• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայոց պատմություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

10-11-րդ դասարանների համար (շաբաթական 2 ժամ)

Բացատրագիր և հայեցակարգ

Սույն ավագ դպրոցի  «Հայոց պատմություն» առարկայի X-XI դասարանների ծրագիրը կազմվել է` հիմք ընդունելով «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները, Հանրակրթության պետական չափորոշչի և հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի չափորոշչի հայեցակարգային դրույթները, առարկայական ծրագրին ներկայացվող սկզբունքներն ու պահանջները:
Հանրակրթական ավագ դպրոցի X-XI դասարանների «Հայոց պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ամբողջականորեն` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Մեր ժողովրդի անցած պատմական ուղու համակարգված  և հանրամատչելի շարադրանքը` սովորողներին կծանոթացնի հազարամյակների կենսագրություն ունեցող հայկական քաղաքակրթության հետ, նրա առաջացման ու զարգացման օրինաչափու-թյուններին, ստեղծած արժեքներին և համամարդկային նվաճումներին, ինչպես նաև`այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած դժվարություններին ու կորուստներին:
Հայաստանը հին ժամանակներից սկսած եղել է արևմտյան և արևելյան քաղաքակրթու-թյունների շփման, փոխհաղորդակցության և փոխազդեցության կենտրոնում: Շփվելով տարբեր մշակույթների հետ, կրելով նրանց որոշակի ազդեցությունը, հայ ժողովուրդը, սակայն, պահ-պանել ու զարգացրել է իրեն բնորոշ քաղաքակրթություն: Ինքնատիպ մշակույթի շնորհիվ հայությունը, հազարամյակներ կտրելով, հասել է մարդկության պատմության նորագույն փուլին և  շարունակում  է  իր պատմական ընթացքը: Այս ընթացքում, վերը նշված հանգամանքներից զատ, հայ էթնոսը ստեղծել է յուրատեսակ մշակույթ, իրեն բնորոշ միկրոհամալիրներով և ուղղություններով: Յուրաքանչյուր քաղաքացու և անհատի կայացման ճանապարհին՝ կարևորագույն  խնդիր է նաև յուրացնել ուրույն մշակութային դիմագիծ  և վարքագիծ, որն ամբողջացնում է տեսակի էությունը:
Հայոց պատմության յուրահատուկ գծերից է նաև ազատության և անկախության պահ-պանման կամ վերականգնման համար մղված դարավոր պայքարը: Անտարակույս, Հայաս-տանի` Հայոց հայրենիքի ազատագրության համար պայքարը մեր ժողովրդի պատմության մշտական ուղեկիցն  է, նրա գոյության ձևերից մեկը:
Պատմական հարուստ ժառանգության իմացությունն ու յուրացումը ամեն մի հայի, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է: Այդ խնդրի հաջող լուծման գործում մեծ կարևորություն ունի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը` «Հայոց պատմություն» առարկայի լրամշակված ծրագրի և ուսումնական փաթեթների հիման վրա:

           Նպատակ և խնդիրներ

Ավագ դպրոցում,  «Պատմություն» առարկայի ուսուցման նպատակն է սովորողներին ներկայացնել  Պատմություն գիտությունը, դրա տեղը հասարակական գիտությունների շարքում, սովորողների ունեցած իմացական հենքի վրա կառուցելով՝ տալ համապարփակ գիտելիքների անցյալի և ապագայի հետ կապակցվող շղթայի վերաբերյալ:

Նպատակները և հիմնական խնդիրները 

Ա. Սովորողների մոտ վերլուծական և տրամաբանական մտածողության զարգացումը:
Բ. Անցյալի կենսափորձի վրա հիմնված և ունեցած գիտելիքների առօրեական կիրառումը:
Գ. Ինքնաճանաչողության որոշակի աստիճանի ապահովումը:
Դ. Ինքնության խնդիրների իմացությունը:
Ե. Քաղաքացու կայացման ճանապարհին ճիշտ ուղղորդումը:
Զ. Ազատել Պատմություն առարկան, սովորողի մոտ ընկալվող թվերի և անունների բարդույթից:
Է. Համաշխարհային պատմության կարևորագույն և հայության հետ առընչվող առանցքային դեպքերը ներկայացնել սահուն կերպով, շաղախելով դրանք ընդհանուր համատեքստում:
Թ. Նախագծային ուսուցման ձևակերպումը և իրականացումն այս դասընթացի միջոցով:

Ուսուցման միջավայր

Ուսումնական կաբինետ՝ համացանցին միացված համակարգչով, պրոյեկտորով: Համակարգչում համապատասխան ծրագրերի և ուսումնական փաթեթների առկայություն: Համացանցի ուսումնական միջավայրն այս դեպքում դիտարկվում են կրթական կայքերը՝ mskh.am, Մեդիագրադարանը, http://festival.1september.ru/ և այլ, դասընթացը դասավանդողների բլոգները:
Ուսուցչին անհրաժեշտ գործիքներն են համակարգիչ (նոթբուք, նեթբուք կամ այլ տեսակի), որն ապահովված է ինտերնետով, ուսումնական և մասնագիտական համապատասխան գրականություն (էլեկտրոնային և տպագիր), ձայնագրիչ, ֆոտոխցիկ: Անհրաժեշտ հմտություններ՝ առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում, մեդիահմտություններ, որոնց միջոցով կկարողանա անարգել օգտվել տվյալ առարկային վերաբերվող կայքերից և դրանցում առկա անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրի սովորողին:

Սովորողին անհրաժեշտ գործիքներն են անհատական համակարգիչ (նոթբուք, նեթբուք կամ այլ տեսակի)՝ միացված համացանցին, համակարգչում առկա անհրաժեշտ ուսումնական ծրագրեր և էլեկտրոնային  դասագրքերի ու օժանդակ գրականության փաթեթ: Տպագիր դասագիրք ու օժանդակ գրականություն:   Համապատասխան երաշխավորված կայքեր:

Անհրաժեշտ ուսումնական նյութերը նշված են վերը, իսկ մնացած հատվածը ներառվում է օգտագործվող գրականության և ֆիլմերի ցանկում։ 

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը

Անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական փաթեթների ստեղծում և այդ աշխատանքներին օժանդակում (էլեկտրոնային և տպագիր գրականության), մասնագիտական փորձառություններ, մասնակցություն համապատասխան ակումբային գործունեությանը, մեդիաօլիմպիադաների մասնկացություն,  հանձնարարված նյութի ներկայացում:

Նախագծային և հետազոտական աշխատանքներ

Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ
• Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
• Ստեղծականություն
• Վերլուծական միտք
• Համեմատություն
• Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
• Սեփական տեսակետի արծարծում
• Սեփական խոսքի մշակում

Հետազոտական աշխատանքի նմուշներ

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, որպես առաջին խոշոր համաբնակեցման փորձ (10-րդ դասարան)
1. Համաբնակեցում տերմինի ներկայացում
2. Մշակութային բախման և փոխառնչակցությունների խնդիրը
3. Քաղաքակրթական երկխոսության ձևավորում
4. Հելլենիզմը, որպես տիրապետող համաշխարհային մշակույթ
5. Առկա փորձի կիրառելիության կամ կիրառվող ձևերն արդի փուլում, նոր տեխնոլոգիաների և միջոցների տեսքով:

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (11-րդ դասարան)
1. Երևույթի դրական կամ բացասական ասպեկտի կիրառում
2. Ռուս կերպարի ընկալումը հայկական շրջանակներում
3. Իրական էթնոձուլման վտանգ, թե գոյության պահպանում
4. Պատմական կենսափորձը, որպես արդի փուլի կողմնորոշման միջոց:

Նախագծային աշխատանքի նմուշներ (նախագծի մշակման և իրականացման մասին՝ հոդվածում)
  1. Վարդանանք, թե կեղծիք:
  2. Լեզուն որպես ինքնության գործոն:
  3. Քրիստոնեություն. տեսակի արտահայտում, թե ինքնության բաղադրիչ:
  4. Հյուսիս, թե արևմուտք: Ինքնուրույն մտածելու պակասը:

Ուսումնական նախագծեր են իրականացվում կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և իրենց մեջ հասարակագիտական կամ պատմական բաղադրիչ պարունակող ուսումնական տոների, ծեսերի, ստեղծագործական հավաքների փառատոների բովանդակության համապատասխան. հանդիսանում են այս ծրագրի բովանդակային և գործնական մասի բաղկացուցիչը: 

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունները կիսամյակի ընթացքում կազմակերպվում են ճկուն և շարժական գրաֆիկով` առարկայական բովանդակությանը և խնդիրներին համապատասխան: Դրանք իրենց մեջ ներառում են ինչպես հայրենագիտություն, այնպես էլ ուսումնահետազոտական բաղադրիչ (օրինակ` այցելություն հնավայրեր և դաշտային աշխատանքների ծանոթացում):     

Սովորողի ստուգման և գնահատման կարգ

Գնահատումն իրականացվում է կրեդիտային համակարգի կիրառման արդյունքում, սովորողի կուտակած միավորների թվային գումարի միջինի հիման վրա:
Առավելագույն 10 կրեդիտը սովորողները ձեռք են բերում հետևյալ սկզբունքով`
Ա.Կիսամյակային լիարժեք հաճախում` 1 կրեդիտ
Բ. Մասնակցություն մեդիաօլիմպիադաներին` խրախուսական մրցանակ` 1 կրեդիտ, գլխավոր մրցանակ` 2 կրեդիտ:
Գ. Մասնակցություն ուսումնահասարակական նախագծերին` 1 կրեդիտ
Դ. Բանավոր և գրավոր պատասխաններ, ուսումնական նյութերի և փաթեթների ստեղծում և ներկայացում` 3 կրեդիտ:
Ե. Ուսումնահետազոտական աշխատանքներ` 2 կրեդիտ:
Զ. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին` 1 կրեդիտ:

Ուսումնական գրականության, կայքերի և ֆիլմերի ցանկ

1. 10-րդ դասարանի «Հայոց Պատմություն», հանրակրթական դասագիրք, Եր., 2009թ.:
2. 11-րդ դասարանի «Հայոց Պատմություն», հանրակրթական դասագիրք, : Եր., 2009թ.:
3. 10-րդ դասարանի «Համաշխարհային Պատմություն», հանրակրթական դասագիրք, : Եր., 2009թ.:
4. 11-րդ  դասարանի «Համաշխարհային Պատմություն», հանրակրթական դասագիրք, Եր., 2009թ.:
5. ՀՀ ԳԱԱ, «Հայոց պատմություն» բազմահատորյակ (հրատարակության սկիզբ` 2008թ.):
6. Դասական պատմագրության շարք (Խորենացի...Չամչյան)
7. Բագրատ Ուլուբաբյան, Զրուցարան, հտ. Ա, Բ, Եր.,  1987 թ., 1997թ.:
8. http://www.academhistory.am/
9. http://armhistory.ru/publ
10. http://www.findarmenia.com/arm/history
11. http://freebooks.do.am/load/23
12. http://noravank.am/
13. http://www.armin.am/
14. Կիլիկիայի Ֆենոմենը (ֆիլմ)
15. Սարդարապատ դե Ժավյու (Ֆիլմ)
16. «Արարատ, Հայոց անմահության խորհուրդը»
17. Ֆիլմաշար նվիրված Հայաստանի անկախության 10-ամյակին (պատմություն, հայրենագիտություն, ազգագրություն, հնագիտություն)

Վահրամ Թոքմաջյան

Արտակ Զարգարյան