• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղթողների թվում են հայաստանցի դպրոցականներ

Արդեն երկրորդ տարին է, ինչ Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ Վրաստանի կրթության  եւ գիտության նախարարությունն ու  Շոթա Ռուսթավելու անվան գիտական ֆոնդը համատեղ անց են կացնում պատանի գյուտարարների «Լեոնարդո դա Վինչի» միջազգային մրցույթը, որի նպատակն է խրախուսել գյուտարարական ունակություններով օժտված երեխաներին եւ նպաստել նրանց գործնական հմտություն-կարողությունների  զարգացմանը:

Շոթա Ռուսթավելու ֆոնդի էլեկտրոնային բազայում Վրաստանի հանրային եւ մասնավոր ուսումնական հաստատությունների կողմից գրանցված  299 նախագծից հանձնաժողովը, ցուցադրման համար,  ընտրել էր 36-ը, որին ավելացավ Հայաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի աշակերտների կողմից ստեղծված 8 նախագիծ: Աշխատանքները վերաբերում էին  ֆիզիկայի, քոիմիայի, կենսաբանության, աստղագիտության առարկայական ուղղություններին, նաեւ՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, ինժեներական բնագավառներին: 
  Բոլոր նորարարական աշխատանքները զետեղված  էին «Էքսպո Ջորջիա» ցուցասրահի տաղավարներում: Գնահատելով հորինված գործերը՝  հանձնախումբը մրցութային տեղերը  բաժանեց հետեւյալ կերպ՝ «Գրանպրի» անվանակարգում հաղթողին տրվեց արտասահմանյան ուղեգիր՝ ուսումնա-ստեղծագործական շրջագայությամբ, առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար՝ 5 հազար լարի եւ նոութբուք, երկու  երկրորդ  տեղերը զբաղեցնողներին՝ 3000-ական լարի, նոութբուք, երկու երրորդ հորիզոնականները նվաճածներին՝ 2000-ական լարի, նոութբուք, տարբեր անվանակարգերի համար՝ «Բիլայն» ընկերությունը պարգեւատրեց բջջային  հեռախոսներով:
Ցուցադրված աշխատանքներն  այնքան ուշագրավ էին, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Խատիա Դեկանոիձեն դրանց մասին իր ելույթում հիացմունքով ու գոհունակությամբ արտահայտվեց  եւ  շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, մաղթեց նորանոր ձեռքբերումներ:
 Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատվիրակության կազմում էին Կոմիտաս Օդաբաշյանը, Դավիթ Աբգարյանը, Վահե Ղարիբյանը, Արարատ Միդոյանը՝  Լեւոն  Արամյանի եւ Սերգեյ Բրուտյանի  ղեկավարությամբ: Վահե Ղարիբյանի եւ Արարատ Միդոյանի ուժերով պատրաստված արեգակնային ֆիլտրի եւ սիրողական աստղադիտակի միջոցով կարելի է չափել արեգակի ակտիվությունը, որը օգնում է մարդկանց  զերծ մնալու արեգակնային ակտիվության հետեւանքով առաջացող հնարավոր խնդիրներից: Հենց այս աշխատանքն էլ գրավեց մրցանակային 2-րդ  տեղը: 
Մեզ մնում է շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությանը՝ ի դեմս նախարար պարոն Արմեն Աշոտյանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  տնօրեն  Աշոտ Բլեյանի, համալիրի մանկավարժներին, մեր շնորհալի, բանիմաց ու խելացի սաներին եւ նրանց ծողներին, միջոցառմանը արձագանքելու եւ փայլուն մասնակցություն ցուցաբերելու համար:
Թող այս գեղեցիկ, մտերմիկ ու բարեկամական կապն ու համագործակցությունը, որ ստեղծվել է մեր երկու նախարարությունների միջեւ եւ, որը հատկապես վերջին տարիների ընթացքում նոր լիցք ու թափ է առել, է՚լ ավելի խորանա ու մերձենա՝ ի շահ մեր երկու երկրների եւ ժողովուրդների:

Աղբյուրը` http://www.vrastan.ge