• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական դիջիթեք 2013-ն ավարտվեց

Հանրակրթական Դիջիտեք 2013, այլ կերպ ասած՝ նորարարական մեթոդների և լուծումների,  տեղեկատվական տեխնոլոգիաների, գործիքների արդյունավետ կիրառումը հանրակրթության մեջ: Ստուգատեսն անցկացվում է հինգ տարի շարունակ, տարին մեկ անգամ: Այն կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Ստուգատեսի ընթացքում հրապարակվում, ներկայացվում են այն աշխատանքները, որոնք հրապարակվել են նախորդ տարվա Դիջիտեքի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Քանի որ Հանրակրթական Դիջիտեքը համարվում է միջազգային ստուգատես, մասնակիցներ կան նաև այլ մարզերի, քաղաքների դպրոցներից: Այս տարի փետրվարի 4-ից  սկսած, կրթահամալիրում հյուրընկալվել են մոտ 70 սովորողներ, ուսուցիչներ  Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: Մեզ էին հյուրընկալվել Լոռու մարզից (Հաղպատ, Մղարթ, Արևածագ, Ախթալա), Արցախից՝ (Ասկերան, Շուշի, Ստեփանակերտ), Վաղարշապատից, Արմավիրից, Շիրակից, Վայոց Ձորից:  Բոլոր հյուրերին կրթահամալիրը  հյուրընկալեց կրթական փոխանակումների կացարաններում, որտեղ էլ նրանք գիշերել են:
Ստուգատեսի շրջանակում կազմակերպվեցին և անցկացվեցին մեդիահմտությունների առաջնություն և այլ մրցույթներ` գովազդային հոլովակի, երգի։ Հունվարի 10-ից փետրվարի 3-ը ստուգատեսն ընթանում էր համացանցում.  13 անվանկարգերով ներկայացվեցին 1000-ից ավելի անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան հայտեր, որոնցից մոտ 800-ը  գրանցվեց մրցութային հանձնաժողովի կողմից։ Մրցութային նյութերը, նախագծերը հեղինակների կողմից հրապարակված են իրենց բլոգներում, կայքերում, սոցիալական ցանցերում։

Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին փետրվարի 7-ին։ Մրցութային հանձնաժողովի որոշմամբ 25 մանկավարժական աշխատող, 35 սովորող և սովորողների խմբեր արժանացել գլխավոր, խրախուսական և անվանական մրցանակների։ Մրցանակները որոշել և հանձնում են ստուգատեսի գործընկեր կազմակերպությունները` Հայ Առաքելական Եկեցեցու Արարատյան թեմի առաջնորդարանը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Նաիրի կոնսորցիում», «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ, Ինստիգեյթ ՓԲԸ, Forex4you, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպություն, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարությունը, «Տաթև» գիտակրթական համալիրը, Ինտերնյուզը, PC Electronics-ը: Մրցանակներն էլ հիմնականում ուսումնական ճամփորդությունների ուղեգրեր են կամ թվային գործիքներ:

Փետրվարի 8-ին տեղի ունենցավ Հանրակրթական Դիջիտեք 2013-ի հանդիսավոր փակումն ու 2014-ի բացումը, որի ընթացքում էլ հայտնի դարձան գլխավոր մրցանակակիրների անուններն ու հանձնվեցին մրցանակները:

Վիկա Մարկոսյան