• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում...Բարձունքի գրավում...Ընկերության սկիզբ... Գեղարքունիքի մարզ, Սուրբ Խաչ սար

 

Սովորական հինգշաբթի օր էր: Դպրոցից եկա ու անմիջապես գնացի իմ դասասենյակը: Դուռը բացեցի և շատ զարմացա: Ես չգիտեի, որ այդ օրը հյուրեր ունեինք: Նրանք <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրից էին: Անմիջապես նկատեցի ընկեր Գայանեին: Հիշեցի, որ ընկեր Գայանեն խոստացել էր, որ նորից է գալու այստեղ, արդեն իր սաների հետ: Սկսեցի ծանոթանալ նրանց հետ, սկզբից շատ անսովոր էր, մի քիչ դժվար: Իմացա, որ հաջորդ օրը պետք է բարձրանանք Սուրբ Խաչ ուխտագնացության: Ես ասացի , որ չեմ կարող բարձրանալ այնտեղ <<Ես ուր՜, Սուրբ Խաչն ուր՜>>:

Մեր ղեկավարներն ու ընկեր Գայանեն որոշեցին, որ տղաները՝ Արամը, Արայիկն ու Էրիկը պետք է մնան մեզ մոտ մինչև երեկո: Տղաները չէին ուզում առանց ընկեր Գայանեի մնան , խնդրում էին, որ նա էլ մնա: Սակայն ընկեր Գայանեն գնաց, նրանց թողնելով <<մեր ձեռքերում>>: Տղաները միանգամից գնացին ֆուտբոլ խաղալու: Բոլորն էլ լավ էին խաղում, մանավանդ Էրիկը: Խաղից հետո գնացինք ճաշարան՝ ընթրելու: Հետո դարձյալ անցանք խաղի: Հանկարծ հեռվից տեսա , որ Արամը մեր տղաներին <<Բրեյք դանս>> է սովորեցնում: Բոլորս հավաքվեցինք նրա շուրջը: Ի դեպ ասեմ, որ շատ լավ էր պարում: Դուրսը ցրտեց, բոլորս բարձրացանք աղջիկների խումբ: Տղաների ժամանակը լրացել էր ու ընկեր Գայանեն եկավ տղաների հետևից: Կարճ ժամանակահատվածում այնպես էինք ընկերացել ու մտերմացել, որ ոչ մենք և ոչ էլ տղաները չէինք ուզում բաժանվել: Բայց ինչ արած պետք է գնային, քանի որ առավոտյան բարձունք ունեինք հաղթահարելու: Անհամբեր սպասում էինք հաջորդ օրվան: Ես երբեք չէի պատկերացնում, որ կբարձրանամ այդքան բարձր սար, չգիտեմ ինչու շատ էի ուզում գնալ այդ ուխտին: Առավոտյան մեր տնօրեն պարոն Նալբանդյանի թույլատրությամբ մանկատան 7 սաներով միացանք <<Սեբաստացիներին>> ու ճամփա ընկանք: Ճանապարհը դժվար էր, բայց տրամադրող, ոչ միայն պետք է հաղթահարեինք բարձունքը, այլ պետք է հաստատեինք մեր ընկեության սկիզբը: Երգն ու խինդն էր մեր ուղեկիցը: Սարը բարձրանալիս տղաները հոգնել էին, չնայած դրան մեզ՝ աղջիկներիս, օգնեցին բարձունքի հաղթահարմանը: Սարի գագաթին կար Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ եկել էին ուխտի մոտակա բնակավայրերի բնակիչներ: Մեր դրոշներն ու հաղթական երգերը գրավեցին բոլորի ուշադրությունը: Այնքան լավ էր այնտեղ, որ չէինք ուզում վերադառնալ: Մեծ տպավորություններով վերադարձանք մանկատուն:

Հիմա հասկանում եմ, որ մեր բաժանումը դժվար է լինելու: Հույս ունեմ, որ նրանք կրկին կայցելեն մեզ....

 

                   Մանկատան սան՝ Լարիսա Քոչարան