցված է բոլոր հիվանդությունների համար՝ անկախ ախտորոշումից (ուռուցքներ, շաքարային դիաբետ, սրտի ինֆարկտ, արյան բարձր ճնշում, հոգեկան, մաշկային հիվանդություններ և այլն), քանի որ այն ուղղված է հոգու և մտքի խանգարումների դեմ, խանգարումներ, որոնք երևում են մարմնի տարբեր օրգանների վրա ցավերի, բորբոքումների և ֆունկցիոնալ խանգարումների ձևով: Ցավոք սրտի հոգու և մտքի խանգարումները, որպես հիվանդությունների սկզբնապատճառ, լրջորեն չեն գիտակցվում և չեն բուժվում: Այդպիսով՝ հիմք դառնալով անբուժելի կոչվող քրոնիկական հիվանդությունների համար: Այնուամենայնիվ, այսօր ժամանակակից բժշկությունը կամաց-կամաց հանգում է այն համոզմանը, որ շատ հիվանդությունների (տուբերկուլյոզ, գլաուկոմա, չարորակ ուռուցքներ և այլն) առաջացման հիմքերը պետք է փնտրել մարդու հոգեկան աշխարհի մեջ: Այդ հիվանդությունները որակվում են որպես հոգեմարմնական հիվանդություններ»: Նարեկաբույժ՝ Արմեն Ներսիսյան
 
 
Ընթերցումներ
Արա՛ այս մատեանն ընթերցողների սրտերը յստակ, 
 Բժշկի՛ր նրանց հոգիները դու եւ յանցանքները սրբի՛ր, 
 Թո՛ղ պարտքերը նրանց եւ արձակի՛ր կապանքները մեղքի: 
 Արտասուքները թող բխեն սրանով հրահանգուողների, 
 Եւ թո՛ղ սրանով պարգեւի նրանց իղձ ապաշաւի: 
 Շնորհուի թող, ո՜վ Տէր, նրանց հետ եւ ի՛նձ զղջումի կամք, 
 Ինչպէս եւ նրանց` ի՛մ իսկ բառերով` շունչ բարեհամբոյր. 
 Թող այս մատեանով եւ ի՛նձ նուիրուի պաղատանքը նրանց, 
 Եւ իմ խօսքերով իմ փոխարէն էլ խնկուեն նրանց հեծեծանքները: 
 Ողբերգութիւնն այս սիրով ճաշակող սրտերում թող որ 
 Շնորհիդ լո՜յսը մտնի եւ բնակուի: 
 Եթէ պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայուեն, 
 Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, որոնք կենդանի են քեզ համար. 
 Եթէ սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից, 
 Ո՜վ խնամակալ, անձրեւի՛ր նաեւ նրանք ի՛նձ վրա: 
 Հաղորդակիցներն այս կենաց գրքի` թող փրկուածներին լինեն դասակից: 
 Քո կամքով, օրհնեալ, թող որ նաեւ ե՛ս համարուեմ փրկուած: 
 Եթէ խօսքերի իմ ազդեցութեամբ որեւէ մէկի սրտի խորքերից 
 Հնչեն հառաչներ աստուածահաճոյ, 
 Թող որ նրա հետ, ո՜վ բարձրեալ, եւ ե՛ս օգտուեմ քեզանով. 
 Թէ մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ քեզ կարկառուի, 
 Թող իմ ձայնի հետ հասնի, միանայ 
 Եւ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցուող` աղօթքների. 
 Եթէ ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն ինձ նման, բազմաբովանդակ, 
 Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին նուիրուած լինեմ: 
 Եթէ բանաւոր պատարագն այս իմ հաճոյ լինի քեզ եւ գնահատես, 
 Ուրիշներինն էլ, առաջ, քան թէ իմ, թող քեզ ընծայուի. 
 Եթէ տրտմութեամբ մի ոք սրտաբեկ նուաղի տկար, 
 Թո՛ղ կանգնի դարձեալ հառաչանքների այս հաստարանով` քեզնով յուսադրուած. 
 Եթէ ամբարտակն ապահովութեան խորտակուի մեղքով, 
 Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապէս կառուցուի՜ դարձեալ, աջովդ պաշտպանուած. 
 Եթէ յանցանքի սրով կտրուի յոյսի լարը ձիգ, 
 Ամենակալիդ կամքով թող դարձեալ կցուի ամրապէս` քո պատուաստումով:
 
Հաջորդիվ՝ Գրիգոր Նարեկացին որպես երաժիշտ