• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ուխտը

Գիտեինք՝ ուխտագնաց ենք, գիտեինք՝ գնալու ենք ու սպասում էինք: Բազմազբաղ ապրիլը թույլ չտվեց նկատել, թե ինչպես եկավ մայիսի 1-ը, և մենք՝ ուխտագնացների մեծ խումբ, բռնեցինք դեպի նախնյաց երկիր տանող ճանապարհը: Առավոտյան ժամը 6-ին բոլորս տեղում էինք: Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, ստանալով տիարի մաղթանքները, ընկանք ճամփա: Բոլորս անհամբեր էինք, ուզում էինք րոպե առաջ հասնել նախնյաց երկիր՝ պատմական Հայաստան: Եվ ահա հաղթահարելով մի քանի պետական սահման` տեղ  հասանք:  

Առաջին կանգառը Չարենցի ծննդավայր Կարսն էր: Կարսի բերդից հիանում էինք քաղաքի համայնապատկերով, մարմնովս մի անհասկանալի սարսուռ անցավ: Մտքումս ասացի. «Ախր սա ժամանակին մերն է եղել»: Հուզմունքս սաստկացավ, երբ տեսա Կարսի հրաշագեղ Առաքելոց եկեղեցին, որն այժմ որպես մզկիթ էր ծառայում: Նույնիսկ չցանկացա ներս մտնել:

Շարունակեցինք քայլել Կարսի փողոցներով ու... Չարենց -հանճարի տունը՝ մի անմխիթար ավերակ դարձած: Բոլորս ասմունքում էինք չարենցյան տողեր, իսկ  շուրջներս հավաքվածները նայում էին մեզ ու չէին հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում էս խենթերը, ինչ կա էդ քարացեխակույտերի մեջ:

Եկավ ժամանակը ու ժամանակավորապես հրաժեշտ տալով Կարսին՝ շարժվեցինք Իգդիր: Արդեն բավականին ուշ էր, երբ տեղ հասանք:  Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, շարժվեցինք դեպի Վան: Անցել էինք բավականին երկար ճանապարհ ու... ա՜յ քեզ հրաշք.  Մասիսը, չքնաղ Մասիսը հակառակ կողմից նայում էր մեզ:  Այնքա՜ն ջինջ էր, այնքա՜ն պարզ: Մեզ ուղեկցող Տիգրանն ասաց, որ  6 տարվա ընթացքում երբեք այսքան պարզ չէր տեսել Մասիսը:

Մի քանի կիլոմետր հետո մեզ սպասում  էր մի այլ անմոռանալի տեսարան. արևի շողերի տակ ուղղակի պսպղում էր Վանա լիճը, իսկ հեռվում հպարտ կանգնած էր ձյունապատ Սիփանը: Հուզմունքը խեղդում էր կոկորդս. շրջվեցի ձախ ու տեսնելով տիկին Ելենայի արցունքոտված աչքերը` այլևս չկարողացա ինձ զսպել:

Աղթամար կղզում բոլորս հիացանք Սուրբ Խաչի կատարելությամբ: Առաջին անգամ այս երկրում տեսանք եկեղեցի, որի գլխին խաչ կար: Հասցրինք վայելել նաև Վանա լճում լողալու հաճույքը: Անհագուրդ կարոտով վերջին անգամ նայեցինք Ախթամարին ու շարժվեցինք առաջ՝ դեպի Վանի ամրոց: Բարձունքին կանգնած՝ վայելում էինք Վանի հիասքանչ մայրամուտը: Արևն ուղղակի սուզվեց ու թաքնվեց Վանա լճում: Պարզ երևում  էին Վանի այգեստանները, որոնք այժմ այլ տեսք ունեին, այնպիսին չէին, ինչպես նկարագրում է Մահարին, բայց կարելի է հասկանալ մեծն գրողին:

Երեկոյան բարեհաջող տեղավորվեցինք Վանի հյուրանոցում: Առջևում երեկոյան զբոսանքն էր Վան քաղաքում: Պարզվում է, որ տեղացիները խոսում են միայն թուրքերեն, ու ես էլ ստիպված սկսեցի այդ լեզվով խոսել (իհարկե, զրուցարանի միջոցով): Ասեմ, որ բավականին լավ էլ ստացվում էր, սովորողների մի մասը նույնիսկ համոզված էր, որ հատուկ դասընթացների եմ գնացել:

Հաջորդ օրը` առավոտյան, շարժվեցինք դեպի Վարագավանք ու Մհերի դուռ, իսկ ուշ երեկոյան կրկին բռնեցինք  Կարս տանող  ճամփան: Ճանապարհին անցանք Ռաֆայել Մեսրոպյանի հայրենի Կողբ գյուղի միջով, այն գյուղի, որի մասին այդքան պատմել էր Ռաֆայելը: Հաջորդիվ մեզ սպասում էր մի շատ հուզիչ տեսարան: Հայ ազգի զավակը փարվել ու համբուրում էր պապերի հարազատ գյուղի հողը, այն գյուղի, որի մասին միայն լսել էր: Բոլորս լուռ արտասվում էինք:

Մինչ Կարս հասնելը կանգնեցինք մայր Արաքսի ափին, քայլեցինք երկար ու լուռ, լռեցինք՝ ականջ դնելով Արաքսի վարարած ջրերի աղմուկ-աղաղակին:

Եվս մեկ հնարավորություն ստացա գործածելու մի քանի օրում սովորածս թուրքերենը (արդյունքը գոհացուցիչ էր): Թուրքական նամազի տակ մի կերպ գիշերելով՝ հաջորդ առավոտ հասանք Անի: Հիմա լիովին հասականում եմ հայտնի երգի բառերի իմաստը. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»: Անիի մասին պատմելը դժվար է, Անին տեսնել է պետք: Անին այնքան մոտ էր Հայաստանին, այնքան մոտ, բայց այնքան հեռու:

Արդեն ուշ երեկո էր, երբ հասանք Երևան: Բոլորիս պատել էր մի անհասկանալի և միաժամանակ շատ հասկանալի զգացմունք … կարոտը…

Սպասի՛ր մեզ, մեր նախնյա՛ց երկիր, մենք անպայման կվերադառնանք:

Հ.Գ. Անչափ շնորհակալ եմ, տիկին Ելենա՛ ջան …