• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարոտելու մասին

Ուզում եմ խոսել մեր օրերի հայերեն խոսքում տարածված մի սխալի մասին։ Կրթահամալիրցիներն էլ շատ են անում այդ սխալը` բանավոր կամ գրավոր խոսքում ասելով` կարոտել եմ (կարոտեցի, կարոտում եմ) իմ տունը, ընտանիքը, փողոցը, երկիրը և այլն։ Ոչ անձի նշանակությամբ բառը (գոյականը) ուղիղ ձևով խնդիր են առնում ներգործական սեռի բայերը, ինչպես` սիրել ու ատել ի՞նչ (ոչ թե ինչի՞ն), հասկանալ ու մերժել ի՞նչ, տեսնել ու անտեսել ի՞նչ, բաժանել ու հավաքել ի՞նչ, բացել ու փակել ի՞նչ և այլն։  Այդ արտահայտությունները կարող են փոխարկվել կրավորական բայով կազմված կապակցությամբ` ի՞նչն է սիրված, ընդունված, փակված (ո՞ւմ (ինչի՞) կողմից, ինչի՞ց (ինչո՞վ))։ Իսկ կարոտել-ը ներգործական չէ, չեզոք սեռի բայ է, ինչպես մոտենալը, նայելը, զբոսնելը և այլն։ Հայերեն բացատրական, հոմանիշների և այլ բառարաններում այդպես էլ նշված է չբ. (չեզոք բայ), և բերված են օրինակներ, որտեղ ոչ անձ ցույց տվող բառերը նրա խնդիրն (լրացում) են դառնում տրական հոլովով։ Հետևաբար պետք է կարոտել տանը, ընտանիքին, Վրաստանին, հայրենիքին, մանկությանը և այլն։ 

Խնդրում եմ այս տեղեկությունն ստուգել բառարաններում, տեղեկատվական այլ աղբյուրներում և քերականական ձեռնարկներում։