• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ցավով և հպարտությամբ` Արցախ աշխարհից....

 «Ղարաբաղի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը բաց նամակով դիմել է միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր  բարի կամքի տեր մարդկանց։  Ուրախ ենք, որ Արցախի մեր գործընկերը` Շուշիի թ. 2 դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանը, կարևորում է այն նաև մեր կայքում հրապարակելը, ինչը և սիրով անում ենք։  Լավ է նաև, որ կրթահամալիրի սովորողները բաց նամակի ոգուն համապատասխան, բացի դատապարտումից ու ոգեկոչումից, մեր բակ-պարտեզներում իրականացնում են ապրիլքսանչորսյան միավորող նախագծերը` Գեղարվեստի դպրոցում, Արհեստների դպրոցում, Միջին դպրոցում, Վարժարանում։ Մեզ ոգևորում է, որ մայիս ամսին էլ Շուշիիում մենք համատեղ կիրականացնենք մեր «Մշակութային Շուշի» նախագիծը.... 

 
Բաց  նամակ միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր  բարի կամքի տեր մարդկանց

 

Հայոց դատը  մարդկության դատն
Աշխարհը պիտի սուրբ դատ պահանջի…

Հայ ժողովուրդը ապրիլի 24-ը  դիմավորում է հակադիր զգացմունքներով` ցավով ու հպարտությամբ, որոնք միմյանց չեն մերժում: Ցավով, որ ունեցել է նման ողբերգական էջ և հպարտությամբ, որ բռնել է հավերժի ճամփան…

Կյանքի անողոք պայքարում, կյանքի մաքառումներով լի ճանապարհին գոյատևում է այն ազգը, որն ունի հիշողություն` ազգային հիշողություն: Հիշողությունը հարություն է տալիս ազգի պատմական անցյալին, դա լինի հերոսական, և թե ողբերգական:
Ազգային հիշողություն չունեցող ազգը մահվան է դատապարտված:

ճակատագրի դաժան խաղով ս/թ ապրիլի 24-ին մենք ազգովի կնշենք 20-րդ դարի` մարդկության պատմության ամենամեծ ողբերգության` հայերի ցեղասպանության 98-րդ տարելիցը:

Ցավով կարելի է նշել, որ 98 երկար ու ձիգ տարիների ընթացքում, երբ համարյա չկան Հայոց Մեծ եղեռնն ապրած կենդանի վկաները, դեռ աշխարհի 21 երկրներն են իրենց մեջ ուժ գտել ու իրենց արդարացի վերաբերմունքը դրսևորել այդ ոճրագործության հանդեպ` ճանաչելով Հայոց Մեծ եղեռնը` որպես այդպիսին:

«Ղարաբաղի կանանց ասոցիացիա»  հասարակական կազմակերպության անդամների և անձամբ իմ երախտագիտության խոսքն եմ ուղղում նշված երկրների իշխանություններին, այդ երկրների հասարակությանը, ողջունում նրանց յուրօրինակ խիզախումը` աշխարհի որոշ մեծ տերությունների` այդ հարցում անտարբեր կեցվածքը շրջանցելու հանգամանքով:

Միաժամանակ կոչ ենք անում միջազգային հանրությանը, բոլոր բարի կամքի տեր մարդկանց, ինչո՞ւ չէ, նաև Թուրքիային (չէ՞ որ նա երբևէ ստիպված կլինի մաքրվել այդ ախտից), ցեղասպանությունը չճանաչած բոլոր երկրներին, անկախ իրենց աշխարհա-քաղաքական շահերից, իրենց մեջ ուժ գտնեն և պատմականորեն անհերքելի այդ ճշմարտությունը չշրջանցեն, չաղավաղեն, այլ` ճանաչեն, որպեսզի մարդկությունը այսօր և հետագայում փրկվի նմանօրինակ և այլ ողբերգություններից:

Եվ եթե ժողովուրդների համաշխարհային ընտանիքում միջազգային հանրությունը ժամանակին դատապարտեր և քաղաքական գնահատական տար Հայոց Մեծ նախճիրին, որի մանրէն, ցավոք,  գործեց նաև Նախիջևանում, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մինգեչաուրում, ապա  չարագործները իրապես կվախենային պատմության դատաստանից և երբեք նման և այլ հանցագործությունների ձեռք չէին մեկնի:

Ակնկալում ենք ձեր ողջամտությունն ու արդարացի վերաբերմունքը:

«Ղարաբաղի կանանց ասոցիացիա»
հասարակական կազմակերպության նախագահ`  Ն. Ա. Նալբանդյան