• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օլիմպիա, թե՞ Փառանձեմ

Սեպտեմբերի 25-ին, ՀՀ Հանրային հեռուստատեսության «Հայոց հարց» հաղորդաշարի թեման է հայոց թագավոր Արշակ Երկրորդը: Նախապես որոշված էր, որ հանդիպման չորս բանախոսներից մեկը լինելու է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Սակայն տիար Բլեյանն ինձ առաջարկեց հանդես գալ որպես բանախոս, որի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը և հաղորդաշարին ընդառաջ ներկայացնում եմ մի քանի պնդումներ` կապված Արշակ Երկրորդի հետ:

Արշակ Երկրորդ - հայոց թագավոր 350-368 թվականներին:

Ընդհանրապես, ցանկացած գործչի կամ թագավորի անդրադառնալիս, ուսումնասիրելիս կամ ներկայացնելիս, հարկ է անդրադառնալ մի քանի խնդիրների.

  • Ի՞նչ է տվել նա պատմությանը:
  • Ի՞նչ պետք է սովորել նրանից:
  • Ի՞նչ կիրառելիություն ունի տվյալ անձը արդի փուլում:

Այս բոլոր առումներով, թերևս մենք թերանում ենք, քանի որ մեր հանրակրթական դասագրքերում, պատմությունը ներկայանում է անցյալականության քողի ներքո: Բացակայում է քննադատությունը, վերլուծությունը, կապը առօրյա իրողությունների հետ: Այնինչ, ժամանակակից աշխարհում, մեծ ազգերը քննադատել և այլ լույսի ներքո են ներկայացնում իրենց պատմությունը, ցույց տալով դրա իրական կիրառելի կողմերը: Ֆրանսիացին արդեն չի ապրում 200 տարի առաջ գոյություն ունեցող Նապոլեոնով, իսկ հայը ապրում է դեռ 2000 տարի առաջ գոյություն ունեցած, բայց խիստ հարցականներով լեցուն Տիգրան Մեծով: Նույն գնահատականն է նաև Արշակ Երկրորդի պարագայում: Մենք թողած իրական Արշակ Երկրորդին, ներկայացնում ենք հողի հեքիաթ, սերմանելով կայացող քաղաքացու մեջ սահմանափակ քաղաքական ու տրամաբանական միտք: Ուշադրություն չենք դարձնում այն հանգամանքին, որ Արշակի գահակալության առաջին փուլում, պետություն-եկեղեցի հարաբերակցությունը օրինակելի իրողություն էր ամբողջ պատմության մեջ և դրանից սովորելը շատ օգտակար կլիներ նաև մեր օրերում: Չենք անդրադառնում Արշակի վարած իրական կադրային քաղաքականությանը, որը բացառիկ երևույթ էր, հատկապես միապետական կարգի պայմաններում: Պաշտոններ տալ արժանավորներին, սա պետք է ընկած լինի ցանկացած կայացող կամ կայացած պետական համակարգի հիմքում: Սա հասկանում էր Արշակը 17 դար առաջ, մենք չենք հասկանում 17 դար հետո: Պատմության բազմաթիվ թնջուկային հարցերում, շատ կարևոր հանգամանք է կենցաղը, որի մասին, չգիտես ինչու, մենք միշտ խուսափում ենք խոսել: Իրերն ունենում են իրենց արտաքին և ներքին կողմը, իսկ ներքին կողմը, որպես կանոն, իր ինտրիգներով և խարդավանքներով հանդերձ, շատ ավելի է շատ է ազդում իրերի ուղու վրա: Այս առումով, Արշակի անձնական դրաման` Արշակ-Փառանձեմ-Օլիմպիա և դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները, ներկայացվածից առավել քան ազդել են Արշակ տեսակի ձևավորման և այդ փուլի հոլովույթների կայացման վրա, ինչը, սակայն մեր դասագրքերում շատ քիչ կամ ընդհանրապես չի լուսաբանվում: Արշակ Երկրորդը, խիստ սահմանափակ է ներկայացված նաև համացանցում: Եղած հիմնական նյութը չոր փաստագրում է, երբեմն ակնհայտ սխալներով: Ձեզ եմ ներկայացնում համացանցում եղած նյութերի մի մասը և գրականությունը: Խնդրում եմ արտահայտեք Ձեր վերաբերմունքը այս թեմայի ու ընդհանրապես Արշակ Երկրորդի վերաբերյալ:

Հայ Ժողովրդի Պատմություն, հատոր 2, Երևան 1984:

Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց:

Ղազար Փարպեցի, Պատմություն Հայոց:

Հայոց Պատմություն, Հանրակրթական դասագիրք 7-րդ դասարանի համար, Երևան 2008

Հայոց Պատմություն, Հանրակրթական դասագիրք 10-րդ դասարանի համար, Երևան 2009: