• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշնան պայքարը

Ներկայացնում եմ Գանձասարյան ճամբարի, Կրթահամալիրի կողմից կամզակերպված և ԼՂՀ ԿԳՆ և ՀՀ ՊՆ աջակցությունն ստացած «Պատանեկան ակումբների հոկտեմբերյան ստեղծագործական հավաքի»  հաշվետվությունը: Հաշվի առնելով իմ առողջական ոչ բարվոք վիճակը, տուրք չեմ տա իմ նախկին գրելաոճին և չոր շարադրանքի տեսքով կներկայացնեմ եղելությունը:

Այսպես.

Առաջին օրը եղանք Դադիվանքում: Մինչ սովորողները և դասավանդողները զմայլվում էին այդ կառույցով, ես հասցրեցի ծանոթանալ Դադիվանքի գյուղապետ Դավիթ Սարգսյանի հետ: Մենք պայմանավորվեցինք, որ եթե կրթահամալիրը փորձի իրականացնել էկոլոգիական նախագիծ այդ տարածքում, ապա որոշակի թվով մասնակիցների գիշերակացի հարցը հնարավոր կլինի լուծել գյուղում:Այնուհետ եղանք Վանքում, ծանոթացանք դպրոցի տնօրենի հետ, ով մեզ բավական սիրալիր ընդունեց(այլ կերպ չէր կարող լինել. երկուսս էլ սիրում ենք Չարենցին), շարժվեցինք դեպի Գանձասար: Տեղավորվելուց հետո, կազմվեցին աշխատանքային  և հերթապահ խմբերը: 

Հաջորդ օրն առավոտ սկսվեց աշխատանքային գործընթացը, աշխատանքները հիմնականում ընթանում էին Վանք գյուղի դպրոցում, որի պատճառով հիսուն լիտր բենզինի գերածախս ունեցանք: Աշխատանքային կարգացանկից շեղվեցինք երկու անգամ, երկուսն էլ ոչ մեր մեղքով: Առաջին դեպքում գյուղի հովանավոր Լևոն Հայրապետյանի և իր ֆրանսիացի և շվեյցարացի հյուրերի այցն էր, երկրորդ դեպքում դպրոցի պահակի թաղումը, ում տեղացիներն անվանում էին գիշերային տնօրեն: Ներկայացնեմ հավաքի դրական և թերի կողմերը:

«Լուսաստղ»  և «Դպիր»  ամսագրերը ներկայացվեցին լիարժեքորեն: Մասնակիցներն այս երկու ամսագրերի նկատմամբ հանդես բերեցին բուռն հետաքրքրասիրություն:

«Տիեզերք»  ակումբի աստղացուցարանը գործեց լիարժեք: Եղանակային վատ պայմանների պատճառով չգործեց աստղադիտակը, իսկ ֆիլմի ցուցադրությունը չկայացավ, որովհետև այդ ժամին սգո արարողություն էր: Մեծ էր տեղացի սովորողների հետաքրքրությունն աստղացուցարանի նկատմամբ: Նրանք որոշեցին դիմել բարերարներին և հանգանակություն կատարել, սեփական աստղացուցարան ունենալու նպատակով:

«Խաղարկային դատարանը» ՝ Դավիթ Կարապետյանի նախագահությամբ, իրականացրեց Արմեն Մարտիրոսյանի կողմից ներկայացված դատը: Դատին հատկապես ակտիվորեն մասնակցեցին Ասկերանի և Շուշիի սովորողները:

«Ազատ խոսքի ամբիոն»  ակումբը իրականացրեց մեկ բանավեճ և մեկ քննարկում: Երկուսն էլ անցան չափազանց դինամիկ և կարելի է ասել բոլոր ներկաների ակտիվ մասնակցությամբ:

Հաջողված էր նաև անգլերեն լեզվի երկու ակումբների ներկայացումը: Այն հատկապես գոհացրեց այն մասնակիցներին, ովքեր իրենց դպրոցներում դասավանդում էին օտար լեզուներ:

«Էկո-հայրենագետների»  ակումբը մասնակցեց բանավեճին և հանդես եկավ առանձին ցուցադրությամբ, որը քիչ էր մնում խափանվեր:

«Ասպետ»  ռազմամարզական ակումբը լիարժեքորեն կազմակերպեց առավոտյան նախավարժանքները:

Հնարավորություններից ցածր հանդես եկավ «Ապոլլոն»  գիտակների ակումբը:

Եղան բավականին կառուցողական քննարկումներ «Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ձևերը» փաթեթի շուրջ: Արդյունքերը կհրապարակեմ ավելի ուշ:

Յուրաքանչյուր առավոտ օրը սկսվում էր առավոտյան ընդհանուր պարապմունքով:

Պարուսուցումը կազմակերպվեց լիարժեք: Միայն երկրորդ օրը, երեկոյան, ես արգելեցի սովորողներին պարել և հանգստանալ, հատկապես  աղջիկների սենյակների հատվածում տիրող սանիտարահիգենիկ վիճակի պատճառով և Քուն հրահանգը հնչեց ժամը ինին:

Հավաքի փակման օրը, որին մասնակցում էին տիար Բլեյանը, ԼՂՀ ԿԳՆ նախարարը և Ստեփանակերտում վերապատրաստում իրականացնող մեր դասավանդողները, ունեցանք անակնկալ ԼՂՀ ԿԳՆ նախարարի կողմից: Պարոն Ասիրյանը հավաստիացրեց, որ Գանձասարում գործող ամառային ճամբարի յուրաքանչյուր հերթափոխի կրթահամալիրի տաս սովորող և մեկ դասավանդող կունենա ուղեգիր:

Հայաստանցի և արցախցի սովորողների շփումը միանշանակ կայացավ:

Որոշ սովորողներ գիշերեցին նաև Վանք գյուղի սովորողների տներում: Հետայսու, կարող ենք օգտվել ոչ միայն Գանձասար ճամբարից:

Կրթահամալիրի ակումբները ներկայացան լիարժեքորեն:

Առաջադրված հիմնական նպատակներն ի կատար ածվեցին:

Մոտ քառասուն մարդ, առաջին անգամ տեսավ Արցախը՝ Դադիվանքից մինչ Շուշի, Քարվաճառից մինչ Քաշաթաղ:

Աշխատանքը հիմնականում դժվարացնում էր համացանցի բացակայությունը:

Արցախյան կողմից ներկայացված չէին Ասպետ ճամբարի ներկայացուցիչներ:

Որոշ ենթակառուցվածքներ (չեմ մանրամասնում) գործեցին վատ, որի պատճառով քիչ էր մնում առաջանային խնդիրներ:

Կային սովորողներ, որոնց հարցում թերացել ենք: