• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նժդե՞հ. մի քիչ կասկածում եմ

Սույն հրապարակախոսությունը չի հետապնդում միտում` կասկածի տակ դնելու Նժդեհի կյանքը, գործունեությունը, առաջ քաշած գաղափարները: Նյութի հրապարակման առիթ է վերջին շրջանում լայն տարածում ստացած նժդեհասիրությունը կամ, որ ավելի ճիշտ է, նժդեհապաշտությունը`  ենթադրյալ ցեղակրոնության տեսքով:

Քրիստոսը (խնդրում եմ ուշադիր, ես չեմ ասում քրիստոնեությունը) ուժեղ է, որովհետև դիմանում է քննադատության:

Այս առումով, Նժդեհի կամ նժդեհականության վերաբերյալ տեսակետները կարող են կիսվել մի քանի հարցադրումների պատճառով: Մենք ունենք նույն փուլում հանդես եկած փայլուն գործիչներ, որոնց պաշտամունք առ այսօր չի ձևավորվել: Եվ դա լավ է: Բայց այդ գործիչները Նժդեհի` առկա պաշտամունքային համալիրի ստեղծման պարագայում ստորադասվում են, այնինչ պետք է դիտարկվեին նույն համածիրում: Սրա մեծագույն նպաստողը տիրող գաղափարաբանությունն է, որի կրողը կամ առաջադրողն իշխող համակարգն է: 

Ինչի՞ց սկսվեց նժդեհացավը

Իննսունականների սկզբին, երբ Հայաստանում տիրապետող էր այլ քաղաքական կառույց, չէր առանձնացվում որևէ գործիչ, որը դիտվում էր որպես ազգի ուղղորդիչ, և դա, կարծում եմ, ճիշտ է: Դուք չեք գտնի աշխարհում զարգացած որևէ երկիր, որտեղ մեկ անհատի պաշտամունքը մյուս նշանավոր անհատներից մի քանի աստիճան բարձր դրված լինի: Գերմանացին շնորհակալ է Օտտո ֆոն Բիսմարկից, բայց չի պաշտում, չնայած այն հանգամանքին, որ Բիսմարկը մի քանի անգամ ավելի արդյունավետ ծառայություններ է մատուցել գերմանական ժողովրդին: Երբ ասում ես Ֆրանսիա, առաջինը, որ գալիս է միտքդ, Նապոլեոն Բուոնապարտն է կամ Էյֆելյան աշտարակը: Բայց շարքային ֆրանսիացին իրեն բավարար չափով նվաստ չի համարում և ուզած ժամանակ քննադատում է Նապոլեոնին: Այս առումով մեզ դեռ կուռքեր են անհրաժեշտ: Իշխող համակարգի պայմաններում առկա էր հսկա գաղափարական վակում, այն վերացնելու համար սկսվեց այն, ինչով վերնագրված է այս ենթավերնագիրը: Ու դաշտը լցվեց սխալ մոտեցումներով և պատկերացումներով: Եթե վաղը ես ստեղծեմ կուսակցություն և որդեգրեմ, ասենք, Վաչագան Բարեպաշտի (շատերի համար ոչինչ չասող անուն) սահմանադրական կանոնները, ապա Հայաստանում պիտի սկսվի վաչագանապաշտությու՞ն, ներկայիս ցեղակրոններին պիտի գան փոխադրելու սահմանադրականները կամ կանոնականնե՞րը: Կարող է աբսուրդ թվալ, բայց դա այդպես է:

Լենին-Նժդեհ-Տրիքստեր, կամ` էլ ինչներիս էր պետք անկախությունը

Ազատի երազով մենք ձեռք բերեցինք անկախություն և մինչ օրս էլ սարսափելի լավատեսորեն հավատում ենք մեր ձեռք բերմանը: Համաձայն եմ, շատ հանգամանքներ հաշվի չառնելով, կա պետական սիմվոլիկա, որն անհրաժեշտ է ազգին կամ հասարակությանը: Անկախացանք, սիրելի երգչի ասած «Խորհրդային բիրտ բարքերից»: Դա այն ժամանակն էր, երբ կային հոկտեմբերիկներ, նոյեմբերիկներ, կոմսոմոլներ և այլն: Դա մի ժամանակ էր, երբ դու ստիպված էիր ժողովուրդների հայր կոչել Լենին պապիկին կամ մինիմում Ստալինին: Դա այն ժամանակն էր, երբ դու ուզեիր թե չուզեիր, պետք է լինեիր Լենին պապիկի սիրելի թոռնիկը: Եվ վերջապես, դա այն ժամանակն էր, երբ դու, որևէ գիտական թեզ կամ նյութ հրապարակելիս պետք է անպայման անդրադառնայիր Մարքսին կամ Լենինին: Պաշտում էինք, էլի, տարբերությունը ո՞րն է: Անուննե՞րը: Սրա՞ համար մարդիկ պայքարեցին անկախության համար: Մահացան ու նստեցին, որ Լենինին փոխարինի Նժդեհը, իսկ վերոնշյալ շարքին` նժդեհիկը, ցեղակրոնը, սյունյաց արծիվը և այլն: 

Ո՞վ տվեց մեզ Սյունիքը

Պատմությունը մեր լավագույն և մեծագույն ուսուցիչն է, ցավոք, չունի արժանի աշակերտներ: Մինչ օրս մենք շարունակում ենք պնդել, որ Սյունիքը մնաց Հայաստանի կազմում միայն և միայն Նժդեհի շնորհիվ: Բնավ չնվաստացնելով Նժդեհի դերը այս գործում` այնուամենայնիվ համադրենք մի քանի պատմական փաստեր: Նժդեհի նախատիպը, ուզես թե չուզես,Դավիթ Բեկն է: Դա ինքը` Նժդեհն է փաստում: Նույն այդ Սյունիքում, որտեղ սկսվեց դավիթբեկյան պայքարը, և որը, ի դեպ, չորս անգամ ավելի երկար տևեց, քան նժդեհյան պայքարը, ցույց տվեց, որ հնարավոր չէ միայնակ դիմակայել, և կգա օրը, երբ դու պարզապես ի զորու չես լինի որևէ բան անել` պայքարելու համար: Գյուղացին կուզենա հող մշակել, զինվորը` սիրահարվել, մտավորականը` ստեղծագործել: Բացի դրանից, դու չես ունենա այնքան ռեսուրս կամ գոնե անհրաժեշտի մեկ տոկոսը, որ շարունակես պայքարդ: Այս առումով, Կարմիր բանակի համար առավելագույնը ամիսների խնդիր էր «Սյունիք» օպերացիան ավարտին հասցնելը, և եթե անգամ Սյունիքում մեկտեղվեին Նժդեհը, Դավիթ Բեկը, Մուշեղ Մամիկոնյանը, Վասակ Մամիկոնյանը և Վարդան Մամիկոնյանը (վերջինի պարագայում մի քիչ կասկածում եմ` կգա՞ր, թե՞ նորից կփորձեր փախչել Բյուզանդիա, չիմանալով, որ այն արդեն գոյություն չունի, և կհայտնվեր Թուրքիայում) համատեղ, մեզ ոչինչ չէր օգնի: Սա է սովորեցնում մեզ պատմությունը, որը մենք համառորեն չենք սովորում: Իսկ ի՞նչ եղավ իրականում: Լենին պապիկը, սիրախաղ սկսելով Քեմալի հետ, անշուշտ հասկանում էր հայր թուրքի պանթուրանական ծրագրերը և հասկանում էր նաև` Սյունիքը միակ ոսկորն է այդ ծրագրի կոկորդին: Չիչերինի համապատասխան զեկուցագրի վրա հիմնված` նա հրահանգեց Ստալինին թողնել Սյունիքը հայերին: Զարմացա՞ք, ոչինչ, Անդրանիկը պակաս Նժդեհ չէր և Նժդեհից էլ վատ չմտավ Լեռնային Ղարաբաղ, բայց Ստալինը որոշեց, որ ԼՂ-ն պետք է լինի և եղավ Ադրբեջանի կազմում:

Օգտագործել Նժդեհի գաղափարները`  կարելի է, անդրադառնալ նրա հայացքներին` արժե, բայց նոր կրոն ենք ստեղծու՞մ: Հավատացեք, եղածն էլ բավարար է:

Շնորհակա´լ եղեք Նժդեհին, բայց մի´ պաշտեք նրան:

Հ. Գ. Աշխարհի ցանկացած լեզվով փորձեք թարգմանել «ցեղակրոն» բառը: