• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ

 

Հիմնական դրույթներ
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որ նվիրված է հայ գրատպության 500- ամյակին:
Ծրագրի համաձայն  ՀՀ դպրոցներում պետք է կազմակերպվեն մրցույթի խորագրին համապատասխան միջոցառումներ: Որպես օժանդակություն՝ ՔԴԿ-ն պատրաստել է «Գրից մինչև գիրք» ձեռնարկը, սցենարական ուղեցույց և թեմատիկ պաստառ, որ տրամադրվել են բոլոր դպրոցներին:
Մրցույթը անցկացվելու է երեք փուլերով՝ տարածաշրջանային, մարզային, հանրապետական:
Տարածաշրջանային փուլին մասնակցելու համար մրցույթին մասնակցելու պատրաստակամություն ցուցաբերած դպրոցները պետք է հայտ ներկայացնեն ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուին կամ մարզային (Երևանի պարագայում՝ քաղաքային) կրթության վարչություն՝ սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում: Հայտերը ամբողջացնելուց հետո՝ կազմվելու է ժամանակացույց՝ յուրաքանչյուր դպրոց այցելության հստակ օրն ու ժամը ամրագրելով և տեղեկացնելով դպրոցներին: Ըստ տարածաշրջանների ձևավորված հանձնախմբերը ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 1-20-ը, կայցելեն դպրոցներ, տեղերում կդիտեն միջոցառումները և տարածաշրջանից կընտրեն մեկ լավագույնը:
Մարզային փուլին՝ հոկտեմբերի 25-31 ընկած ժամանակահատվածում որևէ օր,  կներկայանան տարածաշրջաններում լավագույնը ճանաչված դպրոցները: Մարզային հանձնախումբը կընտրի լավագույն մեկ միջոցառում, որ կներկայացնի տվյալ մարզը մրցույթի հանրապետական փուլին:
Հանրապետական փուլը կկազմակերպվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ նոյեմբերի 5-8-ը՝ եռօրյա մրցույթ-փառատոնի ձևաչափով: Հանրապետական փուլի գնահատման համար ստեղծված հեղինակավոր հանձնախումբը ներկայացված միջոցառումներից կընտրի լավագույններին «Լավագույն սցենար», «Լավագույն երաժշտական կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում և գլխավոր՝ «Հայրապետական մրցանակ»-ի համար:
Մրցանակաբաշխությունը կիրականացվի հանդիսավոր ցերեկույթի ընթացքում՝ հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի և ներկայությամբ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների: Խրախուսանքի կարժանան ինչպես մրցանակային պարգևների արժանացած դպրոցները, այնպես էլ հանրապետական փուլին մասնակցություն բերած դպրոցները;
 
Աղբյուրը՝ edu.am